ՀԱՐՑ. Մեր խանութի դիմաց կան պաղպաղակի սառնարաններ, որոնք միայն ամռանն ենք օգտագործում: Ձմռանը մեզ ասացին, որ պաղպաղակի սառնարանը տեղափոխենք, քանի որ այդտեղ մնալու դեպքում պետք է տուգանք վճարեինք, բայց այդպես էլ չհասկացա՝ եթե դրսում դրված է սառնարանը, բայց չեմ օգտագործում, ապա ինչո՞ւ պետք է տուգանք վճարեմ: Խնդրում եմ նաեւ ասել՝ բացօթյա առեւտրի թույլտվության համար նախատեսված տուրքը որքան է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը տեղեկացնում է, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.1 կետի համաձայն՝
1. բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը,
2. թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հանքային հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը,
3. բացօթյա առեւտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակն ապահովելու համար:
Իսկ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության համար սահմանված է տեղական տուրք, որի դրույքաչափը Երեւանի ավագանու 23.11.2011թ. «Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին» համար 333-Ն որոշմամբ սահմանված է յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ:
Բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության ժամկետը լրանալուց հետո թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պաղպաղակի եւ ըմպելիքների սառնարանները տեղափոխել, հակառակ դեպքում այն կարող է դիտվել որպես պետական եւ (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել արձանագրություն եւ նշանակվել տուգանք:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականաբար, անիմաստ է ձմեռային ամիսներին պաղպաղակի ու սառը հյութերի սառնարանները պահել՝ դրա համար հենց այնպես վճարում կատարելով: