«ԳԵՆԱՐԱԼ ՄԱՐԴ Է. ԲԻԶՆԵՍՆ Ո՜ՒՐ, ԻՆՔԸ Ո՜ՒՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր շարունակ լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի նախկին ոստիկանապետ ՆԵրսես Նազարյանի բիզնես-գործունեությունը վտանգի տակ է հայտնվել: Անգամ տեղեկություններ կան, որ Ն. Նազարյանն այժմ «լծվել» է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելու գործին: Նշվում է նաեւ, որ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը եւս ամեն ինչ անում է, որպեսզի իր բիզնեսները «փրկի» ու այն ՀՀ-ից տեղափոխի ՌԴ:

Իսկ «Երկիր»-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետն այժմ փորձում է ստանալ մոսկվաբնակ հայտնի հայ գործարար Կրիստալի Արտյոմի («Կրիստալ» օղու գործարանի սեփականատեր) հովանավորությունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ Ա. Նազարյանն էլ Մոսկվայում մանկական սրճարանների բիզնես է սկսել էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ն. Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ի՞նչ են ցանկանում անել հայր եւ որդի, իսկապե՞ս նրանց ֆինանսական, բիզնես-գործունեությունն այդքան վատ է, որ վերջիններս որոշել են լքել Հայաստանը:
-Պարո՛ն Նազարյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ Ձեր եւ Ձեր հոր բիզնես-գործունեությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում: Իսկապե՞ս ցանկանում եք այսուհետ բիզնես գործունեություն ծավալել Ռուսաստանի Դաշնությունում:
-Անկեղծ ասեմ՝ անհեթեթ տեղեկություններ են դրանք: Իրականում նման բան չկա, պարոն Նազարյանը բիզնեսի հետ որեւէ կապ չունի, որեւէ բիզնես չունի: Ինքը Հայաստանում է ու չի պատրաստվում ինչ-որ տեղ տեղափոխվել, ընդհանրապես նման խնդիր գոյություն չունի: Բիզնեսով ես եմ զբաղվում, ու բոլորն էլ գիտեն, որ բիզնեսում եղել են պրոբլեմներ, որոնք որ կարգավորվում են: Իսկ այդ տեղեկությունները, թե Մոսկվայում բիզնես ենք ստեղծում, սուպերմարկետներ ենք կառուցում, չգիտեմ էլ ինչ, դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նշված այդ խնդիրների հետ ես ու պարոն Նազարյանը որեւէ առնչություն չունենք:
-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է վերջին ժամանակահատվածում անընդհատ նշվում, որ Ներսես Նազարյանի բիզնես ոլորտներում խնդիր կա: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այդ ամենը, ի վերջո, առանց կրակ ծուխ չի լինում:
-Չեմ կարող ասել, ուղղակի մարդիկ կան, որ ինչ-որ բաների հետ չեն կարողանում համակերպվել, երեւի դա է խնդիրը: Չգիտեմ՝ չար մարդիկ են, չար ուժեր են, որոնք անընդհատ փորձում են ինչ-որ լրատվամիջոցների միջոցով վատ եւ անիրական տեղեկություններ տարածել: Բայց չեմ հասկանում, թե ինչի՞ համար:
-Այդ դեպքում որտե՞ղ է գտնվում Ներսես Նազարյանը, ի՞նչ գործունեությամբ է զբաղված: Տեղեկություններ կար, որ նա անհամբեր սպասում է, որ իրեն կրկին պաշտոնի կնշանակեն: Կա՞ իրականում նման բան:
-Պարոն Նազարյանը Հայաստանում է, տանն է, առայժմ ոչ մի բանով չի զբաղվում, որեւէ գործունեություն չի ծավալել, հանգստանում է, ոչ մի բանով չի զբաղվում: Սպորտով է զբաղվում, մի խոսքով՝ հանգստանում է: Չկա նման բան: Նա որեւէ բիզնեսի հետ որեւէ առնչություն չունի, եթե ինչ-որ բիզնեսի հետ կապ ունենար, կարծում եմ, դրա մասին ամբողջ աշխարհը կիմանար: Պետական անձ է, գեներալ մարդ է, բիզնեսն ուր, ինքը ուր, դրանք տարբեր բաներ են: Չի կարելի անընդհատ անտեղի տեղը մարդկանց անդորրը խանգարել: Սուտ ինֆորմացիաններով մարդիկ փորձում են ինչ-որ վատություններ անել, ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչ հանգամանքներից ելնելով են նման բաներ անում: Անկեղծ չեմ հասկանում այդ մարդկանց: Ուղղակի մի բան պետք է հասկանալ, արդեն իսկապես շատ տհաճ է: Հա, եթե ինչ-որ մի բան է լինում, թող մարդիկ տեղեկացնեն, գրեն, բայց նման դեպքերում ինֆորմացիան արդեն տհաճ է դառնում: Մարդուն ուզում են անընդհատ վարկաբեկել, անընդհատ ուզում են ցավ պատճառել, որն անկեղծ եմ ասում՝ նորմալ երեւույթ չի: Հա՛, իմ անձնական բիզնեսում խնդիրներ եղել են, բայց, ախր, նման բաներ բոլորի բիզնեսներում էլ լինում է: Իսկ այդ խնդիրները կարգավորվում են, լուծվում են, փոխանակ պադերշկա անեք… Հայ գործարար եմ, խոշոր հարկատու, փոխանակ պադերշկա անեն, մարդ ոտքի կանգնի, ավելի՝ փորձում են վատ բաներ գրել: Հիմա մեր բիզնեսում էլ խնդիրներ եղան, հիմա կարգավորվում է, բանկերը մեզ ահագին ընդառաջ գնացին, մինչեւ նոր տարին վիճակը կկարգավորվի:
-Նշվում է նաեւ, որ Դուք Մոսկվայում մանկական սրճարանների բիզնես եք սկսել էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ: Ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:
-Նա հոյակապ անձնավորություն է, որն իմ ընկերն է, ու Ձեր նշվածի հետ ինքը որեւէ առնչություն չունի: Բայց մենք իրար հետ որեւէ գործ չենք անում: Ինքն արտասահմանում է աշխատում, բայց մենք իրար հետ բիզնես-գործունեությամբ չենք զբաղվում: Զուտ ընկերներ ենք, ում բավական երկար ժամանակ է՝ չեմ էլ տեսել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծն արդեն պատրաստ է եւ ուղարկվել է ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին: Նիկոլ Փաշինյանը ԱԺ քարտուղարությունից վերցրել է համապատասխան ձեւաթուղթը, եւ եթե մինչեւ երկուշաբթի` քառօրյայի մեկնարկը, դրա տակ հավաքվի առնվազն 44 պատգամավորի ստորագրություն, ապա նախագիծն արտահերթ կարգով կընդգրկվի քառօրյայի օրակարգ:

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ մի քանի պատգամավորներից պարզել՝ նրանք ծանոթացե՞լ են Նիկոլ Փաշինյանի հրապարակած նախագծին եւ ինչպե՞ս են պատրաստվում արձագանքել դրան:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հայտնել են իրենց դիքորոշումը, եւ այն չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Մեր այն հարցին, թե չե՞ն էլ պատրաստվում անգամ ուսումնասիրել՝ ի՞նչ դրույթներ է ներառում Նիկոլ Փաշինյանի նախագիծը, պատգամավորը պատասխանեց. «Ինչքան էլ որ համաձայն չլինենք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետ, չենք կարող չուսումնասիրել այն: Եթե ուղարկվելու է մեր խմբակցությանը, նշանակում է` պետք է անպայման ուսումնասիրվի: Պարզապես աչքի անցկացնելու տարբերակով չէ, այլ լուրջ, կետ առ կետ: Մենք խորին հարգանքով ենք լցված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ուստի չենք կարող արհամարհել նրա գործունեությունը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը դեռ չի ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը եւ իր դիրքորոշումը կարող է հայտնել միայն եկող երկուշաբթի: ՀՅԴ-ականը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց եւս խուսափեց` պատճառաբանելով, որ նախաձեռնության գրավոր տարբերակին ծանոթանալուց հետո միայն կարող է իր տեսակետը ներկայացնել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ, պարզվեց՝ դեռ չէր ծանոթացել Նիկոլ Փաշինյանի նախագծին: «Մի՛ անհանգստացեք, մենք անպայման մեր դիրքորոշումը կհայտնենք: Այսօր հանձնաժողովի նիստի եմ եղել: Ինձ չի հասել նախագիծը: Կգա էլի, ինչո՞ւ եք այդքան շտապում: Ես հստակ դիրքորոշում դեռեւս չեմ կարող հայտնել: Հենց ծանոթանամ, անպայման կհայտնեմ իմ տեսակետը»,- ասաց Ջհանգիրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ  ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ
Արդեն երկու օր է՝ «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը» տարբեր հանդիպումներ է ունենում ՀՀ տարբեր կուսակցությունների եւ իշխանության ներկայացուցիչների հետ: Բանն այն է, որ ՍԴՀԿ-ն ցանկանում է կուսակցության կենտրոնական գրասենյակն արտերկրից տեղափոխել Հայաստան: Երեկ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանը եւ ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանը հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախօրեին էլ ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի էր ունեցել ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «ՀՅԴ-ի հետ պարբերաբար հանդիպում ենք տարբեր տեղերում: Գրասենյակը տեղափոխվել է Հայաստան, այդ իսկ պատճառով ներկայումս ծանոթության հանդիպումներ ենք կազմակերպում»:

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ
Երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայում իշխող հանրապետական կուսակցությունը պատրաստվում է քննարկել 2015 թվականի բյուջեն: Սակայն մինչեւ բյուջեին անցնելը ՀՀԿ-ն ստիպված է լինելու լսել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխությանը: ՀՀԿ-ն հույս ունի, որ գոնե երեքշաբթի կքննարկեն բյուջեի վերամշակված նախագիծը, կքվեարկեն ու կանցնեն իրենց հաջորդ նախագծերի քննարկմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառօրյայից հետո սպասվում են արտահերթ նիստեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ նախանշված է, որ արտահերթ կգումարվի դեկտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, ամեն ինչ կախված է օրակարգի «չափից»:

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա անցած տասն ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակագրությունը: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալները բավական մտահոգիչ են: Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի տվյալների, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 3.7 տոկոսով: Սա նշանակում է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է 61 հազար 400-ի: Նկատենք, որ իրականում գործազուրկների թիվը 4-5 անգամ ավել է՝ չհաշված արտագնա աշխատանքի մեկնողներին, որոնք նույնպես Հայաստանում աշխատանք չունեցող աշխատունակ քաղաքացիներ են:

 




Լրահոս