ՇԱՐՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուշեղ Պետոյանի անուն-ազգանունը խորհրդարանում բացառիկ դեպքերում հնչողներից է: Նա իր պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

Արթիկում ծնված քառասնամյա այս պատգամավորն ավարտել է մայրաքաղաքի «Հրաչյա Աճառյան» համալսարանը, ինչից հետո, սակայն, զգացել է, որ ստացած կրթությունը չի կարող իրեն բավարարել, ուստի 29 տարեկան հասակում էլ ավարտել է ագրարային համալսարանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանում սովորելու տարիներին՝ 1991-1993-ին, նա աշխատել է նաեւ «Արթիկտուֆ» միավորումում որպես որակի հսկիչ: Ավելին՝ անգամ հասցրել է 1993-1994-ին էլ բանակում ծառայել:
Սա, իսկապես, բացառիկ մի բան է, եթե հաշվի առնենք, որ համալսարանը հեռակա բաժին չի ունեցել: Պետոյանն այն ավարտել է 21 տարեկանում, այսինքն՝ սովորել է չորս տարի առկա բաժնում, այդ ընթացքում աշխատել ու դեռ բանակում էլ ծառայել: Պարզ է, որ այստեղ գործ ունենք մի «առեղծվածի» հետ, որը միայն ԱԺ պատգամավորը կարող է մեկնաբանել: Ի դեպ, նա ագրարային համալսարանում էլ սովորել է «թռիչքային» սկզբունքով, որովհետեւ բանակից վերադառնալուց հետո, երբ երրորդ կուրսի ուսանող էր, ծառայության է անցել Արթիկի ՆԳ բաժանմունքում որպես ՃՊԾ ավագ տեսուչ՝ ստանալով ոստիկանության լեյտենանտի կոչում: Ուղիղ տասներեք տարի ծառայել է ոստիկանությունում, իսկ ավագ տեսուչի պաշտոնը փոխարինել է «Արթիկտուֆ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի, ապա՝ փոխտնօրենի պաշտոններով: 2007-ին, երբ ստանձնել է գլխավոր ճարտարագետի պարտականությունները, անմիջապես նաեւ «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն է հիմնադրել, որի սեփականատերն է հանդիսանում մինչեւ օրս:
Արդեն տեղական բուրժուազիայի շարքերը համալրող Մուշեղ Պետոյանը համալրեց նաեւ ԲՀԿ շարքերը: Դե՛, եթե փող ունի, քաղխորհրդի անդամ է, ուրեմն նաեւ պիտի պատգամավոր դառնար: Եվ 2011-ին ԲՀԿ համամասնական ցուցակով նա մտավ խորհրդարան: Նույնը կրկնվեց նաեւ 2012-ին:
Նշենք, որ Մուշեղ Պետոյանը մինչ այդ երկու անգամ փորձել է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալ, սակայն նրան չեն սատարել հարազատ Արթիկում` նախապատվությունը տալով Մխիթար Վարագյանին: Հենց այս հանգամանքն էլ ատելություն է առաջացրել նրա հոգում. «Արթիկի եկեղեցին խոնարհված վիճակում է, ես ուզում եմ, որ այն անպայման վերանորոգվի, այդ նպատակով տարբեր հիմնարկների մոտ 450 հոգու հրավիրատոմս ուղարկեցի, որպեսզի գան Մշակույթի տան դահլիճ, քննարկենք, հանգանակություն կազմակերպենք ու վերջապես մեր սրբավայրը վերանորոգենք: Վերջը ես ժողովրդի պատգամավորն եմ ու, անկախ նրանից, ով է ինձ ձայն տվել, ով է իմ դեմ դուրս եկել, պիտի մտածեմ բոլորի համար: Ես հրավիրատոմս ուղարկեցի նաեւ քաղաքապետին` Խաչատուր Վարագյանին, բայց հերիք չէ չբարեհաճեց ներկայանալ, մի բան էլ այնպես արեց, որ կիրակի օրը կազմակերպված հանդիպումը ձախողի, դահլիճը տրամադրեց երկուշաբթի, որպեսզի մարդիկ աշխատանքի մեջ լինեն ու չկարողանան ներկայանալ: Էդքանից հետո նրա հետ համագործակցել կլինի՞»: Ահա Մուշեղ Պետոյանի միակ քաղաքական հայտարարությունը:
Այստեղ ուշագրավն այն է, որ նա պատգամավորի պարտականությունը պատկերացնում է խոնարհված եկեղեցին վերակառուցելու մեջ: Բայց արժե՞ր հանուն եկեղեցու պատգամավոր դառնալ, եթե կարող էր նաեւ առանց մանդատի` որպես գործարար լծվել այդ աստվածահաճո գործին:
Մուշեղ Պետոյանը 2012-ին ներկայացրել է իր ունեցվածքի հայտարարագիրը. նա հայտարարագրել է 10 անշարժ գույք, որից 6-ը` շենք եւ շինություն, 1923.65 քմ ընդհանուր մակերեսով, 4-ը` հողամաս: Հայտարարագրել է բեռնատար եւ մարդատար 7 ավտոմեքենա: Տարեկան եկամուտը հաշվետու տարում կազմել է 23 մլն 976 հազ. դրամ (1,5 մլն դրամը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը՝ շահաբաժին): Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 40 մլն դրամ եւ 60 հազ. դոլար: Ունի 50% եւ 23% բաժնեմաս` համապատասխանաբար «Մուշ-Կոլ» եւ «Արթ-Կան» ՍՊԸ-ներում: Հետաքրքիր է՝ Պետոյանն այս ունեցվածքը ձեռք է բերել ոստիկանության տեսո՞ւչ եղած ժամանակ, թե՞ գլխավոր ճարտարագետի պաշտոնը զբաղեցնելիս:
Ի դեպ, որքան Պետոյանն ակտիվ է իր ֆինանսաբեր գործունեության մեջ, նույնքան պասիվ է որպես պատգամավոր: Նրա բացակաների թիվը գերազանցում է ներկաների թվին: Ուշագրավ է, որ նա բացակայել է նաեւ այն ժամանակ, երբ քվեարկվում էր սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը, իսկ ահա շրջանառության հարկի մասին օրինագծին կողմ է քվեարկել:
Նշենք, որ վերջին նախընտրական արշավի ժամանակ արթիկցի մի ծերունի մոտեցել էր Գագիկ Ծառուկյանին եւ խնդրել, որ Մուշեղ Պետոյանին չսատարի, որովհետեւ իրենք կոճակ սեղմող պատգամավոր չեն ուզում, ոմանք էլ հիշեցրել էին Ծառուկյանին, որ Մուշեղը նախկին «գայիշնիկ» է, որն աչքի է ընկել «գայիշնիկի» «մասնագիտական հատկանիշներով»…
Որոշ ժամանակ առաջ լրագրողներից մեկի այն հարցին, թե Արթիկում կրիմինալ կա՞, Մուշեղ Պետոյանը պատասխանել էր, թե ինքը չի հասկանում` ինչ է նշանակում կրիմինալ: Հավանաբար չի ուզում հիշել այն մասին, որ իր եղբորը համարում են Արթիկի «գողականներից», իսկ ահա ինքն էլ ծեծի էր ենթարկել քաղաքացի Սմբատ Պողոսյանին: Երեւի սա ոչ թե կրիմինալ, այլ բարեգործական դրսեւորում էր…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԱՐԱՇԱՀԵ՞Լ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Երեկ պարզ դարձավ, որ փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` Սաղմոսավան համայնքի ղեկավար Ներսես Ավագյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փաստաթղթերը կեղծելը:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանդյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Armlur.am լրատվական կայքի՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում» եւ «Հրապարակ» օրաթերթի՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում» Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված հրապարակումները:
ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավար Ներսես Ավագյանը, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություն տրամադրելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը էական վնաս է պատճառել պետությանը:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչությունը որոշում է կայացրել Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր՝ նոյեմբերի 12-ի համարի հրապարակման մեջ նշել էր, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչները տեղեկացրել էին, որ Օհանավանի գերեզմանոցի հարակից տարածքում մեծ թվով ժանգոտված եւ օգտագործված խողովակներ են լցված: Մտահոգված բնակիչների խոսքով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մտադիր է Սաղմոսավան-Օհանավան ջրագծի խոշոր չափի խողովակները փոխել փոքր, բայց օգտագործված եւ ժանգոտված խողովակներով: Բնակիչները վստահեցնում էին, որ այս ամենն արվում է Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի համար, քանի որ փոքր չափի խողովակների ջուրը կհոսի դեպի Աշտարակ քաղաք, իսկ մեծ չափի խողովակներինը՝ դեպի ՀԷԿ: «Ժողովուրդ»-ի հետ ունեցած դեռ նախորդ զրույցում Սաղմոսավանի գյուղապետ Ներսես Ավագյանը հայտնել էր, որ ինքը նամակ է ուղարկել ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե՝ պահանջով, որ նույն աշխատանքները դադարեցնեն, մինչեւ թույլտվություն չունենան:
Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին գյուղապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք չարաշահել է իր դիրքը, թե ոչ. «Ես կեղծ փաստաթղթեր չեմ տվել: Դրանք կճշտվեն, ես մեղավոր չեմ»: Իսկ ահա «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ՄԱՐԶԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻ  ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզում տեղաց առաջին ձյունը: Մարզի ճանապարհներն ընդհանուր առմամբ երթեւեկելի էին: Սակայն Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին՝ բարձունքի մոտ, կանգնած էին խոշոր բեռնատարներ: «Ֆուռերի» վարորդները չէին համարձակվում դեպի բարձունք առաջանալ, քանի որ թաց ձյան պատճառով բեռնված մեքենաները կարող էին սահել, ընկնել ձորը: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ուղին, որը ձգվում է բարձրադիր, լեռնային տեղանքով, ձմռան ամիսներին երթեւեկության համար խնդիրներ է առաջացնում: Ճանապարհը սառույցով պատվելու դեպքում բեռնատարները չեն կարողանում հաղթահարել լեռնային վտանգավոր, բազում ոլորաններով ուղին:
Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվել է 2001-2003 թվականներին: Տարիների ընթացքում ճանապարհը որոշ տեղերում անբարեկարգ եւ փոսառատ էր դարձել: Երկու տարի առաջ առանձին հատվածներում ասֆալտի ծածկի վերանորոգում կատարվեց: Այդ ճանապարհը կառուցվեց անվտանգության նկատառումներով, շրջանցիկ ավտոճանապարհը սահմանի այդ հատվածում երթեւեկը պետք է զերծ պահեր ադրբեջանական գնդակոծություններից: Սակայն շրջանցիկ ուղին չլուծեց այդ կարեւոր հարցը: Բարձրադիր ճանապարհը եւ դրանով անցնող ավտոմեքենաները լավ տեսանելի են Օդնդաղ սարի փեշերին գտնվող ադրբեջանական դիրքերից: Բացի այդ՝ վարորդները դժգոհում են, որ ճանապարհը կառուցելիս ոլորանները «թարս» են սարքել: Դեպի ձախ ոլորաններում ճանապարհի ծածկը պետք է դեպի ձախ թեքություն ունենա, դեպի աջ թեքության դեպքում՝ աջ:
Սակայն ճանապարհաշինական տվյալ նորմը խախտվել է: Խորհրդային տարիներին գործող Ոսկեպար-Կիրանց ճանապարհը 4 կմ երկարություն ուներ: Իսկ ներկայիս Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհն ունի 11 կմ երկարություն: Կարելի է ենթադրել, թե ինչու են ճանապարհը «բարձրացրել» դեպի լեռները` այն 7 կմ-ով երկար դարձնելով. չէ որ ճանապարհի կառուցման ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն էր: Մինչդեռ կարելի էր ավելի ցածրադիր տեղանքում, հողապատնեշով պատված, ադրբեջանական գնդակոծությունից ապահով ճանապարհ կառուցել, որը կունենար 4-4.5 կմ երկարություն: Անցած 11 տարում շրջանցիկ ճանապարհով երթեւեկած հարյուր հազարավոր ավտոմեքենաներ հավելյալ վառելիք են ծախսել, ուղեւորներն էլ՝ ժամանակ եւ նյարդեր:

 

ԽՈՋՈՅԱՆՆԵՐԸ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿ ԵՆ
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքը գտնվում է ֆինանսական վատ վիճակում: Համագյուղացիներն ասացին, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ այլ անձինք Խոջոյանների ընտանիքին ֆինանսապես օգնել են, լուծվել է ընտանեկան նպաստ տրամադրելու հարցը, սակայն ընտանիքը դեռ գտնվում է տարբեր բանկերից վերցված վարկերի բեռի տակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս