Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում պատանդ է մնացել. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի խմբագրություն է դիմել Ռուսաստանում ապրող մի հայ ընտանիք: Երեք անչահաս երեխաներ և հաշմանդամ մայր ունեցող Գրիգոր Գևորգյանը հայտնվել է անելանելի վիճակում, սակայն նրան չի ցանկանում օգնել Հայաստանի ոչ մի գերատեսչություն: Մեր զրուցակիցը Armlur.am-ին ներկայացրեց իր պատմության բոլոր մանրամասները:

Այսպես, 2009թ. Գրիգոր Գևորգյանի մոտ որոշակի ֆինանսական խնդիրներ են առաջացել: Նա պայմանավորվել է մեքենաների առք ու վաճառքով զբաղվող իր ընկերներից մեկի հետ, ով Գրիգորին մեքենա է տվել, որ վաճառի, կարիքները հոգա, ապա մի որոշ ժամանակ անց վերադարձնի այն: Գ. Գևորգյանը 5500 դոլարով Opel մակնիշի մեքենան վաճառում է Գևորգ Չոբանյանին, պայմանները ձեռնտու են լինում և երկու կողմերը համաձայնության են գալիս: Գևորգ Չոբանյանը կարողանում է 6500 դոլարով մեքենայի համար սիրիահայ գնորդ գտնել և որոշում է վերավաճառել մեքենան: Այդ ժամանակ Գրիգոր Գևորգյանը կապ է հաստատում մեքենայի սկզբնական տիրոջ հետ և պարզում, որ որևէ խնդիր չկա և ամեն ինչ ուժի մեջ է:

2009թ. մարտ-ապրիլ ամիսներին Գևորգ Չոբանյանն  ու իր կինը այդ մեքենայով գնում են Էջմիածին: Այդ ժամանակ մեքենայի սկզբնական տիրոջ տղան, ով նոր էլ վերադարձել Գերմանիայից, իր ընկերների հետ  փակում է մեքենայի ճանապարհը, նրանց իջեցնում և խլում մեքենան: Գևորգ Չոբանյանը մեր զրուցակցից պահանջել է ետ վերադարձնել մեքենայի գումարը:

Մեր զրուցակիցը պատմեց, որ մեքենայի վաճառելու ժամանակ ոչ անվանափոխում է եղել, ոչ էլ մաքսազերծում: Գրիգոր Գևորգյանը չի բացառում, որ այդ մեքենան նույնիսկ կարող էր Գերմանիայից գողացված լիներ, սակայն ամեն ինչ կատարվել է միմյանց վստահելով: Երբ Գևորգ Չոբանյանը պահանջել է իր գումարը, մեր զրուցակիցն արդեն Ռուսաստանում է եղել: Նա քրոջն ուղարկել է Գևորգի կնոջ հետ նոտար, որպեսզի համապատասխան փաստաթղթերով ամրագրեն, որ պարտք են: Այդ օրերին նա 1000 դոլար տվել է Գևորգ Չոբանյանի կնոջը: Այդ տարիներին Գրիգոր Գևորգյանը սրտի խնդիրներ է ունեցել, նրա կինը երեխաների հետ մեկնել է Ռուսաստան, մի որոշ ժամանակ անց մեկնել են նաև քույլրն ու մայրը:

2013թ. Գրիգոր Գևորգյանի ընտանիքը պատահաբար պարզում է, նրա հանդեպ հետախուզում է հայտարարված: Քրեական գործը հարուցվել է խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու մեղադրանքով: Այդ ժամանակ Հայաստան է եկել Գրիգորի կինը և ամբողջ պարտքը մարել: Ընտանիքի դատապաշտպանը պարզում է, որ 2009թ. նոտարով հաստատված փաստաթղթով Գևորգ Չոբանյանի կինը՝ Անահիտ Չոբանյանը, դատարան է դիմել, իսկ վերջինս էլ Գրիգորի քրոջ ունեցվածքի վրա կալանք դնելու որոշում է կայացրել: Այժմ ամեն պարտք մարված է, սակայն մեր զրուցակցի հետախուզումը դեռևս չի դադարեցվել: Գրիգոր Գևորգյանը դիմել է տարբեր ատյանների, սակայն` անօգուտ:

«Հայաստանում բեսպրիդելն էն աստիճանի է նստած, որ եթե ինչ-որ մեկի նույնիսկ 7-րդ պորտի բարեկամն է ուզում, ամեն ինչ կանեն: Բոլորին դիմումներ է գրվել դատապաշտպանի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանին եմ զանգել, մեր Հայաստանի պաշտպանն իրեն նենց պահեց, որ նույնիսկ Վլադիմիր Պուտինն իրեն տենց չի պահում: Իսկ ես զանգել եմ Ռուսաստանի պաշտպանին ու նա միանգամից պատասխանել է: Նույն կերպ վարվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը», – մանրամասնում է Գրիգորը:

Նրա խոսքով, Հայաստանից միայն կտրուկ պատասխաններ են գալիս և ոչ մեկ հաշվի չի առնում, որ նրա խնամքին երեք անչափահաս երեխա , կին և հաշմանդամ մայր կա:

«Ինձ կոպիտ պատասխան է գալիս «Ձեզ մերժում ենք, ու մեզ հետաքրքիր չի քո երեխեքն անտեր կմնան, պատերի տակ կմնան, քո մայրը կմահանա, չես կարող թաղել այ տղա ջան, դու պետք է գաս, որ քո վրայից հանենք հեախուզումը»: Հանեք իմ հետախուզումը՝ գամ, ես կալանավորի կարգավիճակում չեմ գա: Ես իմ դիմումները պատրաստել եմ, վաղն ուղարկելում եմ 175 երկրի: Ես կողքից նայում եմ, որ եթե փորձեն Ռուսաստանի քաղաքացուն ինչ-որ տեղ բան անեն, կտոր-կտոր կանեն: Ի տարբերություն հայերի, ռուս ընկերներս են ինձ օգնում: Թող հանրությունը կարդա, թեկուզ հանցագործ եմ, գթասրտություն չկա, որ երեք անչափահաս երեխա կա, դա հաշվի չեն առնում: Էսքան բանից հետո ես ասեմ, որ հա՞յ եմ, ես արդեն ամաչում եմ, որ ասեմ` հայ եմ», – հայտարարեց նա:

Գրիգորը պատմեց, որ այժմ ապրում են իր ռուս ընկերների հաշվին, ովքեր նրանց գումար և ուտելիք են տալիս: Արդեն մեկ տարուց ավելի է ՝ նա չի կարողանում տանից դուրս գալ և աշխատել: Մեր զրուցակիցը միայն պահանջում է, որ իր վրայից հանեն հետախուզումը և նա պատրաստ է գալ Հայաստան ու կանգնել դատարանի առջև:




Լրահոս