ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վերջին շրջանում դարձել է մի քանի մամուլի խոսնակների ամենասիրելի իրավական փաստաթուղթը: Այդ խոսնակները նշված օրենքն օգտագործում են լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելու կամ առնվազն ժամանակ ձգելու նպատակով` շատ լավ գիտակցելով, որ լրատվության վերջին միտումներում առաջնային տեղ է զբաղեցնում հենց օպերատիվությունը, եւ որոշ լուրեր հնանալու դեպքում լրագրողների համար իրենց հետաքրքրությունը կորցնում են:
Հայաստանի խորհրդարանը եղել եւ մնում է քաղաքական թեմաները լուսաբանող լրագրողների, եւ ոչ միայն նրանց, հիմնական լրատվական աղբյուրը: Ուստի պատահական չէ, որ երբ Արսեն Բաբայանը նշանակվեց ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (կարճ՝ լրատվականի ղեկավար) ու սկսեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վկայակոչելով՝ լրագրողների իրավունքները սահմանափակել, նրա անձն ու գործունեությունը դարձավ լրագրողների եւ ողջ լրատվական դաշտի հիմնական քննարկման թեման: ՀՀ ԱԺ-ի լրատվականի վերջին վարքագիծը, որին պայմանականորեն տանք «արսենբաբայանական սինդրոմ» անվանումը, ունի երկու պատճառ, որոնցից մեկը պայմանավորված է օրենսդրական բացով, իսկ մյուսի արմատները քաղաքական են:
«Արսենբաբայանական սինդրոմի» իրավական կողմը
«Արսենբաբայանական սինդրոմի» առաջին նշաններն Աժ-ում եղան այն, որ խորհրդարանի լրատվականը սկսեց հրաժարվել հարցերին բանավոր պատասխանելուց եւ լրագրողներից պահանջեց հարցերը գրավոր ներկայացնել (նախկինում էլ ԱԺ լրատվականը բազմիցս լրագրողներից պահանջել է հարցը գրավոր ներկայացնել, բայց դա հիմնականում վերաբերել է բարդ հարցադրումներին, որոնց պատասխանը հնարավոր կլիներ պատրաստել միայն ԱԺ աշխատակազմի մասնագետների ներգրավմամբ): Հարցերը գրավոր ներկայացնելու պահանջը, որքան էլ որ լրագրողների սրտով չէր, բայց միեւնույնն է՝ նրանք դա կատարեցին եւ սկսեցին հարցերը էլեկտրոնային փոստով ուղարկել: Արսեն Բաբայանը սկսեց լրագրողներին պատասխանել, որ նրանց հարցումները չեն համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Այդ կետում գրված է. «Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)»: Ըստ ԱԺ լրատվականի՝ էլեկտրոնային հարցումները ստորագրված չեն, եւ որ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի նախատեսում էլեկտրոնային հարցումների իրավունք: Ի դեպ, լրատվամիջոցների էլեկտրոնային բլանկերի վրա երբեմն բացակայում են նաեւ նրանց խմբագրությունների հասցեները, ինչը «արսենբաբայանական սինդրոմի» տեսանկյունից նույնպես ՏԱՄ օրենքի անհամապատասխանություն է:
Իրականում ՏԱՄ օրենքի հետ կապված իսկապես խնդիր կա: Այս օրենքը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ ուժի մեջ մտել նույն տարվա նոյեմբերի 15-ին, եւ անցած 11 տարիների ընթացքում այս օրենքում ոչ մի փոփոխություն չի արվել: ՏԱՄ օրենքն ընդունելիս էլեկտրոնային նամակագրությունը Հայաստանում այդքան զարգացած չէր, որ այդ գործոնը եւս օրենքում տեղ գտներ: 2003-ին լրատվական դաշտում հիմնականում գործում էին ավանդական երեք տիպի ԶԼՄ-ներ` տպագիր մամուլ, ռադիո եւ հեռուստաընկերություն: Ուստի բնական է, որ ՏԱՄ օրենքն այսօրվա իրականությունից ահռելի ետ է եւ գործնականում դարձել է անիմաստ իրավական ակտ: Եթե առաջիկայում այս օրենքը փոփոխությունների չենթարկվի, չհամապատասխանեցվի ներկա իրողությանը, ապա «արսենբաբայանական սինդրոմը» կարող է ավելի լայն տարածում գտնել եւ պատել այլ գերատեսչությունների լրատվականներին եւս:
ՏԱՄ օրենքը սահմանում է անհատների եւ իրավաբանական անձանց տեղեկություն ստանալու կարգը` առանց տարանջատելու տեղեկություն հայցողը լրագրող, լրատվամիջոց, թե անհատ քաղաքացի է: Այս մոտեցումը պետք է փոխվի: Անհատը կամ լրատվամիջոց չհանդիսացող իրավաբանական անձը տեղեկություն հայցելիս սպասարկում է սեփական շահը: Լրագրողը կամ լրատվամիջոցը տեղեկություն հայցելիս հանդես է գալիս որպես հանրային շահի սպասարկող, այս հանգամանքը չպիտի անտեսվի: Այսինքն՝ ՏԱՄ օրենքում ոչ միայն պետք է հատուկ արձանագրվի էլեկտրոնային հարցումներին պատասխանելու կարգը, այլեւ պետք է առանձին սահմանվեն այն դեպքերը, երբ հարցման հեղինակը լրագրող կամ լրատվամիջոց է:
Մասնավորապես լրագրողների եւ լրատվամիջոցների դեպքում պետք է ընդլայնվեն տեղեկությունը բանավոր հայցելու հնարավորությունները: Բոլոր այն դեպքերում, երբ տեղեկությունը հնարավոր է նաեւ բանավոր հարցումով տրամադրել, հենց այդպես էլ պետք է արվի, եւ տեղեկություն տիրապետողը չպիտի իրավունք ունենա արհեստական պատճառաբանություններով լրագրողի բանավոր հարցին պատասխանելուց հրաժարվել: Անչափ արդյունավետ կլինի, եթե տեղեկություն տիրապետողի կողմից ՏԱՄ օրենքը խախտելու համար նաեւ ֆինասնական տույժեր նախատեսվեն: Եթե մամուլի քարտուղարները, նրանց ղեկավարներն իմանան, որ իրենց քայլը կարող է ֆինանսական տույժերի հանգեցնել, ապա ամեն անգամ, երբ փորձեն լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափել, կմտածեն՝ իսկ իմաստ ունի՞ նման քայլի գնալ, թե ոչ:
Քաղաքական պատճառների մասին
Լրատվականների կամ մամուլի քարտուղարների կողմից լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելը, լրագրողների աշխատանքին ամեն կերպ խոչընդոտելը, որպես կանոն, պայմանավորված է համապատասխան կառույցի ղեկավարի անձով: Այսինքն՝ լրատվականը եւ մամուլի քարտուղարներն անում են այն, ինչ նրանցից պահանջում են նրանց ղեկավարները: Վերցնենք նույն ԱԺ-ի օրինակը: Հովիկ Աբրահամյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ԱԺ նախագահի պաշտոնում երկու անգամ պաշտոնավարելու ընթացքում աշխատում էր բացառել լրագրողների հետ «կոնֆլիկտները»: Թերեւս նա իր փորձից գիտեր, որ լրագրողների հետ չի կարելի հակամարտել, որովհետեւ դատապարտված է պարտության: Իսկ, ասենք, Սամվել Նիկոյանը, երբ 2011-ի վերջին դարձավ ԱԺ նախագահ, առաջին քայլը որ արեց, փորձեց սահմանափակել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքները, բայց որոշ ժամանակ անց հասկանալով, որ սկսված հակամարտությունից ինքը ոչինչ չի շահելու, «նահանջեց»: Որպես կանոն՝ լրագրողների աշխատանքները խոչընդոտում են այն պաշտոնյաները, որոնք ընդհանրապես հարցերին պատասխանելու հետ կապված ինչ-ինչ դժվարություններ ունեն:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 11-ին էլեկտրոնային փոստով Արսեն Բաբայանին հարցում էր ուղարկել, որին վերջինս պատասխանել էր, թե այն ստորագրված չէ, եւ որ ինքը պարտադրված չէ էլեկտրոնային գրավոր հարցմանը պատասխանել: «Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին նույն հարցի թղթային, ստորագրված տարբերակը փոստով ուղարկել էր Արսեն Բաբայանին: Վերջինիս պատասխանի համաձայն՝ ինքը մեր հարցումը ստացել է նոյեմբերի 17-ին, պատասխանը թվագրել է նոյեմբերի 21-ով, որը փոստին է հանձնվել նոյեմբերի 24-ին, իսկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է հասել նոյեմբերի 25-ին: Այսքան երկար նամակագրության միջոցով Արսեն Բաբայանից պահանջվում էր տրամադրել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները: Երկու շաբաթ ձգձգելուց հետո ի վերջո նա պատասխանեց, որ հարցված տեղեկությունն առկա է խորհրդարանի կայքի «Արտաքին հարաբերություններ» բաժնում: Հարց՝ դժվա՞ր էր նույն պատասխանը նոյեմբերի 11-ին տալ: Այսինքն՝ ստացվում է, որ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող անձի գործողությունները տվյալ դեպքում միտված են եղել հնարավորիս ուշացնել լրատվամիջոցի հարցին պատասխանելը, որ այն այլեւս իր իմաստը կորցնի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
7 ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀՐԿԻԶԵԼՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
«Նախախորհրդարանի» 7 թեկնածուների մեքենաները հրկիզելու կազմակերպիչները իշխանություններն են: Երեկ այս մասին ՀՀ ոստիկանության շենքի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
«Չեմ բացառում, որ պարոն Սեֆիլյանի ուղիղ հղումը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին կարող է գրգռած լինել ռեժիմին, որովհետեւ իրենք բնազդներով են շարժվում, բայց հաշվի առնելով, որ 24 ժամում քաղաքի տարբեր մասերում հրկիզել են 6 մեքենա գրեթե նույն ժամերին, ակնհայտ է, որ նախապատրաստությունը նախապես է կատարվել: Միգուցե մտածել են՝ 1 հատ անենք, տեսնենք՝ ինչ ռեակցիա կլինի, գուցե դրանից հետո կվախենանք եւ հետ կքաշվենք: Այսքան տարիների ընթացքում համոզվել ենք, որ նրանց մղումները հաճախ բանական չեն»:
Նշենք, որ այրել էին հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները, իսկ Կարո Եղնուկյանի՝ հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուի ավտոմեքենան փորձել էին այրել:
Ավետիսյանի կարծիքով՝ ԱԱԾ շենքի դիմաց մեքենաներ հրկիզելը խոսում է այն մասին, որ երկրում անվտանգությունն ապահովված չէ, կամ «հենց իրենք են կազմակերպում այս ամենը»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Սարգսյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գիշեր ժամը 4-ի սահմաններում. «Քնած եմ եղել, հարեւանները շտապ ձայն տվեցին, թե՝ մեքենադ այրվում է: Մոտ 7.000 դոլարի վնաս է կրել իմ մեքենան: Որեւէ մեկին չեմ կասկածում, բայց ակնհայտ է, որ սա միտումնավոր արված է: Հասկանում եք՝ մեքենան դրսից է այրվել, անվադողից է սկսվել հրդեհը»:
Դեպքի առթիվ քննություն է նշանակվել:
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ հարձակվել են նաեւ «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի վրա: Նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵՑ
Armlur.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել է, որ Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարը, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ: Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի բնակչից, համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու եւ նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար:
Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Էմիլ Հովհաննիսյանը, օրեր առաջ միջադեպի մեջ է ընկել՝ նրան ծեծի են ենթարկել 38 եւ 41-ամյա երկու եղբայրներ: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրել է «տուժողը», եղբայրներին նա մինչ միջադեպը չի ճանաչել, դեպքից հետո է իմացել՝ ովքեր են նրանք: «Նրանց հետո եմ ճանաչել, հեռակա կարգով: Դեմքով չեմ ճանաչել, բայց… Լրիվ ուրիշ բան ա, ուրիշի համար եմ կռիվ արել, հրմշտոցի մեջ ընկել»,- նշել է բանկի կառավարիչը՝ հավելելով, որ ավելի մանրամասն ոստիկանությունում տված բացատրության մեջ գրել է՝ հրաժարվելով բողոքելուց կամ հաղորդում տալուց: Բանկի կառավարչի երիտասարդ տեղակալը վստահեցրել է, թե միջադեպը բանկի հետ ոչ մի առնչություն չունի: Տեղեկացնենք, որ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ծեծի ենթարկված բանկի կառավարիչը հրաժարվել է ոչ միայն հաղորդում տալուց, այլեւ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց: