ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից

Երեկ Կառավարական 3-րդ մասնաշենքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «արտակարգ» իրավիճակ էր ստեղծել: ԱԻՆ-ը վարժանքներ էր իրականացնել այնտեղ. տարհանվում էին Կառավարության աշխատակիցները: Իրավիճակն այնքան իրական է թվացել, որ Կառավարության շատ աշխատակիցներ հարայ-հրոցով դուրս են փախել շենքից՝ նկատելով ծխի շերտը: Մինչդեռ տեղի ունեցածն ընդամենը փորձ էր՝ ինչպես վարվել հրդեհի ժամանակ:

 

 

 

ՀԱՐՑ. Օրենքի ո՞ր հոդվածով է սահմանված, որ եթե երկու եղբայր գրանցված են նույն հասցեում, ապա մի եղբոր ընտանիքի հաշվառումից դուրս գալու դեպքում նոր միայն մյուս եղբոր ընտանիքին կտրամադրվի անապահովության նպաստ:

Գագիկ Ստեփանյան (55 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից:ՀՀ Կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ՝ սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Համաձայն վերոհիշյալ օրենքի 11-րդ հոդվածի` իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Պահանջվող փաստաթղթերի թվում է նաեւ ՀՀ Կառավարության առընթեր ՀՀ ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի (տեղական ռեգիստր) կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը, կամ գործակալության առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվությունը, որում նշվում է ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված եւ (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ռեգիստրում ընդգրկվելու համար ՀՀ բնակիչը պարտավոր է համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի ռեգիստրին, որտեղ գտնվում է իր նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով պետք է ներկայացնի նաեւ պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանք: Խնդիրն այն է, սակայն, որ քաղաքացին գրանցվելու փաստացի այլ վայր չունի, իսկ միակ ելքը նպաստ տրամադրելու համար նրա գրանցումից դուրս գալն է: Դուրս գա, մնա օդի մե՞ջ: Հետաքրքիր է՝ արդյոք օրինաստեղծ մարմինները հաշվի՞ են առնում նման «մանրուքներ», թե նրանց խնդիրն օրենք դակելն է միայն:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք, եթե թարգմանված գրականության տակ նշվել է միայն թարգմանչի անունը, ինչը օրենքով համարվում է «հեղինակային իրավունքի խախտում», ապա տվյալ դեպքում ի՞նչ պատժամիջոց է կիրառվում թարգմանչի նկատմամբ:

Հարություն Առաքելյան (49 տարեկան, թարգմանիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր նշած դեպքում խախտվել է հեղինակի անձնական իրավունքը, մասնավորապես՝ անվան իրավունքը եւ գույքային իրավունքները, իսկ իրավախախտող է համարվում ոչ միայն թարգմանիչը, այլեւ հրատարակիչը, որը ստեղծագործությունը հրատարակելուց առաջ պետք է պահանջեր թարգմանչից ներկայացնել հեղինակի հետ կնքած գրավոր թույլտվության պայմանագիր, որի հիման վրա էլ արդեն կհրատարակեր նշված ստեղծագործությունը:
«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հեղինակը կամ հեղինակային իրավունքի իրավատերը, դատական կարգով, իրավախախտողից կարող է պահանջել՝
1. իր իրավունքների ճանաչում.
2. մինչեւ իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում եւ իրավունքը խախտող գործողությունների կասեցում.
3. նմանակված օրինակների բռնագրավում կամ ոչնչացում.
4. վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը) օրենքով սահմանված կարգով.
5. հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որն իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ փաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը:

Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ այս դեպքում թարգմանչի հետ միաժամանակ պատասխանատու է նաեւ հրատարակիչը, որը ստեղծագործությունը հրատարակելու ժամանակ պետք է պահանջեր նաեւ հեղինակի հետ կնքած գրավոր թույլտվության պայմանագիրը, իսկ թե ի՞նչ պատիժ կսահմանվի, դա որոշվում է արդեն իրավատիրոջ հայեցողությամբ՝ նշված կետերի համաձայն:




Լրահոս