ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու առթիվ կանխատեսումներ են հնչում, թե լայն դաշտ է բացվելու հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղմթերքների ուղղությամբ, օրեր առաջ սկսված դրամի արժեզրկումը նվազեցնում է լավատեսության հիմքերը:

Դոլարի կանխատեսելի, բայց կտրուկ թանկացումը լուրջ անհանգստություն է առաջացրել նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Լավատեսական տրամադրությունները, թե հատկապես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արդեն ճանաչված եւ գնահատված հայկական գյուղմթերքն ավելի լայն ծավալներով է արտահանվելու դեպի Ռուսաստանի Դաշնություն, կամաց-կամաց մշուշոտ են դառնում: Քանի որ արտարժույթի տատանումը թե՛ այստեղ, թե՛ այնտեղ անորոշ եւ անկայուն է դարձնում այդ հեռանկարը: Արտադրող ընկերությունները, հատկապես նրանք, ովքեր այդքան խոշոր չեն, դժվարանում են, քանի որ ռուսական շուկայում աշխատելու մեծ փորձ չունեն: Դա մտավախություն է առաջացնում, որովհետեւ խոշոր շուկայում տեղ զբաղեցնելը մեծ ռիսկերի հետ է կապված: Իսկ այս դեպքում դրամ-դոլար հարաբերակցությունը է՛լ ավելի է մեծացնում ռիսկերը:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Կարեն Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, դրամի արժեզրկումն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ գյուղատնտեսության ոլորտում:
-Եթե գյուղատնտեսությունն այս դեպքում դիտարկենք որպես տեղական արտադրություն, որի արդյունքի մի զգալի հատվածը պետք է իրացվի արտաքին շուկաներում, ապա ակնհայտ է, որ այլ արժույթների հետ համեմատած էժան դրամը (այս դեպքում՝ չափավոր արժեզրկված դրամը) նպաստում է, որ այդ ապրանքների գները դրսում լինեն ավելի մատչելի: Սա իր հերթին հնարավորություն է տալիս տեղական ատադրողներին առավել ընդլայնել գյուղմթերքների արտադրության ծավալները` ստեղծելու նոր հողատարածքներ եւ նոր աշխատատեղեր:
-Այսինքն՝ 435 դրամի միջակայքում եթե դոլարը կայունանա, դա դրակա՞ն եք համարում:
-Նշված համատեքստում այն դրական է` համեմատած ավելի թանկ դրամի հետ: Եթե սրան ավելացնենք Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունը, որ դրամը կայունացման փուլում է եւ այն, ըստ էության, միջնաժամկետ հեռանկարում պահպանվելու է, ապա դա կարող է բերել արդեն ավելի երկարաժամկետ պայմանագրերի կնքման: Որքան կայուն լինի այդ դաշտը, այնքան ավելի երկարաժամկետ պայմանագրեր կկնքվեն, որն էլ կբերի մեծ քանակի արտադրանքի արտահանման:
-Եթե մեր հիմնական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ ռուբլին նույնպես տատանումների է ենթարկվում, դրա բացասական եւ դրական կողմերի մասին ի՞նչ կասեք:
-Ճիշտ եք, որ ՌԴ-ն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից է: Այդ երկրում ընթացող տնտեսական գործընթացներն ազդում են Հայաստանի վրա ոչ միայն այն պատճառով, որ մեծաթիվ հայաստանցիներ աշխատում են այդ երկրում, եւ ըստ էության հանդիսանում են Հայաստան ուղարկող տրանսֆերտների 90 տոկոսից ավել փոխանցող անձինք, այլեւ այն պատճառով, որ հայկական գյուղատնտեսական ապրանքների մի զգալի քանակն իրացվելու է հենց այդ երկրում: Հետեւաբար ռուսական ռուբլու հետ կատարվող գործողություններն ուղղակիորեն ազդում են նաեւ Հայաստանի գյուղատնտեսության վրա: Ուստի սա եւս մեկ անգամ փաստում է, որ հայկական դրամի ճշգրտումը ռուսական ռուբլու նկատմամբ անհրաժեշտություն էր` առնվազն արդեն իսկ նվաճված ռուսական շուկաները պահպանելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է ռուբլու հետագա ճակատագրին, դա ոչ այնքան հայկական միջամտություն, որքան արտաքին ազդեցություններ են, որոնք մեր կողմից պետք է մանրակրկիտ վերլուծվեն, եւ կատարվեն համարժեք ճշգրտումներ՝ նպատակ ունենալով ապահովելու Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ընդլայնումը՝ նաեւ ի հաշիվ ռուսական շուկա եվրոպական գյուղատնտեսական ապրանքների մուտքի բացակայության:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ

Տեղացած կարկուտն ու վրա հասած երաշտն այս տարի պատճառ դարձան, որ բերքն արդյունավետ չլինի: Շիրակի եւ Կոտայքի մարզերում 2014 թվականի կարտոֆիլի բերքն առատ չէ: Շիրակի մարզի գյուղվարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ակնկալում էին բերքի 5.000 տոննայի աճ, մինչդեռ նվազեց 15.000 տոննայով:

Նշենք, որ կարտոֆիլի բերքի ստացման մեծ ակնկալիք ունեին նաեւ Կոտայքի մարզի բնակիչները, սակայն մարզի Աղավնաձոր համայնքը, որն հայտնի է կարտոֆիլի բերքատվությամբ, այս տարի նույնպես քիչ բերք է ստացել: Գյուղացիների խոսքերով՝ ճիշտ է՝ բերքատվությունը ցածր է, փոխարենը բարձր է բերքի որակը: Բայց չնայած դրան՝ իրացման խնդիր կա: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ գյուղացիների մեծ մասը կարտոֆիլը ձեռքին մնացել է միայնակ: Հայրենի պաշտոնյաներն իրացման խնդիր չեն տեսնում, նշում են, որ արտադրանքը արտահանվում է հարեւան Վրաստանի Հանրապետություն եւ լավ է վաճառվում մայրաքաղաք Երեւանում:
Մինչդեռ ֆերմերները հակառակն են պնդում. վերջիններս վստահեցնում են, որ Վրաստան կարտոֆիլ չի արտահանվում՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ Ռուսաստանի Դաշնություն՝ նույնպես: Եթե նախկինում ֆերմերային տնտեսությունները բերքի 70 տոկոսն արդեն իրացրած էին լինում աշնան կեսերին, ապա այս տարի իրացրել են բերքի 30-40 տոկոսը:
Նշենք՝ կարտոֆիլի պակասի եւ իրացման գլխավոր խնդիրը գնային քաղաքականությունն է: Նախորդ տարի այս ժամանակահատվածում կարտոֆիլի մեկ կիլոգրամն արժեր 100 դրամ, այսօր շուկայում կրկնակի է: Սակայն, ինչպես նշեցին վաճառողները, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ մեծածախ վաճառքի դեպքում արժեքը տատանվում էր կիլոգրամը 180-ի 200 դրամ, հիմա պատրաստ են վաճառել 150 դրամով, այլապես բերքն ընդհանրապես չի իրացվի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

1982թ. ես պաշտպանել եմ աշխատավորների իրավունքը եւ այդ կապակցությամբ ենթարկվել եմ հետապնդման ԱԱԾ-ի կողմից, կատարել են մահափորձ, վկաները եւ փաստերը շատ են: Տարիներ շարունակ դիմել եմ տարբեր մարմինների, ունեմ հոդված «Կոմսոմոլեց» թերթում, որ վերականգնեին իմ խախտված իրավունքները: 07.07.2014թ. դիմեցի ՀՀ արդարադատության նախարարին բողոքով, ստացա պատասխան, որ իմ բարձրացրած հարցի լուծումը դուրս է արդարադատության նախարարության իրավասությունից: 02.09.2014թ. դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին: Որեւէ պատասխան չստանալով՝ դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
19.11.2014թ. ստացա ՄԻՊ-ի որոշումը, որտեղ մասնավորապես ՄԻ-ի պաշտպանը մատնանշել էր, որ ինքը խախտում է տեսել ՀՀ դատախազության աշխատակիցների գործողությունների (անգործության) մեջ:
Նա դատախազությանն առաջարկել էր վերականգնել իմ խախտած իրավունքը, մասնավորպես՝ օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ իմ 02.09.2014թ. ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումին:
Նշան Ղազարյան (հեռ.՝ 077 35 12 48)

 




Լրահոս