Այսօր մի քանի պատգամավորներ լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին իրենց կարծիքը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող նախագծի մասին:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե չի ստորագրի փաստաթղթի տակ: «Այդ հարցը պետք է շատ մանրակրկիտ քննարկվեր: Ոչ, ես չեմ միանալու, բացատրությունների կարիք չկա, իմաստ չկա, հասկանում եք, շտապում ենք, ես առիթ չեմ ունեցել նրա լսելու, ոտքի վրա նման խնդիրներ ինձ համար գոնե քննարկելի չեն»,- նշեց Խ. Քոքոբելյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն արձագանքեց այսպես. «Ո՞ւր ա ընդեղ իմպիչմենտ… ես կարդացել եմ ու այդ տեքստը ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր»:
ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն առհասարակ նախագծի մասին ոչինչ չասաց: Լրագրողի այն հարցին, թե աշունը մնաց ետևում, ինչպիսի ձմեռ է սպասվում քաղաքական դաշտում, նա նշեց. «Ծանր, շատ ծանր ձմեռ է մեզ սպասվում»: