Ամերիկյան դիվանագիտական արխիվի՝ «Վիկիլիքսի» կողմից բացահայտված փաստաթղթերից հերթականը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 27-ին: Այդ մասին պատմող համապատասխան զեկուցագիրը հեղինակել է Ջ. Փենինգտոնը: Դիվանագիտական հանդիպման գլխավոր թեմաներն են եղել ռուս-վրացական պատերազմն ու Վրաստանից անջատված երկրամասերի կարգավիճակի հարցը: Ուշագրավ է, որ Փենինգտոնը չի էլ թաքցնում ամերիկյան կողմի նպատակները` ընդգծելով, որ Հայաստանը չի կարող ենթարկվել ռուսական ճնշմանը եւ ճանաչել անջատված միավորների անկախությունը:
Զեկուցագրի նախաբանում Փենինգտոնը հայտնում է, որ հանդիպել է Նալբանդյանին ամերիկյան կողմի մտահոգությունները փոխանցելու նպատակով: Այդ առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր չէ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը «այս անգամ»: Ուշագրավ է, որ Նալբանդյանը կիրառել է «այս անգամ» ձեւակերպումը՝ ամերիկացիներին անուղղակիորեն հասկացնելով, որ ուրիշ դեպքում կամ այլ իրավիճակում արդեն Հայաստանը կարո՛ղ է ճանաչել երկրամասերի անկախությունը: Ապա նախարարը հավելել է, որ այսօրինակ քայլով հնարավոր կլինի մեղմել հասարակական այն հատվածի մոտեցումը, որը կտրուկ դեմ է ռուսական որոշմանը: Նալբանդյանը նկատել է, որ Հայաստանը «բոլոր երկրներից ամենաբարդ կացության մեջ է»: Նրա պնդմամբ՝ Հայաստանը տեսնում է Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը՝ Նալբանդյանն ասել է, որ տվյալ պայմաններում Հայաստանն առավելագույնը կարող է չեզոքություն պահպանել: Ըստ նրա՝ ճգնաժամի ամենասկզբնական շրջանից սկսած՝ Հայաստանն աջակցել է Վրաստանին՝ ընդունելով փախստականներին եւ վերածվելով հումանիտար օգնության միջանցքի: Այս ամենով հանդերձ՝ Նալբանդյանն արձանագրել է Ռուսաստանի հետ «ստրատեգիական հարաբերությունները» պաշտպանելու անհրաժեշտությունը: Հետաքրքրական է, որ Փենինգտոնը, չակերտներ կիրառելով, կա՛մ փորձել է ցույց տալ հայ-ռուսական հարաբերությունների ոչ-ստրատեգիական բնույթը, կա՛մ պարզապես բառացի մեջբերել է Նալբանդյանին՝ կրկին անուղղակիորեն արտահայտելով իր անհամաձայնությունը: Ընդհանուր առմամբ՝ Փենինգտոնը ցանկացել է ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները, առնվազն իր պատկերացմամբ, ստրատեգիական չեն: Ինչեւէ, Նալբանդյանը նաեւ տեղեկացրել է, որ անձամբ է մեկնելու Վրաստան՝ չնայած Հայաստանի անհանգստությունն առաջացրած այն հանգամանքին, որ Վրաստանի ղեկավարությունը չի համագործակցում Հայաստանում առաջացած վառելիքի ու սննդի պակասի դժվարությունները հաղթահարելու հարցում:
Պարզապես զարմանալի է, որ Նալբանդյանը կարող էր կարծել, թե վրացիները, պատերազմի մեջ լինելով հանդերձ, պետք է մտածեին Հայաստանում առաջացած դժվարությունների մասին: Ի վերջո, Հայաստանի խնդիրների լուծման համար ժողովուրդը «ընտրել» է իշխանություններ, որոնք էլ պետք է զբաղվեին այդ խնդիրներով, այլ ոչ թե պատերազմի օրերին ընթացող Պեկինի օլիմպիական խաղերով տարված՝ զլանային վերադառնալ Հայաստան ու ձեռնամուխ լինել իրենց պարտականությունների կատարմանը: Նալբանդյանը հավելել է, որ իրենք, բարձր գնահատելով վրացիների հետ «հարեւանական հարաբերությունները», թույլ չեն տվել Հայաստանում որեւիցե քննադատություն Վրաստանի հասցեին՝ բեռնափոխադրումների կապակցությամբ հարուցած խոչընդոտների համար: Այստեղ էլ Նալբանդյանը փաստացիորեն խոստովանել է, որ Հայաստանում իշխանությունները սահմանափակել են խոսքի ազատությունը եւ թույլ չեն տվել արտահայտել հրապարակային բողոքն ու դժգոհությունը:
Քննելով ռուսական կողմի վարքը՝ Նալբանդյանը հայտնել է, որ Հայաստանը գտնվում է նրանց կողմից լուրջ ճնշման տակ: Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ Վրաստանից անջատված երկրամասերի անկախությունը ճանաչելն ու դա ԼՂ հակամարտության լուծման համար ուղի դարձնելը սխալ կլինի, ուստի պետք է հավատարիմ մնալ Մինսկի խմբի նախաձեռնած գործընթացին: Նա ավելացրել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային խնդիրները կարգավորելուն ուղղված երեք սկզբունքներին՝ ուժի բացառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: ՀՀ ԱԳ նախարարը խոստացել է հետեւել այս սկզբունքներին հրապարակային ու պաշտոնական հայտարարություններում: Ամերիկյան դիվանագետը, սակայն, այս կեցվածքը հակադրել է Սերժ Սարգսյանի ու ԱԳՆ խոսնակի հայտարարություններին, որտեղ որեւիցե հիշատակություն չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ: Նալբանդյանն արտահայտել է նաեւ ՀՀ ղեկավարության հավատարմությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությանը եւ հավելել, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ դրա վրա:
Զեկուցագիրն ամփոփելով՝ Փենինգտոնը նկատում է, որ ՀՀ Կառավարությունը ոչ մի ուղղակի քննադատություն չի հնչեցրել Ռուսաստանի հասցեին, բայց նաեւ չի էլ ճանաչել վերը հիշատակված տարածքների անկախությունը: Դրանով հանդերձ՝ ամերիկացին անհրաժեշտ է համարում ՀՀ իշխանություններին հասկացնել այն գինը, որը Հայաստանը կվճարի Ռուսաստանի առաջնորդությունը ընտրելու պարագայում: Հատկանշական է, որ ԵՏՄ-ին անդամակցելն արդեն իսկ ցույց տվեց, որ Հայաստանն ընտրել է ռուսական առաջնորդությունը, ինչին ԱՄՆ-ն ոչ մի կերպ չարձագանքեց: Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ ԱՄՆ-ն ԵՏՄ-ն համարում է ի սկզբանե ձախողված, թե՞, այնուամենայնիվ, առաջիկայում ՀՀ իշխանություններին կմատուցվի հաշիվը՝ վերոնշյալ գինը վճարելու համար:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐՏԱԴՐԵՆ
«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջիկայում նախատեսվում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով: Այս նախագիծը հնարավորություն է տալու կրճատել մի շարք հիվանդությունների տարածումը: Սակայն որոշ գործարարների կարծիքով՝ նախագիծը խորը ուսումնասիրված չէ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ այս նախագծի կիրառումը տնտեսվարողների համար ֆինանսական առումով լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ 1 կգ ալյուրի համար ծախսը կազմելու է 1 դրամ, փոխարենը մի շարք հիվանդությունների տարածումը կկանխվի: Այդ հիվանդություններն են սակավարյունությունը երեխաների եւ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ, ինչպես նաեւ՝ բնածին արատները:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ:
-«Ցորենի ալյուրի հարստացման մասին» նախագծի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք:
-Ես այս նախագծի մասին տեղեկացել եմ հեռուստատեսության միջոցով: Ինձ տեղյակ չեն պահել: Կարծում եմ, որ այն իրականացնելու դեպքում կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջանալ: Իհարկե, մեր ընկերությունը տեխնոլոգիայի հարցում խնդիր չունի, որովհետեւ բոլոր անհրաժեշտ սարքավորումները կան: Բայց հարցեր կան: Օրինակ՝ ո՞վ է ուսումնասիրել ե՛ւ մեր տեղական, ե՛ւ ներմուծվող ցորենի բաղադրությունը: Ո՞վ է պարզել, թե Հայաստանի որ շրջանում աճող ցորենը երկաթի որքան պարունակություն ունի:
-Այսինքն՝ նախագիծը խո՞րը ուսումնասիրված չէ:
-Սա հապճեպ որոշում է, որը կայացրեց մեր Կառավարությունը: Ես չգիտեմ, թե ինչի հիման վրա կամ ինչ են ցանկանում դրանով անել: Կան տարրեր, որոնք որ պարտադիր է ավելացնել, դա լրիվ այլ խնդիր է: Օրինակ՝ կերակրի աղն իր մեջ պարունակում է այն քանակությամբ յոդ, որն այնքան էլ մեծ վնաս չի տալիս: Բայց ցորենի դեպքում կարելի է նախ ուսումնասիրել եւ հասկանալ, թե որ շրջանի ցորենը որ տարրից որքան է պարունակում, որպեսզի դրան ըստ պահանջվածի ավելացվի: Թերի է ուսումնասիրված:
-Տեղյակ ե՞ք, որ հարստացված ալյուր չօգտագործելու դեպքում տնտեսվարողի նկատմամբ կնշանակվի 200 մլն դրամ տուգանք:
-Մենք այդ նախագիծը կիրառելու խնդիր չունենք: Եթե Կառավարությունը հանձնարարում է, ապա մենք պետք է ենթարկվենք: Բայց որքանո՞վ է ճիշտ կամ խորը ուսումնասիրված Կառավարության կողմից կայացրած որոշումը: Սա է խնդիրը: Տուգանքի հետ ո՞վ է համաձայնում: Ոչ ոք: Ես պատրաստ եմ աշխատել այդպես: Ամբողջ հարցն այն է, որ որեւէ մեկը ինձ չի կանչել ու չի բացատրել, թե ինչպե՞ս պետք է այն կիրառվի, ի՞նչ քանակությամբ կամ ո՞ր սարքավորումներով: Գոնե պետք է մեկ անգամ կանչեին, խորհդակցեին, քննարկեին, սարքավորումների հետ ծանոթացնեին: Ոչ մի նման բան չի արվել: Միանգամից հեռուսատեսությամբ լսում ենք, որ նման բան կա: Կարծում եմ, որ այս առումով լրացուցիչ քայլ կարվի Կառավարության կողմից: Գուցե՞ մյուս արտադրողների հետ խորհրդակցել են:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԷԿ-Ի ՇՈՒՐՋ
Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, որը կապված է մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների հետ: Այս գործով նշանակված է փորձաքննություն: Նշենք, որ 2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1.000 միլիմետրից 1.200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն:
2012 թվականի մայիսից Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության, շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի հարուցվի քրեական գործ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար:
Այդ դիմումն ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է: 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր: Սակայն դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկել:
Սկզբում Գետահովտի բնակիչները բողոքել են «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ, որովհետեւ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում գետի ձկնային պաշարները: Սակայն բողոքող ձայները լռեցին, երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն Գետահովտում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ