ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԸ՝ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՈՒԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերիալներից ու գեղարվեստական ֆիլմերից հայտնի, «Գոյ» թատրոնի դերասանուհի Աննա Հարությունյանը, ով «Դեկորներ» ներկայացման շրջանակներում «դաժանորեն» կառավարում է տղամարդկանց՝ ցույց տալով նրանց իրական տեղը եւ ապացուցելով, որ աշխարհը ոչ թե տղամարդկանցն է, այլ կանանցը, հոգու խորքում համաձայն է իր կերտած կերպարի հետ:

-Աննա՛, տեւական ժամանակ է՝ սերիալներում չեք երեւում. հարմար առաջարկ չկա՞, թե՞ պարզապես հոգնել եք օճառային «օպերաներից»:
-Բանն էլ հենց այն է, որ սերիալներում երեւալը եւ դրանցում խաղալը բոլորովին տարբեր հասկացություններ են: Ես գերադասում եմ խաղալը եւ սպասում եմ հրաշալի առիթի: Ստացվող առաջարկները չեն բավարարում ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ, հատկապես, ստեղծագործական առումով:
-«Շքամուտք» ֆիլմում, որտեղ խաղում եք նաեւ Դուք, ներկայացվում են մեկ շքամուտքի դռների ետեւում ապրող հերոսների կյանքի դժվարությունները, մարդկային փոխհարաբերությունները, սոցիալական խնդիրները. արդյո՞ք այսօր չի վերացել իրար ցավ կիսելու, մեկ շքամուտքում իրարով ապրելու կենսաձեւը:
-Այո՛, ֆիլմում մեծ տեղ ունեն սրտացավությունը, կարեկցանքը… Լավատես լինելով՝ ասեմ, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մարդկանց շրջանում չի կորել, պարզապես ժամանակավորապես տեղում չէ:
-Որպես մագիստրոս՝ Ձեր կրթությունը շարունակել եք արվեստաբանության բաժնում. կերպարվեստը Ձեզ համար հոբբի՞ է, թե՞ մասնագիտություն:
-Բարեբախտաբար փոքրուց ծանոթ եմ եղել այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Ռոդենը, Վան Գոգը, Սարյանը եւ այլք: 14 տարեկանից հետաքրքրվել եմ կերպարվեստով: Այս մասնագիտության շնորհիվ սկսեցի նոր մոտեցում ցուցաբերել դերասանությանը՝ կերպարվեստի տված պատկերավոր ընկալման միջոցով:
-Մի ժամանակ պատրաստվում էիք Ձեր բիզնեսը հիմնել, նիհարեցման սրահ բացել. ստացվե՞ց, էլի հետաքրքրվա՞ծ եք այդ գործով:
-Իմ փոքրիկ բիզնես-գործունեությունն այժմ դադարի փուլում է, սակայն շուտով այն նոր կյանք կստանա: Գեղեցիկ, ինքնավստահ ու երջանիկ լինելու համար պետք է, որ կանայք ունենան նաեւ սլացիկ մարմին:
-Ասում են՝ գեղեցիկ եւ այն էլ՝ արվեստի բնագավառի կանանց ճակատագրերը տարբերվում են մյուսներից. նրանց վիճակված չէ հարթ ուղի անցնել, այդպե՞ս է:
-Գյոթեն ասում է՝ մեկ վայրկյան երկար նայիր գեղեցիկ, հիմար կնոջ դեմքին, եւ նա կվերափոխվի սատանայի: Հատկապես 21-րդ դարում գեղեցկությունը բավարար չէ. դրան օգնելու պետք է գա բանիմացությունը: Ինչ վերաբերում է ճակատագրին, ապա կասեմ, որ միայն հզոր կամքը կարող է ճակատագրի «գծերին» այլ ընթացք տալ:
-«Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում, այնուամենայնիվ, մարմնավորեցիք տգեղ կնոջ, բարդույթներ չունեի՞ք այդ կերպարից:
-Հիշում եմ՝ երբ ֆիլմը ցուցադրվեց, ծանոթներս ապշել էին. ոչ ոք չէր պատկերացնի, որ տգեղագույն կնոջ կերպարում հանդես կգամ: Ուրախ եմ, որ զերծ եմ մշտապես գեղեցիկ երեւալու կոմպլեքսից:
-«Գոյ» թատրոնի «Դեկորներ» ներկայացման ընթացքում հանդիսատեսին աստիճանաբար պարզ է դառնում, որ տղամարդկանց համար նախատեսված տեղը զբաղեցրել է կինը, որ աշխարհը ոչ թե տղամարդկանցն է, այլ կանանցը. ինքներդ այդ կարծիքի՞ն եք:
-«Դեկորներ»-ում մարմնավորում եմ մի կնոջ, ով գործի է դնում իր աստվածային գեղեցկությունն ու սատանայական համառությունը: Սիրով եմ հանդիսատեսի դատին հանձնում այս կերպարը, քանի որ էգոիստաբար, հոգուս խորքում համաձայն եմ իմ կերտած կնոջ հետ (ծիծաղում է):
-Չար լեզուները մի ժամանակ բամբասանքներ էին տարածում այն մասին, թե իբր հանդիպում եք բարձրաստիճան պաշտոնյաների հետ… Որքան էլ նման լուրերը հերքվում են, այնուամենայնիվ, Ձեր անձնական կյանքից վերջերս, կարծես, խուսափում եք խոսել:
-Բոլոր ժամանակներում տարբեր դերասանուհիների մասին հնչած նմանատիպ խոսակցություններն արդեն դասական են դարձել: Անձամբ ես նշանակություն չեմ տալիս դրանց եւ ներողամտաբար եմ մոտենում:
-Մի ժամանակ ասում էիք, որ Ձեր հարսանիքը սարերի ետեւում չէ, մարդկանց հետաքրքրում է՝ ինչո՞ւ է այն հետաձգվում:
-Միշտ հիշում եմ հայր Կարամազովի խոսքերը. «Եթե մեկը լիներ ու ինձ հավատար, ես այսպիսին չէի լինի»: Կարեւորում եմ հավատը՝ գիտակցելով ուժը, այն կարող է սարեր շուռ տալ, որի ետեւում, ինչպես նշեցիք, իմ հարսանիքն է (ծիծաղում է):
-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտանիքը, Ձեր տունը:
-Տուն, որտեղ չեն փշրվում սրտերը…

 

 
ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում սկսել են ռուսաց լեզվին առանձին կարեւորություն տալ: Ամսվա սկզբին, օրինակ, մեկնարկել է ռուսական երգի փառատոնը. Գյումրիի մի քանի դպրոցներում երեխաները դպրոցական օրը ռուսական երգ ու պարով են սկսում, ռուս մանկավարժների խմբերը շրջում են Հայաստանի դպրոցներում ու բուհերում՝ ռուսերենը տարածելու համար, ռուս պաշտոնյաները հայաստանցիներին համարձակվում են հայտնել, որ ռուսերենը նրանց կյանքի, ապագայի լեզուն է եւ, ի վերջո, խոսվում է այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կփորձի ռուսերենին որոշակի կարգավիճակ տալ:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց՝ ամենատխուր փաստն այն է, որ երբ արտասահմանից սփյուռքահայերը գալիս են Հայաստան, նրանց հետ հաղորդակցվում են ռուս սահմանապահները ռուսերենով:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ կիսեց այդ մտահոգությունը. «Երբ տեղի է ունենում ոչ թե ռուսերենի, այլ ռուսի՝ սպիտակ արջի՝ որպես միակ փրկչի քարոզչություն, դա արդեն մտահոգիչ է»,-ընդգծեց նա:
Իսկ ահա լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարծում է, որ մտահոգվելու որեւէ պատճառ չկա: «Բնական է, որ շատ պետություններ շահագրգռված են, որ աշխարհի տարբեր երկրներում իրենց լեզվի ուսուցումը տարվի բարձր մակարդակով: Բայց քանի որ մեր պետական լեզուն հայերենն է, մենք որեւէ վտանգ կամ մարտահրավեր չենք տեսնում»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց նա:
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ վերջին շրջանում ինչու է տեսչության կողմից անցկացվող ստուգումների թիվը նվազել. «Որոշակի նվազում կա. դա օրենսդրական բացի հետեւանք է: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում խնդիրն օրակարգից դուրս կգա»,-պարզաբանեց նա՝ օրենսդրական բացին վերագրելով նաեւ տերմինաբանական կոմիտեի չգործելը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ օլիգարխները վախեցրել են Սերգո Երիցյանին՝ թույլ չտալով իրենց օբյեկտներում ստուգումներ անցկացնել. «Չեմ ուզում անուններ տալ, բայց վերջերս տուգանվել են Ձեզ ամենահայտնի օլիգարխ-տնտեսվարող սուբյեկտներ»,-մեկնաբանեց տեսչության պետը՝ հերքելով լուրերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳԱՂՏՆԻ  ԱՄՈՒՍՆԱՑԵ՞Լ Է
Օրերս համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, թե դերասանուհի Լիկա Սալմանյանը գաղտնի ամուսնացել է: Նման քննարկումների առիթ են տվել վերջինիս լուսանկարները, որոնցում երեւում է, որ նրա ձախ ձեռքի մատնեմատին ամուսնական մատանի է դրված: ESem.am-ը, գնալով ընթերցողների «ահազանգերի» հետքերով, խոսել է դերասանուհու հետ, ով, սակայն, հերքել է տարածված լուրերը: Նա ժխտել է նաեւ հավանական նշանադրության մասին խոսակցությունները: «Իրականում ես նման մատանի չեմ կրում, պարզապես սերիալում ամուսնացած կնոջ դեր եմ կերտում եւ «կալցո» եմ դնում: Հավանաբար նկարահանումից հետո մոռացել եմ հանել մատանին եւ լուսանկարվել եմ, այդտեղից էլ տարածվել են լուրերը»,-մեկնաբանել է նա:

 

ՍԵՐ Է  ԽՈՍՏՈՎԱՆԵԼ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազատության նախագահական մեդալի հանձնման արարողության ժամանակ սեր է խոստովանել հոլիվուդյան դերասանուհի, եռակի օսկարակիր Մերիլ Սթրիփին: The Washington Post-ի փոխանցմամբ՝ Օբաման հրապարակավ հայտարարել է, որ սիրում է Մերիլ Սթրիփին. «Այս մասին գիտեն ե՛ւ նրա ամուսինը, ե՛ւ Միշելը»,-ասել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ դերասանուհու հզոր տաղանդն իր հավասարը չունի:
Պարգեւը հանձնելիս Օբաման գրկել է Սթրիփին եւ համբուրել նրա այտը, ինչպես բոլոր դափնեկիրներին:
Հավելենք, որ Սպիտակ տունը մրցանակ է հանձնել նաեւ «Գրեմմիի» 25-ակի դափնեկիր Սթիվի Ուանդերին. նրան Օբաման անվանել է երաժշտական հանճար:
ԱՄՆ նախագահը մրցանակներ է հանձնել նաեւ հաղորդավար Թոմ Բորքաուին, գրող Իսաբել Ալիենդեին, դերասանուհի Մառլո Թոմասին, կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմին եւ այլոց:

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽԱՓԱՆԵԼ ՀԱՄԵՐԳԸ
Կիեւում շուրջ 100 ակտիվիստ փորձել է խափանել հայտնի երգչուհի Անի Լորակի համերգը: Համերգասրահի շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ընթացքում արցունքաբեր գազից անգամ տուժել է երեք ոստիկան: Ակտիվիստները որեւէ կերպ չեն տուժել, իսկ, ահա, ոստիկանների համար ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել ոստիկաններին:

 

 




Լրահոս