ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Երեկ Եռաբլուրի զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին եւ լեյտենանտ Ազատ Սահակյանին: Արարողակարգին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ՝ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Նախարարն իր ցավակցական խոսքում նշել է, որ այս տարի դժվարին տարի էր ՀՀ-ի համար, եւ մեր օդաչուներն իրենց կյանքով ապացուցեցին, որ մենք երբեք սխալվելու իրավունք չունենք:

 

 

 
ՀԱՐՑ. Աշխատում եմ: Ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն վեցերորդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են՝ միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ-ի մոտ աշխատողին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ՝ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջելու նախորդ տարիների համար փոխհատուցում:

Հեղինե Գեւորգյան (26 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (այսուհետ` օրենսգիրք) աշխատողին հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը), եւ վճարվում է միջին աշխատավարձ: Վկայակոչված իրավանորմերից ակնհայտ է, որ Դուք նույնպես ունեք ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ամրագրված չէ դրույթ այն մասին, որ աշխատողը կորցնում է ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերից օգտվելու իրավունքը:
Ինչ վերաբերում է չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում պահանջելուն, ապա օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետեւանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ տվյալ դեպքում քաղաքացին իրավունք ունի օգտվելու իր ամենամյա արձակուրդից, իսկ փոխհատուցումը չօգտագործված ամենամյա արձակուրդի համար նա դրամական տեսքով կարող է ստանալ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում միայն:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ինչպե՞ս է տեղի ունենում շահութահարկի հաշվարկների ներկայացումը, այսինքն՝ ի՞նչ կարգով է դա կատարվում:

Դավիթ Աղաբաբյան (49 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկ:
Շահութահարկի հաշվարկը սահմանված ժամկետում հարկային մարմին կարելի է ներկայացնել, մասնավորապես, էլեկտրոնային եղանակով` համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի, կամ ուղարկել փոստով` համաձայն նույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 3-րդ հավելվածի, կամ հանձնել ըստ պատկանելության:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված է հարկ վճարողների համար հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի եւ տեղեկությունների պարտադիր էլեկտրոնային եղանակով ներկայացման ժամանակացույցը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե քաղաքացին համարվում է շահութահարկ վճարող, ապա նախապես սահմանված ժամկետում եւ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներկայացնում է շահութահարկի հաշավարկ: Սակայն որքան էլ որ փորձում են արդարացնել այսպիսի նոր հարկային համակարգի նպատակները, թե իբր hարկերի վճարումներից խուսափելու, ապօրինությունների եւ ստվերային շրջանառության դեմ պայքարելու, թափանցիկ բիզնես միջավայրի ապահովման համար է, այդ ամենը չի գործում, քանի որ խոշոր հարկատուները, ինչպես միշտ, գտնում են օրենքը շրջանցելու եղանակներ, իսկ փոքր ձեռնարկատերերը հայտնվում են սնանկացման եզրին:




Լրահոս