ԼՂ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾԵՆ՝ ԱՆԿԱԽ ՄԵՐ ԿԱՄՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ են սպասվում Լեռնային Ղարաբաղի խնդրում: Ընդ որում չի բացառվում, որ այստեղ գործընթացները զարգանան սրընթաց կերպով:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարելիք այցի առաջին կանգառը լինելու է Հայաստանում, եւ այստեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու են տարածաշրջանային խնդիրները, արցախյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները: Այսօր այդ մասին են պնդում նաեւ միջազգային լրատվամիջոցները:
Ակնհայտ է, որ արեւմուտքը ԼՂ խնդիրը չի դիտարկում որպես առանձին միավոր, այլապես վաղուց գործադրած կլիներ բոլոր ջանքերը դա լուծելու համար: Ուրեմն Արցախյան հիմնահարցն արեւմուտքի համար փոխկապակցված է տարածաշրջանային մյուս խնդիրների հետ: Խնդիրներ, որոնք գնալով անհանգստացնող են դառնում կայունության կողմնակիցների համար:
Ինչպես հայտնի է գնալով թեժանում է իրավիճակը Սիրիայում: Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՆԱՏՕ-ի զորքերը ստիպված եղան ռմբակոծել սեփական ժողովրդին պատերազմ հայտարարած Քադաֆիի նստավայրը, արեւմուտքը փորձում է նույն կերպ միջամտել նաեւ Սիրիայում՝ ըստ էության թույլ չտալով քաղաքացիական պատերազմ: Վերջին շրջանի արեւմտյան տարբեր պաշտոնյաների, մասնավորապես նույն Հիլարի Քլինթոնի հայտարարությունները վկայում են այս մտադրության մասին:
Մյուս կողմից արեւմուտքի համար շարունակում է լուրջ խնդիր մնալ Իրանը: Դատելով տարածաշրջանային զարգացումներից՝ ԱՄՆ-ը կարծես փորձում է լրջորեն զբաղվել նաեւ այս երկրով: Առավել եւս, երբ վերջին շրջանում գնալով լարվածություն է նկատվում նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, որն ամեն րոպե սպառնում է վերածվել ռազմական բախումների: Եվ ահա, տարածաշրջանային այս բոլոր խնդիրները գալիս են լրացնելու Ղարաբաղյան հիմնահարցը՝ գերտերություններին ստիպելով այս հարցերի վերաբերյալ կայացնել կոնկրետ որոշումներ: Տեսակետ կա, որ արեւմուտքը որոշել է այս բոլոր խնդիրները լուծել մեկ փաթեթով, եւ Քլինթոնն այստեղից հեռանալու է լուրջ պայմանավորվածություններով: Այլապես հազիվ թե իր այցից երկու տարի անց ԱՄՆ պետքարտուղարը ցանկանար կրկին գալ այստեղ:

ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ, ԱԿԱՄԱ

Քլինթոնի այցի արդյունքումս չի բացառվում՝ Սիրիայի եւ Իրանի խնդրի համատեքստում աննկատ կերպով, ինքնաբերաբար լուծվի նաեւ Արցախյան հիմնահարցը: Օրինակ՝ ԱՄՆ-ը փորձի զինված ուժեր տեղակայել ադրբեջանաիրանական սահմանի մոտ, ավելի կոնկրետ՝ Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքներում՝ այդպես վերահսկողություն սահմանելով ե՛ւ Իրանի, ե՛ւ Սիրիայի նկատմամբ: Սրանով կլուծվեն բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքների առաջին երկու կետերը՝ փաստացի հայկական ուժերի վերահսկողությունից դուրս կգան ազատագրված տարածքներն, ու այնտեղ կտեղակայվեն խաղաղարար ուժեր: Ու այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ՝ արդյոք այդքանից հետո ԱՄՆ-ը ռազմական գործողություններ կսկսի Իրանի կամ Սիրիայի դեմ: Կարեւորը՝ Իրանի սահմանին զորքերը տեղակայելն է, արդյունքում՝ ձեռքի հետ լուծելով նաեւ իրենց համար գլխացավանք դարձած եւս մեկ հակամարտություն՝ Արցախյան հիմնահարցը:
Այս իրադարձություններից հետո, ըստ էության, չի բացառվում, որ երեւան գա նաեւ ԼՂ խնդրի լուծման պայմանագիրը, ավելին, պարզվի, որ այն ստորագրված է եղել վաղուց, պարզապես կողմերը ցանկացել են այն ժամանակ դա չհրապարակել:
Հիշեցնենք, որ ժամանակին՝ հանրահավաքներից մեկում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնարկել էր նման մի փաստաթղթի մասին: Համենայնդեպս, պետք չէ զարմանալ, եթե առաջիկայում իրականություն դառնա նաեւ նրա այս վերլուծությունը, ինչպես իրականություն դարձան ներքաղաքական խնդիրների, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին ասածները:
Մինչ այդ, սակայն, նկատենք, որ Երեւանում ԼՂ խնդրին է անդրադարձել Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը՝ ասելով, որ պատերազմը կործանարար կլինի տարածաշրջանի երեք երկրների համար. «Բայց հույսներդ չափազանց շատ մի՛ դրեք միջազգային գործընկերների վրա, մենք ամենազոր ու ամենակարող չենք: Յուրաքանչյուր միջազգային դերակատար նախ եւ առաջ իր շահն է հետապնդում: Խնդրի լուծումը պետք է նախ ներսից գտնվի»: Ըստ նրա՝ աշխարհում չկա անլուծելի հակամարտություն. «Շատ բարդ վիճակում, որում երկու պետություններն ապրում են, լավագույն դաշնակիցը հույսն է: Հույս, որ կլինի այլընտրանքային լուծում: Մադրիդյան սկզբունքները լուրջ այլընտրանք են: ԵՄ-ն կարող է աջակցել, որպեսզի դրանք կյանքի կոչվեն»: Բացի այդ, ԼՂ խնդրին է անդրադարձել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ նշելով. «Ղարաբաղյան հարցի լուծումը հանգում է գործարքի. անկախությունը փոխանակել տարածքների հետ: Կան որոշ շրջաններ, որոնք այսօր վերահսկում է ԼՂ բանակը, եւ կա բուն Ղարաբաղի տարածք: Պայմանավորվածությունն ակնհայտ է՝ ԼՂ անկախություն՝ տարածքների դիմաց»: Ընդ որում Հիլարի Քլինթոնից հետո սպասվում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Զատուլինի խոսքերով՝ հավանաբար սեպտեմբերին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս