Այսօր խորհրդարանի նիստում ներկայացվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչման մասին» որոշման նախագիծը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այդ որոշման վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել և այն պետք է քվեարկեն առանձին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ պարզապես խնդրում են նախագծի հեղինակին ետ վերցնել որոշման նախագիծը՝ փոփոխություններ կատարել և նոր բերել լիագումար նիստ:
«Մեր մոտեցումն այն է, որ միասին ավելի լավ տեքստ մշակենք, ու ավելի խորքային քննարկումով հանգենք մեկ ընդունելի տարբերակի, որովհետև եթե դրվեց քվեարկության, Դաշնակցությունը այլ բան չի կարող քվեարկել, քան` կողմ»,- նշեց Արմեն Ռուստամյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես առաջարկեց ետ վերցնել նախաձեռնությունը:
Ի վերջո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում իր նախագիծը.«Ես ետ կվերցնում, խնդրում եմ բոլորդ տվեք ձեր առաջարկությւոնները»: