ՎԵՐՋՈՒՄ ԿԱՍԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀՆ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին միջազգային լրահոսի հիմնական թեմաները նավթի միջազգային գինը եւ դրանից բխող տնտեսական զարգացումներն են, մասնավորապես՝ ռուսական ռուբլու փոխարժեքի հերթական հակառեկորդները: Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 25-ին, երբ Վիեննայում հանդիպել էին Ռուսաստանի, Մեքսիկայի, Վենեսուելայի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները:

Ռուսական կողմը հույս ուներ, որ այդ հանդիպման արդյունքում մասնակիցները կորոշեն նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները: Սակայն այդ կանխատեսումը չիրականացավ, եւ այն բանից հետո, երբ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հանդիպումից հետո հայտարարեց, որ իրենք չեն նախատեսում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները, միջազգային շուկան անմիջապես արձագանքեց: Այս հայտարարությունից րոպեներ չանցած՝ նավթի գինը կրկին կտրուկ նվազեց մինչեւ 78 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազեց մինչեւ մեկ դոլարը՝ 47 ռուբլի: Վիեննայի հանդիպումը ռուսական կողմի համար շատ կարեւոր էր, որովհետեւ նոյեմբերի 27-ին պետք է տեղի ունենար նավթ արդյունահանող երկրների կոմիտեի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը: Ռուսաստանը եւ Մեքսիկան այդ կազմակերպության անդամներ չեն: Եթե վերը նշված չորս երկրներին հաջողվեր համաձայնության գալ, ապա առավել հավանական էր, որ նավթ արդյունահանող երկրների կոմիտեն եւս որոշեր նավթի արդյունահանման ծավալները նվազեցնել եւ թույլ չտալ այդ ապրանքի միջազգային գների նվազում: Սակայն նոյեմբերի 27-ին նավթ արդյունահանող երկրները հայտարարեցին, որ չեն պատրաստվում նավթի արդյունահանման ծավալները նվազեցնել, ինչին միջազգային շուկան արձագանքեց անմիջապես` նավթի գինը նվազեց մինչեւ 73 դոլար` մեկ բարելի դիմաց, իսկ ռուբլին արժեզրկվեց մինչեւ մեկ դոլարը՝ 48,70 ռուբլի: Երեկ միջազգային շուկայում նավթի գինը շարունակում էր տատանվել 71-ից 73 դոլարի միջակայքում, իսկ ռուբլու փոխարժեքն ընդհուպ մոտեցավ 1 դոլարը՝ 50 ռուբլի սահմանագծին: Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային հանրությունը չի պատրաստվում Ռուսաստանին «բաց թողնել», եւ ամեն ինչ անելու են՝ վերջինիս տնտեսությունը մինչեւ վերջ ծնկի բերելու համար:
Հայաստանի տնտեսությունը ռուսականից գտնվում է ուղղակի կախվածության մեջ, եւ նման զարգացումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ: Ուստի բնական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները միջազգային զարգացումների՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը մեղմելու համար: ՀՀ իշխանությունները զբաղված են Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վավերացման գործընթացով: Այսինքն՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ միջազգային զարգացումների արդյունքում Հայաստանի տնտեսությունը հնարավորինս շատ տուժի:
Հայաստանի պաշտոնյաների, եւ ոչ միայն նրանց, այլեւ մեր հանրապետության բնակչության մի զգալի մասի մոտ կարծրացած է այն տեսակետը, որ Ռուսաստանը մեծ երկիր է, եւ նրան տնտեսությունը ծնկի բերելն այդքան հեշտ չի լինի: ԽՍՀՄ-ը ավելի մեծ եւ հզոր պետություն էր, բայց սառը պատերազմի արդյունքում` նավթի գների անկումից հետո, ստիպված էր մթերքը կտրոններով վաճառել: Նույնիսկ ռուս տնտեսագետներն են ընդունում, որ նավթի գների ներկա պայմաններում ռուսական տնտեսությունը փրկվելու շանս չունի, իսկ եթե նավթը շարունակի ավելի էժանանալ, թերեւս հենց այդպես էլ կլինի, ապա Ռուսաստանի տնտեսությունը դատապարտված է: ՌԴ-ի՝ 2015-ի պետական բյուջեի հետ տեղի ունեցածն արդեն հուշում է, թե ինչ ծանր կացության մեջ է հայտնվել այդ երկիրը: Ռուսաստանի 2015-ի բյուջեի եկամտային մասը 15 տրիլիոն 100 միլիարդ ռուբլի է: Ռուբլու ներկա փոխարժեքով դա կազմում է 302 միլիարդ դոլար: Ռուսաստանի՝ 2013-ի բյուջեն 439 միլիարդ դոլար է եղել: 2013-ի ռուբլով Ռուսաստանի բյուջեն եղել 14 տրիլիոն 500 միլիարդ: Այսինքն՝ վերջին երեք ամիսների ռուբլու արժեզրկման արդյունքում Ռուսաստանի բյուջեն կորցրել է մոտ 150 միլիարդ դոլար: ՌԴ-ի ներկայիս բյուջեն, ասենք Հոլանդիայի բյուջեից, պակաս է մոտ 70 միլիարդ դոլարով, Ավստրալիայից եւ Իսպանիայից` մոտ 200 միլիարդով, եւ այսպես շարունակ: Այսինքն՝ այն փաստը, որ Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, այս դեպքում ավելի վատ դեր է խաղում, քանի որ անհրաժեշտ է համարժեք տնտեսություն ունենալ: Իսկ եթե, ինչպես Ռուսաստանի դեպքում է, անհրաժեշտ տնտեսությունը բացակայում է, ապա երկիրը հայտնվում է այն ծանր վիճակում, որում ՌԴ-ն է:
Ստեղծված վիճակում ԵՏՄ-ին անդամակցությունն այլ կերպ, քան անմեղսունակություն, հնարավոր չէ որակել, որովհետեւ գիտակցություն ունեցող մարդն ինքնուրույն չի կանգնի փլվող տանիքի տակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՓՈՂ ՉԻ ԳԱԼԻՍ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին տասն ամիսներին արտերկրից Հայաստան կատարված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 83 միլիոն 126 հազար դոլար: Այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի թվից պակաս է 105 միլիոն 320 հազար դոլարով, կամ նույնն է թե՝ մոտ 9 տոկոսով: Ուշագրավ է այն փաստը, որ հոկտեմբերին նախորդ ամսվա` սեպտեմբերի համեմատ արձանագրվել է տրանսֆերտների նվազում:
Սեպտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը եղել է 127 միլիոն 88 հազար դոլար, իսկ հոկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 119 միլիոն 133 հազար դոլար: Սովորաբար աշնան ամիսներին եւ դեկտեմբերին տրանսֆերտներն անընդհատ աճում են: Սակայն այս տարի այդ տենդենցը խախտվել է: Ի դեպ, անցած տարի հոկտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 141 միլիոն 36 հազար դոլար: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերի ցուցանիշն անցած տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 15,5 տոկոսով: Այս երեւույթը պայմանավորված է ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ անկմամբ, քանի որ Հայաստան եկող տրանսֆերտների մոտ 90 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից: Հաշվի առնելով, որ ռուսական ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել, ուստի կարելի է ենթադրել, որ տրանսֆերտների նոյեմբերի եւ դեկտեմբերի ցուցանիշները եւս կնվազեն:

 

ԳՆԱՃՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում արձանագրեց որոշ ապրանքատեսակների գնաճ: Խանութների վաճառողները «Ժողովուրդ»-ին հավաստիացրեցին, որ այս շաբաթվա սկզբին, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ կտրուկ թանկացան: Խոսքը մասնավորապես վերաբերում է կարագին, ձեթին, ձավարեղենին, մակարոնեղենին, ինչպես նաեւ էական գնաճ կա ամանորյա տոների համար մեծ պահանջարկ ունեցող ընկույզի, պնդուկի եւ չամիչի շուկայում: Շաքարավազի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մակարոնեղենինն ու ալյուրինը՝ 20-30 դրամով: Իսկ 1 կգ հնդկաձավարը՝ գրեչկան, թանկացել է 100 դրամով: Ի դեպ, ընկույզի 1 կիլոգրամը որոշ սուպերմարկետներում վաճառվում է արդեն 14 հազար, որոշներում՝ 9 հազար դրամով:

 

ԹԻՎ Է, ՈՐ ԳՐՈՒՄ ԵՆ
Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է զարմացնել իր աճպարարության անսպառությամբ: Պարզվում է՝ այս տարվա անցած տասն ամիսների արդյունքում գյուղատնտեսության ոլորտում կրկին աճ է արձանագրվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,5 տոկոսով: Իհարկե, իրականությունն այլ է, քանի որ այս տարի գյուղատնտեսության համար բնակլիմայական անբարենպաստ պայմաններ են եղել, բայց պաշտոնական վիճակագիրները, միեւնույն է, աճ են արձանագրում:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ՝ ՊԱՇՏՈՆՅԱ
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ, «Գել» մականվամբ հայտնի Գարեգին Գաբրիելյանը Սերժ Սարգսյանի կարգադրությամբ երեկ նշանակվել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Գաբրիելյանն այն պաշտոնյան էր, որին աղմուկով ազատեցին աշխատանքից, քանի որ ոստիկանության զորքերից նա զենք էր գողացել ու վաճառել: Նույնիսկ քրեական գործ հարուցվեց, այն ՀՔԾ-ում քննվեց, սակայն այդպես էլ Գելը պատիժ չկրեց: Ավելին՝ տարիներ անց նաեւ պաշտոն ստացավ:

 

ԲԱ ԵՐԻՑՅԱ՞ՆԸ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ ու տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար նշանակելու մասին: Փաստորեն ՀՀ տնտեսությունը տապալած, Վերահսկիչ պալատի հաշվետվություններում գրեթե որպես հանցագործ մատուցված, Կառավարության ամենակարկառուն ներկայացուցչին «առաջ քաշեցին»՝ նշանակելով ՀՀ փոխվարչապետ: Թե ո՞րն է Գաբրիելյանի հմայքն, ու ինչ կլինի ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ճակատագիրը, առայժմ դժվար է կռահել:

 

ՇԵՆՇՈՂ  ՀԱՅԱՑՔՈՎ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, նախագծի հարակից զեկուցողը ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էր: Քննարկման ժամանակ, երբ Արփինե Հովհաննիսյանը պատասխանում էր հարցերին, Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իրեն նայում: «Իմ հայացքը Ձեզ չի ուղղված, այլ իմ առաջ է ուղղված, պարո՛ն Ուրիխանյան: Մի՛ կաշկանդվեք այդպես»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը: «Ես Ձեր հայացքից չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացումներ եմ ունենում»,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը: «Շատ լավ, ուրեմն ադեկվատ եք»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը: Իսկ նախագիծն, ի վերջո, մերժվեց:

 

ԺՈՂՈՎԻ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անհապաղ ու ամբողջական իշխանափոխություն», «Ինքնիշխան Հանրապետություն, ճանաչված Արցախ, իրավատեր քաղաքացի» կարգախոսներով քաղաքացիական ժողով է հրավիրում։ Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17-ին, ժողով կանցկացնի Երեւանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ին՝ Վանաձորի Արցախի պուրակում, դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17-ին՝ Գյումրիի Աճեմյանի անվան թատերական հրապարակում։

 

ՓԱՅԼՈՒՄ Է  ՀՔԾ-Ն
«Գործունեության յոթ տարիների ընթացքում հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաստատել է իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունը Հայաստանի իրավապահպան մարմինների համակարգում», -երեկ գրել էր Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տարածած իր շնորհավորական ուղերձում՝ նկատելով, որ ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջեւ դրված խնդիրները, ձեւավորվել է արդի մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու ունակ քննիչներից կազմված անձնակազմ, կառույցի քննչական ենթակայությանը վերապահված քրեական գործերով իրականացվում է որակյալ նախաքննություն:

 

 




Լրահոս