Այսօր մեկնարկում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 169 հարց և 34 միջազգային պայմանագիր:
Սպասվում է, որ այս քառօրյայում կքննարկվի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ կքննարկվի 2015թ. պետական բյուջեի նախագիծը:
Նշենք, որ ԵՏՄ-ի հարցով հիմնական զեկուցողը լինելու է տնտեսական հանձնաժողովը: Հարակից զեկուցմամբ հանդես է գալու արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերը դեմ էին, որ հանձնաժողովը հարակից զեկուցմամբ հանդես գա, սակայն ի վերջո քվեարկությամբ այլ բան որոշվեց:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր մինչև երեքշաբթի ավարտել բյուջեի հետ կապված անավարտ հարցերը և այն ներկայացնել խորհրդարանի դատին: