Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ հունիսի 6-ին Ավան վարչական շրջանում կատարված երիտասարդի սպանությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ, մոտավորապես ժամը 20-ի սահմաններում, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ “Սթար” սուպերմարկետի մոտ մահացած երիտասարդ տղայի դի կա: Դեպքի վայրում հավաքվածները Շամշյանին պատմել էին, որ տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով մահը վրա էր հասել: Այսօր Գ.Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Արդեն գիշերը ժամը 3-ի սահմաններում Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանության Ավանի բաժանմունք է մեղայականով ներկայացել Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բնակիչ 36-ամյա Արսեն Հակոբյանը՝ “Կյաժ” մականվամբ, ով արդեն տվել է խոստովանական ցուցմունք, որի իր և սպանվածի 24-ամյա Վրեժ Աշխատյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա. Հակոբյանը բռունցքի մեկ հարված է հասցրել Վ. Աշխատյանի գլխին, ինչից հետո վերջինս ուշագնաց է եղել և գիտակցության չգալով, հենց վիճաբանության վայրում մահացել: Գ. Շամշյանը հայտնում է, որ և սպանվածը և սպանություն կատարողը 2-ն էլ երթուղայինի վարորդներ են և պատճառը եղել է այն, որ իբրև թե մեկը մյուսից “ուղևոր է փախցնում”: