ՉԻ ՈՒԶՈՒՄ ՍԵՐԻԱԼԻ ՏՂԱ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր կարիերան սկսեց սերիալներից, բայց շուտ որոշում կայացրեց թողնել այդ ոլորտն ու հիմա ավելի լուրջ զբաղվում է իր ուսմամբ ու աշխատում թատրոնում: Ծնվել է 1992 թվականին, սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանի կուրսում: Ավարտել է “Հայֆիլմ” կինոդերասանի ստուդիան: Նկարահանվել է “Որբերը”, “Աննա”, “Լիալուսին” սերիալներում:
-Կարիերադ սկսեցիր սերիալներում նկարահանվելով, մտավախություն չկա՞ր, որ ,սերիալի տղաե արտահայտությունը կկպչի քեզ:
-Հիմա այդ արտահայտությունն արդեն կպել է ինձ, բայց չեմ ուզում, որ այդպես ասեն, դրա համար էլ որոշ ժամանակով թողել եմ այդ ամենը, զբաղվում եմ իմ դասերով, հիմա էլ ընդունվել եմ Սունդուկյան թատրոն: Անցած ամիս թատրոնում 3 պրեմիերա տեղի ունեցավ: Ինձ համար թատրոնը բոլորովին այլ է, իսկ ֆիլմում նկարահանվելն այսօր դարձել է շատ հեշտ պրոցես, բոլորն ուզում են նկարահանվել, բայց չեն գիտակցում, որ պետք է ունենան անցած ճանապարհ:
-Թատրոնո՞ւմ է լավ, թե՞ նկարահանման հրապարակում:
-Անկեղծ ասած, ես հաճույք եմ ստանում ե՛ւ սերիալում նկարահանվելուց, ե՛ւ թատրոնում, բայց թատրոնը լրիվ ուրիշ է: Ֆիլմում եթե շփոթվես էլ, երկրորդ դուբլը կա, իսկ թատրոնում չկա մոնտաժ, երկրորդ դուբլ, հանդիսատեսն ամեն ինչ զգում է, դրա համար էլ պետք է զգոն լինես: Այս պահին իմ ուսումն ինձ համար կարեւոր տեղ է զբաղեցնում:
-Դիպլոմի համա՞ր ես սովորում, թե՞ իսկապես սիրով ես սովորում:
-Դիպլոմը կարեւոր չէ, կարեւորը քո մեջ իմանաս՝ ինչքանով ես զարգացած, շատ կարդաս, որ մասնագիտությանդ մեջ չխեղճանաս:
-Դու կարդո՞ւմ ես:
-Այո՛, կարդում եմ: Իմ մայրը ռուսերենի դասախոս է: Երբ նոր էի սկսել սովորել, հարցնում էի նրան՝ ինչ կարդամ, բայց ուզում էի ռուսերենով կարդալ, որ լեզուս բացվի, քանի որ պետք է մեկնեի երկրից, չնայած շուտ-շուտ եմ գնում-գալիս: Կարդացել եմ նաեւ հայ գրականություն: Իմ պապի հոր պապին եղել է Սամսոն Տեր-Պողոսյանը` Խենթը: Իմ առաջին գիրքն էլ Րաֆֆու ,Խենթե-ն է եղել, որովհետեւ պապիկս ինձ ասում էր՝ դու այդ ցեղից ես, կարդա՛, տե՛ս՝ մենք ով ենք, որտեղից ենք եկել: Պետք է ափսոսանքով նշեմ, որ մեր սերունդը չի սիրում կարդալ:
Սկզբում ես էլ ստիպողաբար էի կարդում, երբ ընդունվում էի ինստիտուտ, պետք է 65 հատ գիրք կարդայի, ինչը ես արեցի ու Թատերական անվճար ընդունվեցի:
-Ասացիր՝ գնում-գալիս ես, այդ ո՞ւր ես գնում ու հետ գալիս:
-Ծնողներիս մոտ եմ գնում, նրանք Սոչիում են ապրում: Պապայի բիզնեսն այնտեղ է, դե մաման էլ առանց պապայի էստեղ չմնաց: Ես այստեղ մենակ եմ ապրում: Քույր, եղբայր էլ չունեմ, ընտանիքում միակ տղան եմ:
-Ի՞նքդ ես լուծում սոցիալական խնդիրներդ` լվացք, ճաշ, մաքրություն…
-Վա՜յ, չէ՛, ես շատ հեռու եմ այդ ամենից: Ունեմ լավ մորաքույր, որն իմ ընկերն է, ամեն հարցով ինքն է զբաղվում: Դժվար է ոչ թե մենակ ապրելը, այլ այն, որ ծնողդ կողքիդ չէ: Երբ ծնողդ զանգում է երեկոյան ու հարցնում` երբ ես գալու, ասում ես՝ ես նո՞ր եմ մեծացել: Բայց հիմա, երբ այդ ժամերին չեն զանգում, ուզում ես, որ զանգեն, ասեն՝ տո՛ւն արի: Չնայած ամեն օր խոսում ենք, հարցնում են՝ երբ ես քննություններդ վերջացնում, որ գաս: Որ ճիշտն ասեմ` դրսում երկար մնալ չեմ կարողանում: Երկու ամիս մնացի այնտեղ, էլ չէի դիմանում: Այնտեղ էլ ունեմ մեծ ընկերություն, հարազատներ, բայց Երեւանն իմ համար ուրիշ է, երեւի որ բնիկ երեւանցի եմ, դրանից է:
-Փաստորեն, սիրում ես երկիրդ, իսկ հետաքրքրվո՞ւմ ես քաղաքականությամբ:
-Ես իմ ազգի համար ցավում եմ, օդերում չեմ ապրում, բայց որ ասեմ՝ շատ խորացած եմ այդ ոլորտի մեջ, սուտ կլինի: Քաղաքական գործիչներից էլ միայն մի մարդով եմ հետաքրքրվում` Գագիկ Ջհանգիրյանով, քանի որ մեր ընտանիքին մոտ մարդ է: Հայ ազգը մի քանի հոգու ձեռքին է, ոնց որ ընտանեկան բիզնես լինի: Եթե որոշես Հայաստանում քո ունեցած մեկ միլիոն դոլարով բիզնես դնել, վաղը մեկը կգա կասի՝ 50 տոկոսն իմն է կամ ամբողջն է իմը: Ես եղել եմ այլ երկրներում, տեսել եմ, որ մարդիկ 5000 դոլարով դառնում եմ միլիոնատեր, որովհետեւ նրանց չեն խանգարում, չեն գնում նրանց հացին ասում՝ կեսն իմն է:
-Ձեռքիդ վրա դաջվածք եմ նկատում, խորհուրդ ունի՞ իր մեջ, թե՞ պարզապես պատանեկության տարիներին արված խենթություն է:
-Իմ վրա այս մեկը չի միայն, մի 6-7 հատ ունեմ: Ձեռքինս, որ տեսնում եք, իմ առաջին տատուն է, նշանակում է՝ ,մայրն է միակ աստվածայինըե: Խաչեր ունեմ կրծքիս` մայր եւ հայր, ունեմ հրեշտակ իր խաչով, իմ պահապան հրեշտակն է, ունեմ դաջվածք՝ գրված Jesus:
-Ժամանցի ինչպիսի՞ վայրեր ես նախընտրում:
-Ավելի շատ սիրում եմ քաղաքից դուրս գնալ, ոչ աղմկոտ վայրեր:
-Անձնականիցդ ի՞նչ կասես, ունե՞ս սիրելի աղջիկ:
-Կյանքի ընկերուհի չունեմ, բայց ունեմ լավ ընկերուհի, որն իմ ընկերն է, իմ լավ բարեկամը, որն ամեն հարցում իմ կողքին է




Լրահոս