ԴՐՍԻՑ ՏՂԱ Է ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել` այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»: Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան «ուղարկել» Սերժ Սարգսյանի մոտ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս.Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով, որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում: Նկատենք, որ «իշխանությունների վրա դրսից տղա բերելը» Արթուր Բաղդասարյանի գործելաոճն է. շատերը կհիշեն տարիներ առաջ անգլիացի դիվանագետի հետ Ա.Բաղդասարյանի գաղտնալսված զրույցը, երբ նա փորձում էր համոզել օտարերկրացի դիվանագետներին ճնշումներ բանեցնել ՀՀ իշխանությունների վրա, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը դավաճան անվանեց նրան: Իսկ ավելի վաղ, երբ նա զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, ՀՀԿ-ականները հաճախ էին բարձրաձայնում, որ նա այդտեղ հասել է դրսի՝ մասնավորապես ֆրանսիայի իշխանությունների միջամտության արդյունքում: Այնպես որ, հիմա էլ նա Մաքսային միության ճանապարհին փորձում է մտնել ռուսների տանիքի տակ:

 

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Բորդյուժան Հայաստանում է` գործնական հարցեր քննարկելու համար. «Իսկ երկրի վարչապետ նշանակելու իրավասությունը երկրի նախագահինն է, ով խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնի»:

 

 

Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում դարձյալ շրջանառվում էին 3 անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան: Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է: Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ խորհրդարանի իր աղբյուրներից՝ Հ. Աբրահամյանն արդեն սկսել է թիմակիցներին պատրաստել՝ ՀՀ կառավարություն գնալու հարցում: Երեկ ողջ օրը ԱԺ նախագահի մտերիմները կառավարության կահավորման հարցերն էին կարգավորում՝ դեռեւս մտովի: Միայն թե այս անգամ էլ երազախաբ չլինեն: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Աբրահամյանից հետաքրքրվել՝ ստացե՞լ է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ, մեզ փոխանցեցին, որ նա զբաղված է:

 
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության եւ Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում: Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական եւ այլ խնդիրներով: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն այնտեղից նշեցին, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն այդ մասին: Անհասանելի էր նաեւ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնակատար Հ. Բերբերյանը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 30-ին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր: Բաղրամյան 26-ում նա մի քանի ժամ է անցկացրել, ապա հեռացել է: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա այդ օրը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Վերահսկիչ պալատի տարեկան՝ 2013-ի հաշվետվությունը, որտեղ առկա են բազմաթիվ սկանդալային բացահայտումներ (այդ մասին «Ժողովուրդ»-ը հրապարակել է ապրիլի 2-ի համարում): Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, Կառավարությունը մտադիր էր ՎՊ լիազորությունները կրճատել՝ արգելելով այդ կառույցին որեւէ գնահատական տալ իր բացահայտումներին: Չի բացառվում, որ Սարգսյանի հրաժարականի վրա ազդեցություն են ունեցել նաեւ ՎՊ նախագահի ներկայացրած փաստերը, որոնք քողարկելու համար Տ. Սարգսյանը հատուկ օրենք էր մշակել: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել նախագահի նստավայրից, սակայն մեր հեռախոսազանգերը ողջ օրվա ընթացքում անպատասխան մնացին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

 

Տիգրան Սարգսյանի անսպասելի հրաժարականի հետ կապված երեկ ողջ օրվա ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ: Եվ ինչպես որ սովորաբար լինում է նման դեպքերում` քաղաքական բոլոր դերակատարներն այս կամ այն կերպ այդ փաստը փորձում էին ներկայացնել որպես հենց իրենց պայքարի արդյունքում ձեռքբերված հաղթանակ: Մի կողմ թողնելով այն հարցը, թե ում հաղթանակն էր դա, եւ արդյոք` առհասարակ հաղթանակ էր, փորձենք հասկանալ, թե Տ. Սարգսյանի հրաժարականով որ ուժերը պարտվեցին Հայաստանում:
Գաղտնիք չէ, որ Տ. Սարգսյանը մշտապես ընկալվել է որպես արեւմտամետ գործիչ, եւ իր պաշտոնավարման առնվազն հինգ տարիներին հնարավորինս ձգտել է Հայաստանում ներմուծել եւ արմատավորել արեւմտյան չափանիշներ, ընդ որում՝ ոչ միայն դրական: Նա մշտապես առաջ է տարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների շահերը, երբեմն` ի հակառակ մեր երկրի շահերի: Իսկ այդ կառույցներն էլ տանիք են հանդիսացել Տ. Սարգսյանի համար` անհրաժեշտության դեպքում աջակցելով նրան նեղ իրավիճակներում:
Եվ սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելիորեն որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն, Արեւմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի, ՀՀ իշխանական վերնախավում կորցնելով ազդեցությունը` փորձում էր իր շահերն առաջ տանել Տիգրան Սարգսյանի միջոցով: Ու թեեւ վերջինս փորձում էր ներկայացնել, թե ինքը որեւէ խնդիր չունի ռուսների հետ, ակնհայտ էր, որ դա այդպես չէ, եւ որ նրա քաղաքական հովանավորները հակառակ բեւեռում են:
Պատահական չէր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ամեն կերպ սատարում էր վարչապետի առաջ քաշած ծրագրերը, այդ թվում եւ` կուտակային կենսաթոշակային տխրահռչակ համակարգի ներդնումը: Անգամ ՍԴ որոշումից հետո, ԱՄՆ դեսպանը չվարանեց կրկին իր հրապարակային աջակցությունը հայտնել վարչապետի նախագծին: Սակայն այն բանից հետո, երբ մամուլում արտահոսք եղավ Տիգրան Սարգսյանի եւ կուտակային ֆոնդերից մեկի ղեկավարության միջեւ սերտ կապերի մասին, ինչը բացահայտ ակնարկ էր առ այն, որ Տ. Սարգսյանն անձնական շահագրգռվածություն ունի այդ ֆոնդերում ներդրվող գումարների մասով, Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, հասկացավ, որ ախմախ չլինելու մասին իր եզրակացությունում փոքր-ինչ շտապել է:
Եվ արդյունքում` Արեւմուտքն ու ԱՄՆ-ը զրկվեցին Հայաստանի իշխանական վերնախավում ունեցած, ըստ էության, վերջին հենարանից: Այդպիսով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փաստորեն, ձախողեց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումն ապահովելու առաքելությունը, հետեւաբար` չի կարելի բացառել, որ առաջիկայում նա եւս հետեւի Տ. Սարգսյանի օրինակին եւ հրաժարական տա առնվազն ՀՀ-ում դիվանագիտական աշխատանքից:

 




Լրահոս