ՇԵՆԳԱՎԻԹՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Շենգավիթ համայնքի բնակիչները պատմեցին, որ իրենք Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ աշխատել են ՀՀԿ-ին ձայներ բերելու համար, սակայն խոստացած գումարները չեն ստացել: Նրանք նշեցին, որ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ է հատկացրել մայիսի 6-ին կայացած ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար: Սակայն համատիրության նախագահներն այդ գումարները չեն բաժանել ժողովրդին: Համենայնդեպս, խոստացված ձայները տասնյակ տոկոսներով ցածր են եղել:
Խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ ԱԺ ընտրությունները ավարտվել են, սակայն  իրենք դեռեւս խոստացված գումարների «հետեւից են վազում»: Նրանք չցանկացան ներկայանալ` ասելով, որ իրենք խնդիրներ կունենան, եթե նշեն իրենց ով լինելը: Միայն ասացին՝ գրե՛ք «քցված քաղաքացիներ», որոնք քվեարկության են գնացել Թումանյան դպրոցում: Նրանք նշեցին, թե կոնկրետ  որ համատիրության ղեկավարներն են այդ գումարները «տակով» արել: «Աէրացիայի Հայրո, Չարբախի Ժենյա, Շենգավիթի Հասմիկ, Յոնջլախի Բաբո, սրանք են էդ մարդիկ, որ խոստացած փողերի կեսն են ժողովրդին տվել, իրանց Շենգավիթում սենց են ճանաչում: Բայց ամենագլխավորը Կոմվոլնու Գրիշն է, որն ընդհանրապես գումար չի տվել: Մենք էլ որ տեսանք մեզ խաբում են, հելել-գնացել ենք թաղապետարան ու թաղապետի հետ հանդիպում պահանջել, որ ասենք մեր գլխին էկածը»,-վրդովված պատմեցին շենգավիթցիները, որոնք ներկայացան «Կոմվոլնու ժողովուրդ»: Նրանց խոսքով՝ արդեն թաղապետարանում իրենց գոռգոռոցներից թաղապետարանի աշխատակիցները խառնվել են իրար: Պարզվել է՝ թաղապետը տեղում չէ, ժողովրդի հետ սկսել է զրուցել ու փորձել է նրանց հանգստացնել Շենգավիթ վարչական շրջանի սպորտդպրոցի տնօրեն, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի մտերիմ «թիկնապահ» Արայիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի եղբայրն է:
Եւ այսպես, Արայիկ Աբրահամյանը զանգահարել է Մարտին Սարգսյանին, որն իր հերթին զանգահարել է թաղապետ եղբորը եւ ասել, որ արագ գնա թաղապետարան ու հարցին մի լուծում տա: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ, հասկանալով իրավիճակի լրջությունը, իր մոտ է հրավիրել համատիրության նախագահին՝ Գրիշին, եւ ստիպել, որ մարդկանց գումարները տա: «Հիմա էլ ասում են՝ Կոմվոլնու Գրիշը փախած ա, ոչ մեկ նրա տեղը չգիտի»,-տեղեկացրին շենգավիթցիները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին եւս երկու օր շարունակ չհաջողվեց կապ հաստատել նշված Գրիշի հետ, որպեսզի պարզաբանումներ ստանայինք:
Փորձեցինք զրուցել համատիրությունների մյուս նախագահների հետ, որոնց անունները նշել էին քաղաքացիները: «Շենգավիթի Հասմիկի» հետ զրույցից տեղեկացանք, որ Հասմիկ Բաղդասարյանը «Հասմիկ» համատիրության ղեկավարն է: Վերջինս խնդրեց, որ իրեն ներկայացնենք այն քաղաքացիների անունները, որոնք զանգահարել են խմբագրություն եւ բողոքել: «Նման բան մեր մոտ գոյություն չունի, բոլոր համատիրության նախագահները, ինչպես բոլորը, աշխատել են ու վերջ, մենք աշխատավարձով ենք մեզ մոտ աշխատողներ պահել, որոնք ստաբիլ իրենց ստացականով վճարվել են, մենք Շենգավիթի թաղապետի հետ ընդհանրապես կապ չենք ունեցել»,-վստահեցրեց տիկին Հասմիկը:
 «Աէրացիայի Հայրոյի»՝  Հայրապետ Հայրապետյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ համատիրությունից ասացին, որ նա «ներկա պահին հիվանդ է, բուլետենի մեջ է»: Ղեկավարի փոխարեն «Աէրացիա» համատիրության աշխատակից Մարինե Սարգսյանը նշեց, թե քաղաքացիների պնդումներն աբսուրդ են. «Էդ թաղապետի պատվի հե՞տ են ուզում խաղան: Սուտ ինֆորմացիա է,  մի՛ հավատացեք,  համատիրությունն ընդհանրապես նման բաների չի խառնվում, առավել եւս նախագահներին գումար չի տրվել»:
Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից նշված «Յոնջլախի Բաբոյին», ապա «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա «Հայկ» համատիրության շենքում բացված ՀՀԿ շտաբի պետն է եղել: Իսկ համատիրության նախագահը Անժելա  Շահբազյանն է: «Ես բան չեմ կարող ասել, քանի որ ինքը Յոնջլախի բնակիչ է, ու ես իր հետ որեւէ կապ չունեմ ու տեղյակ էլ չեմ, թե ինչի մասին է խոսքը: Էն ժամանակ շտաբը եղել ա «Հայկ» համատիրությունում, ու ինքն ա ղեկավարել այն»,-նշեց համատիրության նախագահը:
Օրեր շարունակ չկարողացանք կապվել «Չարբախի Ժենյայի» հետ. մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ, որը եւս հերքեց բնակիչների պնդումները: «Ուրեմն թաղապետարան եկել են բնակիչներ՝ Նորագավիթի հողերի հետ կապված, որոնք հողի պայմանագրեր չեն ունեցել, իսկ ընտրությունների հետ կապված՝ ձեր նշած մարդիկ չեն եկել: Հիմա մենք էդ նորագավիթցիների հողերի խնդիրներով ենք զբաղված»,-եզրափակեց վարչական շրջանի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ գնացել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մոտ եւ խնդրել, որ կուսակցական աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը Շենգավիթ վարչական շրջանում թողնի իրենց վրա` խոստանալով ՀՀԿ-ի համար ավելի շատ ձայն բերել, քան անցած ընտրություններում: Ու հենց այդ պատճառով էլ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժը,  հրաժարվեց պաշտոնից: Հովհաննիսյաններիի եւ Սարգսյանների երբեմնի ջերմ փոխհարաբերությունները հատկապես վերջին շրջանում լարվել են: Իսկ Կադիլակ Սերոժը այժմ Հայաստանում չէ, նա բնակվում է Ավստրիայում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս