Հայաստանին տրված վարկային միջոցներով ՀՀ Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2012-2013 թվականից սկսած գազաֆիկացվել են Արագածոտնի մարզի 12 համայնք: Գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են դեռեւս անցած տարվա ամռանը: Սակայն այդ համայնքների բնակիչները չգիտեն, թե երբ կգործարկվեն գազատարները, եւ երբ իրենք կկարողանան օգտվել կապույտ վառելիքից:
2012-2013 թվականներին գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են Հարթավան, Շենավան, Ծաղկաշեն, Արագած, Ալագյազ, Քուչակ, Հարթավան, Արայի, Վարդենուտ, Ափնա եւ այլ համայնքներում:
Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքը գազաֆիկացվել է, բայց գյուղի ոչ բոլոր բնակիչներն ունեն գազ:
«Մեզ մոտ երկու փուլով է իրականացվել գազաֆիկացման աշխատանքները: Դրանք արդեն ավարտվել են: Հիմա ընդունման-հանձնման գործընթացի մեջ ենք: Նախկինում, երբ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն էր, այդ ժամանակ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը որպես նվիրատվություն տվել է համայնքին, իսկ վերջինս այն տրամադրում էր էներգետիկայի նախարարությանը: Բայց քանի որ հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն է 100 տոկոս բաժնետեր, այս պատճառով այս հանձնում-ընդունումը ձգձգվում է»,- ասաց Ժիրայր Ավետիսյանը:
Արդյունքում՝ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ այդ համայնքների բնակիչները գիտեն, որ իրենց գյուղը գազաֆիկացված է, բայց միեւնույն է՝ իրենք գազ չունեն, եւ կրկին ձմեռը մոտենում է: «Հարթավանում 2012 թվականին գազաֆիկացման աշխատանքները սկսվեցին, բայց հետո՝ 2013-ին, լրացուցիչ աշխատանքներ իրականացվեցին: Բայց հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն գումար չի հատկացնի, որպեսզի գնի գազատարն ու այն միացնի իր հաշվեկշռին: Այս դեպքում Կառավարությունն անվճար պետք է այն հատկացնի ընկերությանը: Իսկ դրա համար էլ պետք է համապատասխան որոշման մեջ կատարվեն փոփոխություններ, որպեսզի խնդիրը կարգավորվի»,-նշեց Հարթավանի գյուղապետը:
Նախկինում խնդիրն ավելի հեշտ լուծելի էր, քանի որ ՀՀ Կառավարությունը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն էր եւ գազատարների արժեքի չափով կարող էր ավելացվել Կառավարության բաժնեմասը: Իսկ այժմ, երբ նախկին «Հայռուսգազարդի» բաժնետոմսերն ամբողջությամբ դարձան ռուսական կողմի սեփականությունը, եւ ընկերությունն էլ անվանափոխվեց «Գազպրոմ-Արմենիա», խնդրի լուծումը դժվարացավ: «Առաջարկ կա, որ գազատարները տան համայնքապետարաններին որպես սեփականություն, վերջիններս իրենց հերթին դրանք տրամադրեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Իսկ դա հնարավոր է անել միայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է հիմա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դանդաղում, Ավետիսյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ գումարի հետ կապված խնդիր կար: Բայց այս պահին հարցի լուծումն այդ ընկերությունից կախված չէ, այլ Կառավարությունից: Ամեն դեպքում՝ մարդիկ անհանգստացած են, ճիշտ է դրանով իրենց բնակարանները չեն ջեռուցելու, բայց կարիք ունեն կապույտ վառելիքի»:
Ի դեպ, գյուղը գազաֆիկացնելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը եւ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը շինարարական մի շարք թերություններ են արձանագրել:
Ըստ Ավետիսյանի՝ հայտնաբերված թերությունների մի մասը վերացվել է, իսկ որոշ խնդիրներ այդպես էլ չեն լուծվել: «Օրինակ՝ մեր գյուղում գազատարի համար անհրաժեշտ պաշտպանիչ ցանց պետք է կառուցեին՝ կայծակից պաշտպանելու համար: Սակայն չեն կառուցել»,- պարզաբանեց Ավետիսյանը: Ի դեպ, Հարթավանում իրականացված շինաշխատանքների գումարի 10 տոկոսը` չորս միլիոն 800 հազար դրամը, հատկացվել է համայնքի բյուջեից: Այս մոտեցումը մյուս համայքների դեպքում էլ է գործել, եւ բոլորը պարտավոր են եղել ֆինանսավորել իրենց համայնքի գազաֆիկացման աշխատանքների նախահաշիվային արժեքի 10 տոկոսը:
Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը դեռ հույս ունի, որ առաջիկայում այս խնդիրը կլուծվի: «Մենք այս հարցով բազմիցս դիմել ենք հիմնադրամին, այնտեղից խոստացել են, որ առաջիկայում մարդիկ գազ կունենան: Մեր գյուղում դեռ նախորդ տարվանից են սկսվել այդ գազատարի շինաշխատանքները: Հիմա էլ ասում են, որ ընդունման-հանձնման խնդիր կա: Իսկ թե դա երբ կվերջացնեն, Աստված գիտի»,- նկատեց Շենավանի գյուղապետը:
Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ Կառավարությունն առաջիկայում համապատասխան որոշում կկայացնի, խնդիրը կլուծվի, եւ շուտով մարդիկ գազ կունենան:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի շարք գյուղերում այս տարվա ամռանը, համոզված լինելով, որ գազը շուտով կմիացնեն, նաեւ ներտնային գազաֆիկացման աշխատանքներն են իրականացվել, որոնց համար արդեն գյուղացիները, կամ ինչպես ընդունված է ասել՝ ապագա բաժանորդներն են վճարել` 1 մետրի համար 2 հազար 800 դրամ սակագնով: Այսինքն՝ մեկ տան գազաֆիկացումը 100 հազար եւ ավել դրամ է արժեցել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԳՅՈՒՄՐԻՆ «ՇՆՉԱՀԵՂՁ» ԿԼԻՆԻ
Գյումրիում մեկ շաբաթ է՝ ծառերի էտման աշխատանքներ են իրականացվում: Դրանք շարունակվելու են մինչեւ դեկտեմբերի կեսերը: Որոշումը կայացրել է քաղաքապետարանը, քանի որ ծառերի «հանգստյան» շրջանն է, եւ էտումը նպատակահարմար է: Էտումն իրականացնող քաղաքապետարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին ասացին, որ ընդամենը կտրում են ավելորդ ճյուղերը: Նաեւ նշեցին, որ էտված ճյուղերով լուծվելու է անապահով ընտանիքների վառելիքի հարցը. քաղաքապետարանը հավաքված վառելափայտը հատկացնելու է նրանց:
Մինչդեռ քաղաքի բնապահպաններն ահազանգում են: Նրանք գտնում են, որ ծառերն էտվում են չափազանց խորքից, եւ մասնագետ-բնապահպանի խորհուրդը հաշվի չի առնվում: Նրանք նաեւ գտնում են, որ քաղաքի սոցիալական խնդիրները չի կարելի լուծել բնապահպանության հաշվին: Բնապահպանների մտահոգությունը միայն ծառերի սխալ էտումը չէ, առավել մտահոգիչ է պարբերաբար հատումը, որն իրականացվում է մե՛կ քաղաքաշինության, մե՛կ այլ նպատակների համար: Իսկ քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության բաժնից վստահեցնում են, որ ոչ մի ծառ իրենց կողմից չի էտվում կամ հատվում առանց բնապահպանական տեսչության թույլտվության, հակառակ դեպքում՝ իրենք կտուգանվեն:
Մեզ հետ զրույցում բնապահպաներն ասացին, որ իրենք թերահավատորեն են մոտենում պատասխանատուներին, քանի որ սովորական աչքն էլ ծառերի «սպանդը» տարբերում է սանիտարական էտումից: Նրանց ահազանգմամբ՝ Գյումրիի էկոլոգիան առանց այդ էլ մաքուր չէ, քաղաքը փոշոտ է, կանաչապատ տարածքները՝ քիչ: Եվ եթե ծառերի էտում ասվածն ամեն տարի նման կերպով իրականացվի, ապա ընդամենը մի քանի տարի անց քաղաքն ամբողջությամբ շնչահեղձ կլինի:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԲԱՆԿԸ ԿԱՆԻ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ հայտարարել է, որ 2015 թ. պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ այդ լրացուցիչ գումարը պետբյուջեից չի վճարվելու: Բյուջեից վճարելիք գումարը հաշվարկվելու է 411 դրամով: Իսկ դրամի արժեզրկման հետեւանքով առաջացած կորստի ռիսկը, փոխնախարարի խոսքով, իր վրա է վերցնելու Կենտրոնական բանկը:
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը APA-ին հայտնել է, որ կարդացել է հաղորդագրությունն այն մասին, որ հատուկ գործողություն է իրականացվել՝ դուրս բերելու Լեռնային Ղարաբաղում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները: «Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է, որի կրկնությունից պետք է խուսափենք ապագայում: Մենք կոչ ենք անում կողմերին լինել զուսպ, ուշադրությունը կենտրոնացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորման վրա: Լարվածության աճն ու դիմակայության սրումը կհարվածի խաղաղ բանակցություններին, կբարդացնի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծումը»,- նշել է դիվանագետը: