ԿՄԵԿՆԻ
Ինչպես տեղեկացրել էինք երկու օր առաջ, Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-4-ը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի IBA մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ընկերության միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր: Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ:
ԲԱ ԹՇԵ՞ՐԸ
Անդրադառնալով վերջերս Օբամայի կողմից Դավութօղլուին մատով կանչելու փաստին` ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է. «Ես համոզված եմ, որ Օբաման շատերին կարող է մատով կանչել, կամ Սարկոզին, ծամոն ծամելով, հասել էր Անկարա եւ իրենք վիրավորվել էին: Սակայն ֆրանսիացու կամ ամերիկացու համար դրանք դիմացինի նկատմամբ արհամարհանքի դրսեւորումներ չեն»: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ էին դաշնակցականներն անվերջ հիշատակում Էդվարդ Նալբանդյանի չարչրկված թշերը:
ՀԱՅՏՆԻ ԵԼՔՈՎ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՆ հայտարարած մրցույթին մասնակցելու նպատակով հունիսի 1-ին երկու դիմում է ներկայացվել: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմում ներկայացնողներն են` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը եւ Գայանե Գասպարյանը, որը ներկայում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: Բուհի ռեկտորի թեկնածուների շարքում չկա Սուրեն Զոլյանի անունը:
Մրցույթը կայանալու է հունիսի 12-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետը երեկ էր:
ԶԱՐՄԱՑՈՂ ՉԿԱ
«Իշխան Խաչատրյանը խոսել է որպես մեծամասնական թեկնածու իր ընտրատարածքում եւ ասել է այն, ինչ տեսել է: Ես՝ որպես նույնպես մեծամասնական ընտրակարգով թեկնածու, եւս պետք է ասեմ, որ այո՛, ընտրակաշառքներ եղել են, ո՞վ է զարմանում դրա վրա, կա՞ զարմացող»,-Aravot.am-ին ասել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
ՊԱՇՏՈՆԱԶՐԿՎՈՒՄ ԵՆ
Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: ԲՀԿ-ական մյուս մարզպետ Սերգեյ Բագրատյանը, որը ղեկավարում է Վայոց ձորի մարզը, ամենայն հավանականությամբ, հրաժարական կներկայացնի երկուշաբթի:
ԻՇԽԱՆԸ ԿՄՆԱ ԱԺ-ՈՒՄ
Արդեն որոշված է, որ «Օրինաց երկիր»-ը գործադիրում երեք տեղ կունենա: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարները, ամենայն հավանականությամբ, կպահպանեն իրենց տեղերը: Նրա կարծիքով՝ տրանսպորտի նախարարի պորտֆելը ՕԵԿ-ը չի պահպանի. «Վճռական չեմ կարող ասել, թե որ նախարարությունները կարող են լինել վերջնական»: Բիշարյանը նաեւ հավելել է, որ գործող պատգամավորներից որեւէ մեկին չեն ուղարկելու գործադիր մարմին: