Հարցազրույց «Ազատամարտի եղբայրություն» կազմակերպության ղեկավար Արարատ Ասրյանի հետ:
-Պարո՛ն Ասրյան, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
-Ինչպես միշտ, խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, քանի որ Սերժ Սարգսյանը գրպանում մշտապես ունի 400 հազար ձայն: Խաղն այնպես դասավորվեց, որ այս 20 տարում կատարված հանցագործությունների ճնշող մասի հեղինակները հայտնվեցին խորհրդարանում ու Սերժի կողքին են, որոնք, սակայն, նրան լքելու են մեկ րոպեում: Համոզված եմ, որ եկել է ժամանակը, երբ Տեր-Պետրոսյանը խոսելու է Սերժի 2007թ. հոկտեմբերին ԱՄՆ հանրապետական կուսակցության հետ ստորագրած պայմանագրի մասին, որից հետո կարելի է ասել, որ Հայաստանում ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, այլեւս գոյություն չունի: Այդ պայմանագրում կան այնպիսի կետեր, որոնք, ՀՀ օրենքների համաձայն, համարվում են հայրենիքի դավաճանություն:
-Եթե նման բան գիտեիք, ինչո՞ւ էիք մինչեւ այժմ լռում:
-Մենք լռել ենք, քանի որ դեռ 2006-ից էինք կանխատեսում, թե ինչ գործողություններ է իրականացնելու Տեր-Պետրոսյանը: Գիտեինք որ պետք է ստեղծի ՀՀՇ-ի նման մի կառույց, որի նպատակը լինելու էր բացել բոլորի դիմակները: Նրա մյուս խնդիրն այն էր, որ ստիպեր Սերժին ստորագրել Ղարաբաղը հանձնելու մասին պարտավորություն: Մենք չենք լռել. այս մասին ասել ենք բոլոր նրանց, ովքեր իրենց համարում էին ընդդիմադիր եւ հետագայում մտան ՀԱԿ: Մենք ստեղծեցինք «Հանուն համայն հայության» միությունը, որի ծրագիրը տպագրվեց «Իրավունք» թերթում: Սակայն քանի որ Աստված ասում է, որ վիճակը դուք եք հանում, բայց ես եմ որոշում, հասկացանք, որ մեր ժամանակը չէ, եւ դեռ պետք է լռենք:
-Հիմա Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում են նախագահական ընտրությունների. արդեն մի քանիսը հայտարարել են առաջադրվելու իրենց մտադրության մասին: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինեն նախագահական ընտրությունները:
-Քանի որ Սերժը չարդարացրեց գլոբալ խաղացողների հույսերը, նա ընդունեց քավության նոխազի իր կարգավիճակը: Նրա իշխանությանը հաշվված օրեր են մնացել: Շուտով բոլորը կսկսեն ցույց տալ իրենց զորությունը. Քոչարյանը մեծ թափով կակտիվանա ու նորից կփորձի ապացուցել, որ Հայաստանի միակ տղամարդը ինքն է ու պետք է փրկի Հայաստանն ու Ղարաբաղը ծախող դավաճան Սերժից: Այնպես, ինչպես դա ժամանակին արեց Սամվել Բաբայանի դեմ: Այս դեպքում եւս հաշվված օրերի ընթացքում բոլորը կլքեն Սերժին, ինչպես լքեցին Սամվելին: 2010թ. «Ա1+»-ին տված հարցազրույցներից մեկում ասել եմ, որ կգա ժամանակ, երբ Սերժ Սարգսյանին կսատարի միայն Ռիտա Սարգսյանը: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղի վերջին ակորդն է. նորից իշխանության բերել Քոչարյանին եւ հեռանալ:
-Ուզում եք ասել, որ քաղաքական իրադարձությունների զարգացումը կանխորոշված է, եւ այն, ինչ Դուք եք ասում, իրականությո՞ւն է դառնալու:
-Ամառվա ընթացքում Սերժը հրաժարական կտա, բայց թե ով կգա իշխանության, Աստված է որոշում: Այս չորս տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն իշխանության է մնացել բացառապես Տիգրան Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի շնորհիվ, որոնք համարվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղի մասնակիցները: Այսօր էլ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ նշանակելով` Սարգսյանն ԱԺ ղեկավարությունը տվեց Քոչարյանին: Հունիսի 4-ին Հիլարի Քլինթոնը գալու է Հայաստան, եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու է նրա հրաժարականի պայմանները, իսկ Տիգրան Սարգսյանին կանչել են Բրյուսել եւ ասել, որ իրենք ամեն կերպ աջակցելու են նրան` դառնալու ՀՀ հաջորդ նախագահը: Սակայն հուլիս ամսին Հայաստանում այնպիսի անակնկալ բացահայտումներ են լինելու, որ ի հայտ եկած նոր խաղացողները փոխելու են Հայաստանի զարգացման ուղին եւ պատմության գիրկն են ուղարկելու բոլոր հին ու իրենց ժամանակն ապրած խաղացողներին:
-Իսկ ի՞նչ է լինելու ՀՀ երեք նախագահների հետ, նրանք ե՞ւս գնալու են պատմության գիրկը:
-Նախկին երկուսը ցանկանում են, որ այս 20 տարվա ընթացքում կատարված հանցագործությունների պատասխանատվությունը փաթաթեն Սերժ Սարգսյանի վզին: Սակայն ես կարծում եմ, որ նախագահը պետք է ազնիվ խաղա: Հիմա մեր երկրում առանց որեւէ առիթի Սերժն ամենաշատ վատությունն ինձ է արել, ուրեմն ի՞նչ, ասեմ, որ բոլոր երեք նախագահների ժամանակ կատարած հանցագործությունները փաթաթեն իր վզին եւ 14 տարի դատեն, հինգ տարի պահեն բերդում եւ հետո ազատե՞ն, ինչպես Քոչարյանը դա արեց Սամվել Բաբայանի գլխին: Կարծում եմ, որ նրանք երեքն էլ պետք է իրենց ամբողջ թալանածը վերադարձնեն ժողովրդին ու իրենց համար հանգիստ ապրեն: Երբ գնան այն աշխարհ, թող Աստծուն տան իրենց արածների պատասխանը:
-Դուք անընդհատ խոսում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տարվող խաղի մասին, եւ ըստ Ձեզ՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, արվում է այդ խաղի շրջանակներում: Ո՞րն է այդ խաղի իմաստը:
-Համարում եմ, որ Տեր-Պետրոսյանը շատ հեռատես անձնավորություն է: Եթե նա ծառայեր հայ ժողովրդին, ապա մենք այլ կարգավիճակում կլինեինք: Երբ ասում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի մարդ, ապա իմացե՛ք, որ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հիմա տեսե՛ք՝ պետության հիմքերը նրա հիմնն է, գերբը եւ դրոշը: Շատ չերկարացնելու համար բերենք մի երկու օրինակ. մեր դրոշը կոչվում է եռագույն, որի թվային գումարը 114 է, մեր այբուբենին փաթաթված եւ, օ, ֆ-ի թվային գումարը նույնպես 114 է: 1995թ. երբ ՀՀ առաջին Սահմանադրության նախնական տեքստը ուղարկել են Եվրոպա, այն ունեցել է 158 հոդված, իսկ Եվրոպայից վերադարձել է 114 հոդվածներով, 2005թ Սահմանադրության նախնական տեքստը ունեցել է 138 հոդված, բայց Եվրոպայից հետ է եկել 114 հոդվածով: Դեկտեմբերի 23-ից օրերը սկսում են երկարել, եւ ապրիլի 16-ին՝ 114-րդ օրը, Հիսուսին խաչել են: 114-ը մահ է: Հասկանալով հայի արժեքը` դրսի ուժերը փորձում են մեզ կործանել մեր ձեռքով: Ես համոզված եմ, որ գիտնական Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամենը գիտի եւ իմանալով հանդերձ` խաղը վարում է:
ՍԵՐԺՆ ԸՆՏՐԵՑ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ