Բարձրաստիճան անձանց կանայք այլևս բարձր նպաստներ չեն ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Դաշնակցությունը չի մասնակցելու քվեարկությանը և կոչ արեց այդպես վարվել նաև  բոլոր դեմ պատգամավորներին:

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով  նշեց. «Խնդիրն իրապես բավական լուրջ է, և այն լրջագույն քննարկումների կարիք ունի: Բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր` 10, 20 միլիոն դրամի նպաստներ: Ուստի ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը, մինչև նախագիծը չբերվի այն տեսքի, որ հնարավոր բոլոր ռիսկերը զրոյացվեն»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ նշեց. «Տիկին Զոհրաբյանն արտահայտվեց ոչ ճիշտ, որովհետև մենք ունենք սահմանափակում բարձրաստիճան անձանց կանանց համար, և նրանք այլևս այդ գումարները չեն ստանա»: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն էլ նշեց. «Ուզում եմ ներկայացնել մեր կուսակցության տեսակետը: Ես մասնակցելու եմ քվեարկությանը և քվեարկելու եմ դեմ»:

ՕԵԿ խմբակցությունն էլ հայտարարեց, որ իրենց առաջարկները չեն ընդունվել, այդ պատճառով իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը: Նախագիծը դրվեց քվեարկությանը և ընդունվեց  68 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:




Լրահոս