ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ՝ ԲՀԿ-Ն «ԽԱՆԴՈՒՄ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու երեկվա նիստը շատ բուռն ընթացք է ունեցել. քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ կոպիտ նկատողություն է արել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանին, ինչից հետո ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտել են նիստը:

«Տիկի՛ն Պողոսյան, Դուք օպերայում չեք գտնվում, երբ օպերայում կգտնվեք, նոր կխոսեք»,-հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ամեն ինչ սկսել է նրանից, որ Պողոսյանը պահանջել է ձայնի իրավունք եւ չստանալով՝ տեղից իր դժգոհությունն է հայտնել քվեարկվելիք նախագծի շուրջ, որը վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Թ. Պողոսյանի խոսքերով՝ նախագծում այլ թիվ է նշված եղել, բայց ավագանուն ներկայացրել են 7.000 աշխատակցի աշխատավարձի բարձրացման հարց: «Մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում այս որոշման համար: Ինձ համար շատ կարեւոր որոշում էր: Ամբողջ խմբակցության հանդեպ այսպիսի վերաբերմո՞ւնք: Հնչում է յոթ հազար թիվը, սակայն քվեարկության են դնում մի բան, որը նախագծով չկա: Հիմա այս սոցիալական շերտին ուղղում են մեր դեմ: Ասում են` վերջին 3-4 տարում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը չի բարձրացել: 2013 թվականի հունիսին, երբ որ մենք հաստատել ենք այս հարցերը, 2012 թվականից աշխատավարձերը հիսուն տոկոսով ավելացել են»,-հայտարարել է Պողոսյանը: Նախագծին դեմ քվեարկելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամները լքել են նիստերի դահլիճը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ` պարզելու համար, թե ինչո՞ւ իրենք չեն տեղեկացրել ԲՀԿ խմբակցությանը, թե ինչ նախագիծ է դրվում քվեարկության, եւ, ի վերջո, ինչո՞ւ են ԲՀԿ-ին զրկել ձայնի իրավունքից:
-Տիկի՛ն Նահապետյան, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը տեղյակ չէ, թե ինչ նախագծի համար են քվեարկելու, քանի որ նախապես այլ թիվ է ներկայացվել, հետո այլ թիվ դրվել քվեարկության: Ինչո՞ւ:
-Երկու ամիս է, ինչ քննարկվում է Երեւանի՝ 2015 թվականի բյուջեն, որտեղ նախատեսված է եղել աշխատավարձերի բարձրացումը քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի բոլոր ենթակա կառույցների համար: Իսկ քաղաքապետարանի համայնքային ծառայողների աշխատավարձերը հաստատում է ավագանին, ու այսօր (երեկ Ս. Գ.) այդ հարցն էր քննարկվում: Այդ ընթացքում տիկին Պողոսյանը երեւի 15 անգամ ձայն խնդրեց, նախ՝ խոսեց ամբիոնի մոտ, հետո՝ առաձին: Նախ հայտարարեց, թե նպատակահարմար չէ, քանի որ բյուջեն քիչ է: Մենք էլ որոշեցինք, որ ավելի քիչ վերանորոգման աշխատանքներ արվի եւ այլն, բայց բարձրանան աշխատավարձերը, որովհետեւ դրանք մեզ համար ավելի կարեւոր են: Որոշումը, որը մենք ընդունեցինք, վերաբերում էր 1.782 հոգու՝ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատողներին: Իսկ Թամար Պողոսյանն անընդհատ խոսում էր, մենք էլ բացատրում էինք, որ սա բյուջեով է նախատեսված: Այնպիսի տպավորությունն էր, որ ամեն ինչ նորմալ է, բայց նստեց իր տեղում ու նորից սկսեց խոսել, ասել, թե իրենք դեմ են: Անհասկանալի է, թե ինչի՞ն են իրենք դեմ, երբ ԲՀԿ-ի ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի, ինչպես իրենք են մշտապես հայտարարել:
-Բայց Թամար Պողոսյանը հայտարարել է, որ իրենք այդ նախագծի մասին այլ տեղեկություն են ունեցել, մինչդեռ ուրիշ նախագիծ է դրվել քվեարկության: Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությանը նախքան քվեարկությունը չի տեղեկացվել դրա մասին:
-Տեղեկացնեմ, որ երկու ամիս առաջ բաժանվում են նախագծերը, անցկացվում են հանձնաժողովի նիստերը, որոնց ժամանակ մանրամասն քննարկվում է հարցը, որից հետո հանձնաժողովը տալիս է իր կարծիքը: Եթե անհասկանալի էր, թող այդ եզրակացության ժամանակ գրեին, որ չեն հասկացել: Ու այդքանից հետո հայտարարում են, որ չե՞ն հասկացել, թող հասկանան, մենք այդտեղ ի՞նչ մեղք ունենք:
-Գուցե այս ամենը պարզապես ԲՀԿ-ի դեմ է արվո՞ւմ, արդյո՞ք դա կապված չէ ԲՀԿ-ի` վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեության հետ:
-Ո՛չ, նման բան չկա, Դուք կարող եք տեսնել, թե ինչքան ժամանակ է տրամադրվել Թամար Պողոսյանին խոսելու, արտահայտվելու համար: Ու նաեւ կարող եք տեսնել, թե քանի անգամ է նա տեղից միացնում միկրոֆոնն ու խոսում: Կարող եք նաեւ արձանագրությունները վերցնել, որտեղից պարզ երեւում է, որ իրենք հանձնաժողովներին մասնակցել են, հարցերը քննարկել են: Այսինքն՝ իրավունքի ոչ մի ոտնահարում չկա… Կամ որ իրենք տեղյակ չլինեն ինչ-որ նախագծից, նման բան չի կարող լինել: Ուղղակի ես մի բան կարող եմ ասել՝ սա իրենց համար ընդունելի չեղավ նրա համար, որ մշտապես իրենք են խոսել սոցիալական հարցերի վերաբերյալ, բարձրաձայնել դրանց լուծման մասին, պահանջել, որպեսզի աշխատավարձերի բարձրացում լինի, բայց այս անգամ ուրիշ կերպ է ստացվել, ՀՀԿ-ն է առաջարկում այդքան մարդկանց աշխատավարձերի բարձրացման հարցը, ինչը նրանք չեն ուզում: Ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում:
-Իսկ ինչո՞ւ Տարոն Մարգարյանը նման կոպիտ ձեւով արձագանքեց Թ. Պողոսյանին, նախ հեգնեց, ապա արգելեց նրան ձայն տալ, դա չի՞ վկայում, որ ԲՀԿ-ի դեմ տրամադրվածություն կա:
-Կոպիտ բան չկար: Պողոսյանը միկրոֆոնն անընդհատ միացնում ու գոռում էր, դրա համար քաղաքապետն արձագանքեց, որ դու օպերայում չես, որովհետեւ նիստը տապալվում էր նրա այդ վարքի պատճառով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿԱՅՈՒՆԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ

«Նասդաք Օէմէքս Արմենիա» բորսայում օրերս ամերիկյան դոլարը գնվել է 435 դրամ միջին փոխարժեքով: Մեկ օրվա ընթացքում դոլարը թանկացել է 4,7 տոկոսով կամ 17 դրամով: Դոլար-դրամ փոխարժեքի տատանման վտանգների, ֆինանսական շուկայում դրա շուրջ առաջացած խուճապի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց տնտեսագետ Հայկ Սարգսյանի եւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ: Վերջինիս կարծիքով դոլարի փոխարժեքի տատանումները բնական են, եւ շուտով վիճակը կկարգավորվի:

-Պարո՛ն Մանասերյան, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դրամի արժեզրկումը:
-Առաջին հետեւանքը ներկրվող ապրանքների գների բարձրացումը կլինի: Սակայն պետք է նշեմ, որ ես բացառում եմ դրամի արժեզրկման շարունակական բնույթ կրելը եւ կարծում եմ, որ հայկական դրամը կայունացման փուլում է: Այն, ինչ եղավ, արդեն եղել է, եւ այսուհետ պետք է ակնկալել արդեն շատ ավելի կանխատեսելի իրավիճակ:
-Իսկ դոլարի փոխարժեքի բարձրացումը ինչի՞ հետ եք կապում:
-Դոլարի փոխարժեքի բարձրացումն առաջին հերթին պայմանավորում եմ արտաքին գործոններով, տարածաշրջանային զարգացումներով, ԱՄՆ-ի տնտեսության զարգացման տեմպերով, որն անդրադառնում է իրենց ազգային արժույթի` դոլարի վրա: Բացի այդ՝ նկատենք` անբարենպաստ վիճակ է ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար: Այս ամենը չի կարող իր անդրադարձը չունենալ Հայաստանի վրա, եթե ամառվա ամիսներին գործարար աշխուժությունը կանխել էր այդ վիճակը, եւ դրա հաշվին տեղի չունեցավ դրամի անկում, ապա հիմա արդեն դոլարի փոխարժեքի բարձրացումն անխուսափելի դարձավ:

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, ինչո՞վ եք պայմանավորում դրամի արժեզրկումը, եւ ինչպիսի՞ զարգացումներ կարող ենք ակնկալել ֆինանսական շուկայում:
-Պատճառները շատ ավելի խորն են, քան երբեմն ներկայացվում է: Իրավիճակի սրումը դեռեւս երկարաժամկետ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Իմ գնահատմամբ` հետեւանքները բացասական են հասարակության այն շերտերի համար, որոնք ցածր դրամական եկամուտներ ունեն: Դրամի արժեզրկումն ավելի շատ հենց նրանց է վնասելու: Սա նման է 2009-ի մարտին: Այն ժամանակ, իհարկե, քաղաքական դրդապատճառներ չկային: Իսկ հիմա քաղաքական իրավիճակ կա Ռուսաստանում, որի արձագանքը եղավ նաեւ սա, որովհետեւ, ի վերջո, ռուսական տնտեսության ներկայացվածությունը Հայաստանի բանկային համակարգում զգալի է, գումարած մեր տնտեսության անմխիթար վիճակը: Բայց նման իրավիճակները ֆորսմաժորային չեն, սրանք կանխատեսելի էին եւ տեսանելի դեռեւս մարտ ամսից:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՑՐԵԼ Է ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ձկնորսական տնակ եւ լճակներ, որի մեկնարկային գինը սահմանվել է 66 միլիոն 902 հազար դրամ: Այս պահի դրությամբ գնային առաջարկ չկա: Օրերս էլ աճուրդի էր հանվել անասնաֆերմա: Ինչպես հայտնի է՝ մինչ աճուրդի հանվելը գույքը պետք է գրավի առարկա եղած լինի: Այսինքն՝ տնտեսվարողները չեն կարողացել կատարել իրենց վարկային պարտավորությունները, եւ կորցնում են ունեցվածքը: Սիսի գյուղապետ Արմեն Եղյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողն ինչո՞ւ է նման ծանր վիճակում հայտնվել: «Դրանք գործող լճեր են, ժամանակին նորմալ գործել են, բայց հետո գումարի հետ կապված խնդիրներ ունեցան, դրա համար էլ գրավադրեցին իրենց ունեցվածքը: Իրենք նույնիսկ գյուղապետարանին ունեցած հողի հարկը չեն մարել: Տերը մեր գյուղի բնակիչ չէ»,- տեղեկացրեց Սիսի գյուղապետը:

 

ԵՏՄ-Ի  ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Շաբաթ օրը տեղի կունենա Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ կոմկուսը որոշել է լայնամասշտաբ համագումար անցկացնել եւ ապահովել, որ «դրսից», իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի Դաշնության կոմկուսի ղեկավարի մակարդակով ներկայացուցչական մասնակցություն լինի: Հայաստանի կոմկուսում անգամ հույսեր են տածում, որ իրենց համագումարին կմասնակցի նաեւ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, որը տվյալ դեպքում, որպես մեծ եղբայր, կլինի ամենասպասված հյուրը:
ՀԿԿ-ի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ համագումարին ներկա լինելու հրավեր ուղարկվել է ՌԴ-ի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին, իսկ կգա՞ արդյոք նա, թե՞ ոչ, դեռեւս անհայտ է:

 

ՀԵՐԹԸ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի խորհրդարանական քննարկումը, ամենայն հավանականությամբ, առաջիկա քառօրյայում տեղի չի ունենա: «Օրակարգը սահմանում է Ազգային ժողովի նախագահը, ԱԺ քառօրյային նախորդող ուրբաթ օրը: Ինձ հասած նախնական տվյալների համաձայն՝ առաջիկա քառօրյայում սպասվում է պետական բյուջեի նախագծի քննարկումը: ԵՏՄ-ի պայմանագիրը կընդգրկվի՞ առաջիկա քառօրյայի օրակարգում, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- պատասխանեց պատգամավորը:

 




Լրահոս