Այսօր խորհրդարանում քննարկվում էր ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները: Այս նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ընդգծեց, որ վերջին տարիներին ընդդիմության կողմից ներկայացրած բոլոր նախագծերը հիմնականում վերաբերում են ընտրական օրենսգրքի փոփոխություններին:
Նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների շրջանում ակտիվությունը, աշխատանքի օգտակարությունը, ելույթներն ու ընտրողների հետ աշխատանքն ավելի քիչ է և պակաս արդյունավետ, քան համամասնականինը:
«Եթե Էդմոն Մարուքյանը խոսում է, որ մեծամասնականի մեջ էլ լավ մարդիկ կան, ով է մերժում: Ես միայն ասում եմ, որ մեծամասնականի մեջ խոտանն ավելի շատ է: Սա համեմատական վերլուծություն է, որն ամենևին չի նշանակում, որ էս մեկը քըխ է, էն մեկն ավելի լավն է: Սրանից պետք չի խրտնել: Չորս անգամ քվեարկվել եմ մեծամասնականով ու գիտեք ոնց եմ պարտվել: Իմ մրցակիցներն ինձ հաղթել են 15 հազար ավել ձայներով: Ու այդ ինձ հաղթածները մինչև հիմա ոչ մի ելույթ չեն ունեցել ու չեն երևում Ազգային ժողովում: Ընտրական համակարգի պատճառով ինձ հաղթել են չորս լավ տղաներ, բայց դուք իրենց չեք էլ տեսել: Դուք էս համակարգն ե՞ք ուզում», – հայտարարեց նա: