ԱՄԵՆԱՀԱՅԵՑԻ ՄԻՐԳԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի  հանրապետության շուկաներում հայտնվի «ամենահայեցի» միրգը` ծիրանը: Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին ծիրանը բավական թանկ էր, ու ազգաբնակչության միայն ապահովված մասը կարողացավ համտեսել հայկական մրգատեսակը:
2011թ.-ի տարեվերջին՝ լրագրողների հետ հանդիպումներից մեկի ընթացքում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակեց այն ապրանքների ցուցակը, որոնք 2012 թվականին «թանկանալու են կարկուտի պատճառով»: Բացի կարկուտի ավանդական զոհ բանջարեղենից, ըստ վարչապետի՝ ակնկալվում է, որ 2012-ին «ինովացիոն թանկացումներ» կարձանագրվեն նաեւ այլ ապրանքատեսակների շարքում: Այս ցանկում առաջին սյունակը զբաղեցնում է ծիրանը, որը, ըստ կանխատեսումների, ունի թանկացման ամենաբարձր ցուցանիշը՝  20%  գնաճ:  Ձուն եւ խնձորը գրեթե նույնաչափ են թանկանալու՝ մոտ 20-30 տոկոսով, բենզինը՝ 7-9 %-ով,  շաքարը՝ 100 դրամով, իսկ ցանկն 9%-ով եզրափակում է ԱՊՊԱ-ն: Թե ինչու է կառավարության ղեկավարը վերոնշյալ ապրանքների թանկացումները կապում կարկտահարության հետ, բացատրություն եւ տրամաբանություն չենք գտնում:
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարարը դեռ չի հաստատել՝ «ցոգոլային» վիճակում գտնվող ծիրանը թանկ է լինելու, թե ոչ, բայց ասել է. «Մենք հանրությանը չենք հիասթափեցնի»: Ինչ նկատի ունի Սերգո Կարապետյանը՝ «հիասթափեցնել» ասելով՝ դժվար չէ կռահել: Անկախ ծիրանի նախատեսվող առատությունից՝ նախարարը «հոգեբանորեն պատրաստում է հանրությանը, որ ծիրանն էժանանա` չի վաճառվելու:
Որոշ փորձագետներ ծիրանի սպասվող թանկացումները կապում են ընտրությունների հետ: Չնայած ընտրությունների ժամանակ ծիրանը դեռ գտնվում էր խակ վիճակում, սակայն ընտրությունների ելքից էր կախված հասուն ծիրանի գինը: Մի քանիսն անգամ կատակում են՝ ասելով, թե գյուղնախարարությունը հայեցակարգ է մշակել, որով պետք է արդարացվի 2012թ. ամռանը ծիրանի բարձր գինը՝ դա կլինի «կարկուտի, գուցե մոլորակների դասավորության կամ, ասենք, բջջային հեռախոսի պատճառով»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ հարցում անցկացրեց շարքային քաղաքացիների շրջանում, որոնք ոչ միայն դժգոհեցին ծիրանի գնից, այլԵՒ հետընտրական շրջանում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում «ժողովրդին ամեն կերպ ու ամեն ձեւով քերթելով» դատարկ բյուջեն լցնելուց:
«Շուկա եմ մտնում, վախենում եմ գին հարցնեմ, ոսկու գին է դարձել բանջարեղենն էլ, միրգն էլ: Էդ մի կողմ, դիմանում ենք, բա տղայիս էլ մլիցեքն են բռնել, ակտավորել, տաքսի էր քշում, մի կերպ օրվա հացի հարց  էինք լուծում»,-ասում է 62-ամյա Սեդա Խանոյանը:
«Թանկ կծախեն, բա ի՞նչ կանեն: Ամո՞թ չի, պարսիկը գա տեսնի՝ 50 դրամով ծիրան ենք վաճառում: Բա մեր ազգային հպարտությունը ո՞ւր թողնենք,-հեգնում է թոշակառու Ռազմիկ պապը ու շարունակում,-Լեւոնին հազար բան են ասում, իսկ նրա իշխանության օրոք 10-50 դրամով էինք ծիրան գնում: Աղջի՛կ ջան, բայց մեր մեջ, ծիրանն էն ժամանակ ավելի քաղցր էր, քան հիմիկվա ռեժիմը»:
Փաստորեն, ծիրանի եւ կարկուտի լարված հարաբերություններից տուժում են շարքային քաղաքացիների դրամապանակն ու օրգանիզմը: Գնաճի արդյունքում շատ հայեր ստիպված կլինեն ավելի ռադիկալ լուծումներ գտնել օրգանիզմին անհրաժեշտ  երկաթ ապահովելու համար: Հուսանք, որ հակակարկտային կայանների շահագործումը կբերի եղանակի դինամիկ փոփոխության, որի պարագայում հնարավորություն կստեղծվի, որպեսզի հաջորդ տարիներին կարկուտի տեղումներ չլինեն, ու Հայաստանում գյուղատնտեսությունը քիչ տուժի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս