ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԽՓԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնապես հաղորդվեց, որ հունիսի 1-ին՝ ժամը 8:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված Հադրութի զորամասում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Սարո Արտյոմի Սամվելյանը:
Նա բանակ է զորակոչվել 6 ամիս առաջ Գյումրու զինկոմիսարիատից:  Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց  զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանը: Նա պնդեց, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զոհվել զինծառայողը, միայն շեշտեց, որ տղան բանակ է գնացել աշնանային զորակոչի ժամանակ:
Պարզեցինք, որ Սարո Սամվելյանը բնակվել է Գյումրու Գոգոլի փողոցում: Նրա դին դեռեւս չի բերվել, բայց հարեւանները  նրանց տանը տեսել են զինվորականների: «Տան միակ տղան էր, դաստիարակված եւ շնորհքով: Թաղի ժողովուրդն ուղղակի ապշած է: Ասում են՝ խփել են, թե ով ու ինչի համար՝ Աստված գիդե: Ափսոս տղա էր»,-մեզ հետ զրույցում պատմեց  թաղամասի բնակիչներից մեկը:
Սարո Սամվելյանը սովորել է Գյումրու թիվ 2 դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Սլավոնական համալսարան, ապա, ուսումը կիսատ թողնելով, մեկնել ծառայության: Զինծառայողի միակ քույրը եւս սովորում է թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանում: Զրուցեցինք վերոհիշյալ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանի հետ. «Կես ժամ առաջ եմ իմացել իմ սանի մահվան լուրը եւ ցնցված եմ: Հավատեցե՛ք, դպրոցի ողջ աշխատակազմը սգում է նրա մահը: Բոլորիս համար շատ դժվար է: Լավ տղա էր, շատ խելացի, համեստ:  Լավ ընտանիք ուներ, լավ ծնողներ: Իմ շրջանավարտն էր, ու գիտեմ, որ որեւէ խնդիր էլ չուներ ընտանիքում»:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս