Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։ Միաժամանակ, հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը։ Այս պահին հիվանդանոցում գտնվող 24 երեխայի և 2 մեծահասակի (դայակ և դաստիարակ) վիճակը մասնագետները գնահատում են բավարար։
Առողջական դրական տեղաշարժեր կան նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ։
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։ Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։
Առողջապահական հիմնարկների արագ արձագանքման և ժամանակին իրականացված միջոցառումների շնորհիվ Եղվարդի մանկապարտեզի լոկալ բռնկումը տարածում չի ունեցել, ինչպես նաև ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Երեխաների առողջական վիճակը շարունակում է գտնվել ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: