ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ կառավարության փոփոխությունը պատճառ է հանդիսանալու, որպեսզի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առկա հակասահմանադրական կետերի փոփոխությունները հետաձգվեն: Մեր զրուցակիցը նշեց, որ վարչապետի նշանակումից եւ ՀՀ կառավարության ձեւավորումից հետո միայն իրենք կսկսեն զբաղվել օրենքի բարեփոխմամբ:
-Պարոն Հակոբյան, Դուք Սահմանադրական դատարանում հանդես էիք գալիս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պաշտպանությամբ: ՍԴ-ն օրենքի որոշ հոդվածներ համարեց Սահմանադրությանը հակասող, ինչից հետո Դուք հայտարարեցիք, որ Ձեր հետագա քայլերը պարզ կդառնան, երբ Դուք ՍԴ որոշումն ուսումնասիրեք: Հիմա Ձեզ համար պա՞րզ են օրենքի հետ կապված Ձեր հետագա քայլերը:
-Մենք պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը փոփոխված օրենք ունենանք: Սա մի օրենք է, որն ընդգրկում է ամբողջ համակարգը, սրա համար պետք է ստեղծվի հատուկ թիմ, ամբողջ համակարգից ընգրկելով մարդկանց, որպեսզի կարողանան նշված բոլոր հոդվածները վերլուծեն, նոր օրենքը ներկայացվի ԱԺ` քննարկման: Այսինքն՝ մենք օրենքը ներկայացնում ենք հետեւյալ կերպ. կառավարությունը պետք է ինքն օրենքի նախնական նախագիծը ստեղծի, կառավարության նիստով անցկացնի, ուղարկի ԱԺ, հետո հանձնաժողովը երկու անգամ քննարկի հարցը, որից հետո նոր տանենք Ազգային ժողովի դահլիճ: Իմ քայլերը հստակ են, ու ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են նախագծի մշակմանը, բոլորն էլ գիտեն, թե ինչ պետք է անեն: Ես պարզ բան եմ հայտարարել, որ մենք պետք է կարդանք, հասկանանք ՍԴ որոշումն ու հստակեցնենք մեր անելիքները:
-ՀՀ նոր կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն նշանակալի փոփոխություններ…
-Դե, փոփոխություններն ավելի վատացրեցին վիճակն այն առումով, որ դեռեւս պետք է նոր կառավարությունը, նոր թիմը ձեւավորվի, որից հետո նոր մենք կկարողանանք այդ օրենքի վրա աշխատել: Իսկ դա վիճակն ավելի վատացրեց:
-Այսինքն՝ կառավարության փոփոխությունը, ՀՀ նոր վարչապետի նշանակումը վա՞տ ազդեցություն է ունենալու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վրա:
֊-Ժամանակի առումով՝ վատ ազդեցություն ունենալու է, որովհետեւ մենք պետք է սպասենք այնքան, մինչեւ ձեւավորվի նոր կառավարությունը, որի ավարտից հետո նոր կլինի օրենքի փոփոխությունը:
-Մտավախություն չունե՞ք, որ նոր վարչապետի նշանակումից հետո գուցե ընդհանրապես հարցականի տակ դրվի օրենքի հետագա «ճակատագիրը», գուցե նոր վարչապետը դեմ լինի այս համակարգին:
-Ես, ճիշտն ասած, չեմ կարծում… ես դեռ չգիտեմ էլ իր կարծիքը, նոր վարչապետը պետք է նշանակվի, որ նոր կարծիքն արտահայտի, չէ՞: Այս օրենքի հիմքը դրված է եղել 2003 թվականից: Մենք այս տարիներին աշխատել ենք ու միայն նոր կառավարության ձեւավորումից հետո պարզ կդառնա ամեն ինչ:
-Բայց հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին նախագիծը կյանքի կոչվեց, գուցե նրա հեռանալուց հետո…
-Դե, դա կապված է հետագա քաղաքականությունից, մենք արդյոք շարունակելու ենք մեր հետագա աշխատանքներները, արդյոք պահելու ենք օրենքը. այս բոլորը խնդիրներ են, որոնք իմ իրավազորության մեջ չեն մտնում:
-Տեղեկություններ կան, որ Տ. Սարգսյանի հրաժարականի պատճառը եղել է ՍԴ որոշումը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Ես ինձ համար նման եզրահանգում չունեմ:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց:
-Ես չգիտեմ, չեմ կարող ասել:
-Կուսակիցներով չեք քննարկե՞լ, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:
-Ոչ, կուսակցությունում չենք քննարկել, ՀՀԿ խորհրդի նիստ չի եղել:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը «զոհել» է Տիգրան Սարգսյանին` իր իշխանությունը պահելու նպատակով: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե Տ. Սարգսյանին իշխանությունները «ժերտվա» են տվել: Ինչ կասեք:
-Դե լավ, ամեն մեկն էլ հիմա մի բան կասի, հո ամեն ինչին չի կարելի անդրադառնալ:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ է լինելու ՀՀ նոր վարչապետը, Դուք ունե՞ք Ձեր նախընտրելի թեկնածուն:
-Դուք վարչապետի նշանակման կարգը գիտեք, ու կարծում եմ, որ կարիք չկա այդ հարցն ինձ տալու: Մենք խորհրդի նիստ չենք արել: Ինձ համար միեւնույն է անձի անունը, ազգանունը, հայրանունը: Ինձ համար կարեւորն այն մարդն է, ով կուզի եղած իրավիճակը շտկել:
ԵԽԽՎ-ՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Երեկ մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որի ընթացքում հայկական պատվիրակությունը Քեսաբի դեպքերի հետ կապված ելույթներ է ունեցել: Իսկ հինգշաբթի օրը կայանալիք նիստի ժամանակ տեղի կունենա քվեարկություն՝ ռուսական պատվիրակների հավատարմագրերի վերանայման վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քվեարկությանը կմասնակցեն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավանական է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես չի մեկնել Ստրասբուրգ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիազորությունները վերանայելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ԵԽԽՎ 74 պատգամավոր: Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է լքել ԵԽԽՎ-ի նիստը, եթե իր դեմ ուղղված բանաձեւ ընդունվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայկական պատվիրակությունը սպասում է բանաձեւի վերջնական տեսքին. եթե նախագծում ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն, ապա մերոնք «դեմ» կքվեարկեն:
Ինչեւէ, երեկ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ ելույթ է ունեցել «Save Kessab» (Փրկենք Քեսաբը) շապիկով: «Մարտի 21-ին թուրքական զորքերը մտան Սիրիայի տարածք` Քեսաբ, որտեղ հիմնականում հայեր են ապրում, այդ բնակավայրերը գնդակոծվեցին: Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Չե՞ք կարծում, որ մեր ինստիտուտը պետք է արժանի կերպով գնահատական տա այդ իրադարձություններին»,-Ավստրիայի արտգործնախարար, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցին հարց է ուղղել Զոհրաբյանը: Ինչին Կուրցը պատասխանել է. «Քաղաքացիական բնակչության, մարդու իրավունքների պաշտպանությունը մեր ընդհանուր եւ առաջնահերթ հետաքրքրությունն է: Բոլորը պետք է լինեն պաշտպանության տակ` անկախ ազգային պատկանելությունից: Այն դեպքը, որի մասին դուք նշեցիք, անհրաժեշտ է լույս սփռել այդ իրադարձությունների վրա»: Քեսաբահայության հարցերով ելույթ է ունեցել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կառույցի նախագահ Անն Բրասյորը պատասխանելով ԵԽԽՎ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցին՝ հայտնել է, որ Ադրբեջանի եւ ՀՀ պատվիրակությունների ղեկավարների միջեւ հանդիպումները կշարունակվեն:
«Այստեղ պետք է երկխոսություն վարել առաջին իսկ առիթի դեպքում: Դա պետք է ընթանա առանց փոխադարձ մեղադրանքների: Ես կփորձեմ շարունակել երկու երկրների պատվիրակությունների միջեւ երկխոսությունը եւ մտադիր եմ երկու պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել իմ աշխատասենյակ եւ նրանց հետ կարծիքներ փոխանակել այս հարցի շուրջ: Այսուհետ ես կփորձեմ հասնել համատեղ հանդիպումների, քանի որ այս երկխոսությունը պետք է ակտիվացնել»,- ասել է Բրասյորը:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՉԳԻՏԵՆ ԵՐԲ
«Հրաշալի քառյակ»-ի առաջնորդների հանդիպումը գնալով առարկայական է դառնում. «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ առաջարկելով քառյակի կուսակցությունների ղեկավարների հանդիպում, «որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության եւ համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ»: Այս հայտարարությանն անմիջապես արձագանքեցին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսնակի միջոցով փոխանցել է, որ ինքը որեւէ խնդիր չի տեսնում հանդիպման համար: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս նշել է, որ իրենք ի սկզբանե հայտարարել են՝ պատրաստ են այդ հանդիպմանը: ՀՅԴ-ն դեռեւս չի արձագանքել հանդիպման առաջարկին. նրանք պատրաստվում են իրենց դիրքորոշումը հստակեցնել քառյակի առաջիկա հանդիպման ժամանակ: ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հանդիպման առաջարկը նոր է հնչել եւ դեռեւս իրենք չեն հստակեցրել ժամկետները։
ԲՈՒԼԿՈՒ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, թերեւս, կարելի է համարել ամենահարուստ նախարարներից մեկը: Բանն այն է, որ հայտարարագրել է երկու բնակարան, ավտոկանգառ, ավելի քան 8 մլն դրամի բաժնետոմսեր, ինչպես նաեւ՝ երկու հողամաս: Բայց ամենաուշագրավը նրա ֆինանսական միջոցներն են. 2011թ. նա ունեցել է 30 մլն դրամ, 6 հազար 450 եվրո եւ 705 հազար 920 դոլար, իսկ ահա 2012թ. այդ ունեցվածքն ավելացել է՝ դառնալով 54 մլն դրամ, 8200 եվրո եւ 750 հազար դոլար:
Փաստորեն Արամ Հարությունյանը որ իր պաշտոնավարման ժամանակ աղետալի վիճակում է հասցրել ՀՀ ընդերքը, ջրազրկել այն, մյուս կողմից` ուղղակի հարստություն է դիզում:
ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պատասխանելով armlur.am-ի հարցին՝ ո՞րն է եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության ամենամեծ բացթողումը, ասել է. «Ես չեմ կարող ասել»: Ինչ վերաբերում է նոր վարչապետի թեկնածուներին, Ղահրամանյանի գնահատմամբ՝ «Կան բավականին թվով մարդիկ, ովքեր արժանի են եւ կարող են զբաղեցնել վարչապետի պաշտոնը»։ «Իսկ այդ մարդիկ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կազմից են»` հարցին էլ տվել է կանխատեսելի պատասխան` «Իշխանության»: