ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական կայքից

Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի Պատվո մեդալով: Աժ փոխխոսնակը կարեւորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության եւ հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ սերունդներին հասցնելով հայ ազգային-գուսանական մշակույթը: Երգիչն էլ իր հերթին բարձր է գնահատել հայրենիքում նման պարգեւի արժանանալը:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ բազմազավակ մայրը ո՞ր տարիքից է անցնում թոշակի:

Լիլիթ Կարապետյան (61 տարեկան, տնտեսվար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ: Ընդ որում, գործում է տարիքային սանդղակ, ըստ որի` 2013թ. տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի 7 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2014 թ.` 8 տարվա, 2015 թ.` 9 տարվա, իսկ 2016 թվականից սկսած` 10 տարվա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չի աշխատում:
Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային կենuաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում աշխատանքային uտաժում հաշվառվում է նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավել:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը` 65 տարին լրանալու դեպքում:
Ելնելով վերոգրյալից` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը սահմանելիս օրենքով որեւէ առանձնահատկություն (այդ թվում` բազմազավակ մայրերի համար) նախատեսված չէ, իսկ մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը ծնողներից մեկի աշխատանքային uտաժը հաշվառվում է օրենքով սահմանված դեպքում եւ կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` օրենքը չի սահմանում որեւէ արտոնություն բազմազավակ մայրերի համար, իսկ ծերության կենսաթոշակ անձը կարող է ստանալ 65 տարին լրանալու դեպքում: 2016թ.-ից հետո անձն անցնում է կենսաթոշակի 63 տարին լրանալուն պես, եթե նա ունի առնվազն 10 տարվա ստաժ: Փաստորեն` բացի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարներից, քաղաքացիների վրա դրվում է նոր բեռ` աշխատանքային ստաժի սանդղակը բարձրացնելով: Արդյունքում` ստիպված ենք արձանագրել, որ մեր պետությունում օրենքներն ընդունվում եւ կիրառվում են ընդդեմ քաղաքացիների իրավունքների:

 

 

 
ՀԱՐՑ. Բանկից վարկ եմ վերցրել այլ անձի համար, ով ինձ տվել է պարտավորագիր, ըստ որի՝ նա պարտավորվում է վճարել գումարն ու տոկոսները, սակայն այս պահին նա կալանավորված է եւ մեղադրվում է խարդախության մեջ: Մինչեւ դատավարությունը վարկային պարտավորվածությունները չկատարելու դեպքում` ի՞նչ խնդիրներ կարող եմ ունենալ:

Սեւակ Հայրապետյան (30 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի` վարկային իրավահարաբերությունների նկատմամբ նաեւ տարածվում են փոխառության իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը: Մասնավորապես` նույն օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարից ենթակա են վճարման միայն վերոնշյալ օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչեւ գումարը փոխատուին վերադարձնելու օրը: Նշյալ տոկոսները սահմանվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Եզրակացությունը պատրաստված է պատվիրատուի համար եւ չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից առանց պատվիրատուի գրավոր համաձայնության: Տրված պատասխաններն ու մեկնաբանությունները կիրառելի չեն այլ հարցերի կամ փաստերի նկատմամբ:

«AM» իրավաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե քաղաքացին, տվյալ դեպքում՝ փոխառուն, սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով սահմանված տոկոսները դադարում են: Այդ գումարից ենթակա են միայն վճարման օրենսգրքի 411 հոդվածի 1-ի կետով նախատեսված չափով տոկոսներ: Իսկ թե որքան կկազմեն այդ տոկոսադրույքի չափերը, սահմանվում է արդեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս