ԱՄԵՆԱՀԱՅԵՑԻ ՄԻՐԳԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի  հանրապետության շուկաներում հայտնվի “ամենահայեցի” միրգը` ծիրանը: Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին ծիրանը բավական թանկ էր, ու ազգաբնակչության միայն ապահովված մասը կարողացավ համտեսել հայկական մրգատեսակը:
2011թ.-ի տարեվերջին՝ լրագրողների հետ հանդիպումներից մեկի ընթացքում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակեց այն ապրանքների ցուցակը, որոնք 2012 թվականին “թանկանալու են կարկուտի պատճառով”: Բացի կարկուտի ավանդական զոհ բանջարեղենից, ըստ վարչապետի՝ ակնկալվում է, որ 2012-ին “ինովացիոն թանկացումներ” կարձանագրվեն նաեւ այլ ապրանքատեսակների շարքում: Այս ցանկում առաջին սյունակը զբաղեցնում է ծիրանը, որը, ըստ կանխատեսումների, ունի թանկացման ամենաբարձր ցուցանիշը՝  20%  գնաճ:  Ձուն եւ խնձորը գրեթե նույնաչափ են թանկանալու՝ մոտ 20-30 տոկոսով, բենզինը՝ 7-9 %-ով,  շաքարը՝ 100 դրամով, իսկ ցանկն 9%-ով եզրափակում է ԱՊՊԱ-ն: Թե ինչու է կառավարության ղեկավարը վերոնշյալ ապրանքների թանկացումները կապում կարկտահարության հետ, բացատրություն եւ տրամաբանություն չենք գտնում: ԶԼՄ-ների հրապարակումների՝ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարարը դեռ չի հաստատել՝ “ցոգոլային” վիճակում գտնվող ծիրանը թանկ է լինելու, թե ոչ, բայց ասել է. “Մենք հանրությանը չենք հիասթափեցնի”: Ինչ նկատի ունի Սերգո Կարապետյանը՝ “հիասթափեցնել” ասելով՝ դժվար չէ կռահել: Անկախ ծիրանի նախատեսվող առատությունից՝ նախարարը հոգեբանորեն պատրաստում է հանրությանը, որ ծիրանն էժանանա` չի վաճառվելու: 
Որոշ փորձագետներ ծիրանի սպասվող թանկացումները կապում են ընտրությունների հետ: Չնայած ընտրությունների ժամանակ ծիրանը դեռ գտնվում էր խակ վիճակում, սակայն ընտրությունների ելքից էր կախված հասուն ծիրանի գինը: Մի քանիսն անգամ կատակում են՝ ասելով, թե գյուղնախարարությունը հայեցակարգ է մշակել, որով պետք է արդարացվի 2012թ. ամռանը ծիրանի բարձր գինը՝ դա կլինի “կարկուտի, գուց” մոլորակների դասավորության կամ, ասենք, բջջային հեռախոսի պատճառովե: “Ժողովուրդ”-ը թեմայի շուրջ հարցում անցկացրեց շարքային քաղաքացիների շրջանում, որոնք ոչ միայն դժգոհեցին ծիրանի գնից, այլեվ հետընտրական շրջանում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում “ժողովրդին ամեն կերպ ու ամեն ձեւով քերթելով” դատարկ բյուջեն լցնելուց: 
Հուսանք, որ հակակարկտային կայանների շահագործումը կբերի եղանակի դինամիկ փոփոխության, որի պարագայում հնարավորություն կստեղծվի, որպեսզի հաջորդ տարիներին կարկուտի տեղումներ չլինեն, ու Հայաստանում գյուղատնտեսությունը քիչ տուժի:
Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս