ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՌԱՅԼ ԷՐ ՈՒ ՍԳԱԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները ստանձնելու 6-րդ տարին: Այդ կապակցությամբ վերադառնանք 2008թ. նույն այդ օրը եւ վերհիշենք, թե ինչպես ընթացավ նրա «առաջին» երդմնակալության արարողությունը: Այս մասին համապատասխան զեկուցագիր է հեղինակել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Փաստաթղթում հեղինակն անդրադառնում է երդմնակալության ընթացքին, խոսում Սերժ Սարգսյանի պահվածքի մասին: Ամերիկացի դիվանագետի ուշադրության կենտրոնում են ոչ միայն տիրող մթնոլորտը, այլեւ իշխանությունների գործողություններն ու հակաքաղաքացիական վարքագիծը:

Փենինգտոնը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել ճիշտ այն պահին, երբ հազարավոր ընդդիմադիրներ հավաքված են եղել Ալ.Մյասնիկյանի արձանի շրջակայքում՝ ծաղիկներ դնելու Մարտի 1-2-ի անմեղ զոհերի հիշատակին: Դիվանագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն ինագուրացիոն այլ արարողությունների, կանգնած է եղել միայնակ: Դիվանագետի վրա մեծ տպավորություն է գործել հատկապես այն պահը, երբ Սերժ Սարգսյանը միայնակ կանգնած է եղել Օպերայի աստիճաններից ամենաբարձրի վրա եւ հետեւել զորքերի տեղաշարժին: Փենինգտոնը արձանագրում է, որ ճիշտ նույն հրապարակում, 10 օր շարունակ հազարավոր քաղաքացիներ վիճարկում էին հենց այն ընտրությունների արդյունքը, որով հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը: Վերջինիս ելույթը, ամերիկացի դիվանագետի կարծիքով, խառը մեսիջներ էր պարունակում: Փենինգտոնը ուշադրություն է դարձրել Սարգսյանի՝ սիրո ու հանդուրժողականության վրա Հայաստան պետություն կառուցելու խոսքերին, որոնք ուղեկցվում էին «չվերահսկվող ազատության վտանգավորության մասին զգուշացումներով»:
Պետդեպին ուղարկված զեկուցագրի հաջորդ հատվածում ամերիկացի դիվանագետը հավելում է, որ իշխանության փոխանցման գործընթացը երկար ժամանակ է սպասելի եղել: Ըստ նրա՝ «երկար սպասված տեղափոխման արդյունքում Սերժ Սարգսյանը փոխարինեց Քոչարյանին՝ ԱԺ պատգամավորների ու միջազգային հյուրերի ներկայությամբ»: Փենինգտոնի տպավորությամբ՝ երդմնակալության արարողությունը եղել է ծիսական ու ժողովրդից կտրված: Հատկանշական է այն ձեւակերպումը, որն օգտագործել է դիվանագետը. «(արարողությունը-հեղ.) ճոխ ու արժանապատիվ էր այն աստիճան, որ դիվանագետներից մեկն այն որակեց որպես «մռայլ ու սգալի»»: Փենինգտոնն այնուհետեւ հայտնում է, որ բոլոր հյուրերի՝ իրենց հատկացված նստատեղերում տեղավորվելուն պես էկրաններին է հայտնվել դատարկ Ազատության հրապարակը:
Ամերիկացի դիվանագետը նաեւ մանրամասնորեն ներկայացրել է այն վիճակը, որն առկա էր այդ օրերին Երեւանում: Նա ընդգծել է, որ քաղաքում՝ հիմնականում Օպերայի շրջակայքով մեկ, ողջ երթեւեկությունը ժամերով դադարեցվել էր հանուն այս արարողության: Փաստաթղթի հեղինակի տպավորությամբ՝ մայրաքաղաքը կարծես դատարկ լիներ: «Կարճ ժամանակ անց «Մերսեդես» մակնիշի սեւ մեքենան մոտեցավ մուտքին ու Սարգսյանը միայնակ դուրս եկավ դրանից՝ շարունակելով նույն կերպ քայլել դեպի դահլիճ»: Առանձին-առանձին չներկայացնելով արարողակարգային ընթացակարգերը՝ Փենինգտոնը հավելում է, որ «նոր նախագահի երդումով էլ ավարտվեց իշխանության փոխանցման գործընթացը»:
Դիվանագետի վրա առանձնահատուկ տպավորություն է գործել Սերժ Սարգսյանի միայնակությունն ամբողջ արարողության ընթացքում: Հատկանշական է, որ ժողովրդավարական երկրներում նախագահի երդմնակալության արարողությունը միանշանակորեն հիշեցնում է ժողովրդական տոնախմբություն: Բավական է ասել, որ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում հրապարակում՝ միլիոնավոր քաղաքացիների աչքի առաջ: Այս հանգամանքով է հավանաբար պայմանավորված Փենինգտոնի զարմանքը: Նա նկատում է, որ Սերժ Սարգսյանը նստել էր բեմի ձախ կողմում եւ կրկին միայնակ էր, կարծես մեկուսացած լիներ արարողության մասնակիցներից՝ բացի այն պահից, երբ հանդես եկավ համապատասխան ելույթով: «Երբ արարողությունն ավարտվեց՝ հյուրերին ուղղեցին դեպի վերեւ՝ ընդունելության սրահ, ինչը արարողակարգային չէր, բայց հստակորեն հասկացնում էր, որ ոչ ոք չի կարող լքել շենքը, քանի դեռ Սարգսյանը հետեւում էր զորքերի՝ հրապարակով մեկ ծավալվող շքերթին»:
Այստեղ ամերիկացի դիվանագետը հասնում է իր պատումի գագաթնակետին, երբ ներկայացնում է Սերժ Սարգսյանի՝ զինվորական շքերթը ղեկավարելու տեսարանը: Երրորդ աշխարհի երկրներին բնորոշ այսօրինակ դիպվածի մասին մեջբերում ենք դիվանագետ Փենինգտոնի խոսքերը. «Հյուրերը խմիչքները ձեռքներին քարացել էին ցնցող տեսարանից՝ Սերժ Սարգսյանը կանգնած էր միայնակ՝ առանց որեւէ զգացմունքի եւ դիտում էր զորքերի շարժն այն հրապարակում, որը կարճ ժամանակ անց լիքն էր ընդդիմության ավելի քան 50,000 աջակիցներով, ովքեր համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ: Նույնիսկ մեկ քաղաքացի դիտորդ գոյություն չուներ շրջակայքում. խորապես անհարմար տեսարան էր հեռուստացույցով դիտողի համար»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Շարունակելի

 

 

 

ՈՉ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆ, ՈՉ ԷԼ ԱՇԱԿԵՐՏ

ՀՀ Լոռու մարզի Հալավար համայնքը ոչ դպրոց ունի, ոչ մանկապարտեզ, ոչ բուժկետ եւ ոչ էլ՝ մշակույթի տուն: Բացի այս, համայնքի բնակիչներն ունեն նաեւ մթերքի իրացման խնդիր: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես են ապրում բնակիչներն ու եկամտի ինչ աղբյուր ունեն, համայնքապետ Սարգիս Հակոբջանյանը կարճ պատասխանեց.

-Շատ վատ: Չգիտե՞ս:
-Քանի՞ բնակիչ է ապրում Հալավարում:
-Գյուղում ապրող չկա: 30 մարդ է, բայց շատ են գրանցվածները, ուղղակի այստեղ չեն: Հեռացել են: Այս պահի դրությամբ այնքան վատ է գյուղի վիճակը, որ էլ ասելու չէ: Վերջերս էլ ավելացել է գյուղից մարդկանց դուրս գալու թիվը:
-Ի՞նչն է նրանց հեռանալու պատճառը:
-Աշխատատեղ չկա: Ամեն ընտանիք ունի մի երկու կով, որից ստացված կաթը շատ էժան գնով վաճառում են մթերող ընկերություններին: Սաղ ձմեռ պարտք են անում, իսկ ամռանը՝ դրանք են փակում: Բա ո՞նց ապրեն:
-Իսկ ցանքսով չե՞ն զբաղվում:
-Ցորեն ցանելու տեղ չունենք, վարելահողեր չունենք: Գյուղացիները վաճառելու միս ունեն, կաթ, մեղր, միրգ: Բայց չեն կարողանում, քանի որ իրացման խնդիր ունենք: Բացի այս, կաթի գինն էլ է ցածր եւ մսինն էլ:
-Գյուղից հեռացած ընտանիքները հիմնականում ո՞ւր են գնում:
-Ամեն ամիս դուրս են գալիս, էլի: Հիմնականում Ռուսաստանի Դաշնություն են գնում, բայց կան ընտանիքներ, որոնք հիմա Ֆրանսիայում են ապրում: Դե, տարիներ առաջ գնացել են, մենք էլ ընկել ենք անհարմար դրության մեջ:
-Ինչո՞ւ:
-Դե, տարիներով գնացել են, իսկ հարկերն էլ չեն վճարել: Մեծ քանակությամբ պարտքեր կան կուտակված: Թե ո՞վ է փակելու դրանք, չգիտեմ: Մեր համայնքն էլ փոքր է եւ հարկերով է միայն յոլա գնում:
-Ինչ եք կարծում, ինչպե՞ս կանդրադառնա վարչապետի փոփոխությունը գյուղի վրա:
-Տեսնենք: Թե չէ գյուղացուն ինչ: Հենց այս պահին շատ կարեւոր է ճանապարհների հարցը, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ: Տրանսպորտ չունենք, մարդիկ Աստված գիտի միայն, թե ինչով են հասնում քաղաք: Շտապ պետք է ջրի հարցը լուծել: Եվ ոչ մի արձագանք չկա:
-Իսկ դպրոցի աշակերտները քանի՞սն են:
-Ոչ դպրոց ունենք, ոչ էլ՝ աշակերտ: Գյուղում միայն ծերացող ընտանիքներ են ապրում: Իսկ մյուս՝ երիտասարդ ընտանիքներն այլ երկրներում են: Ինչ անենք, ում դժգոհենք: Ո՞վ է լսում: Ոչ ոք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՋՐԻ ԽՆԴԻՐ
Երեկ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում դադարեցվել են դասերը՝ ջրի հետ կապված խնդիրների պատճառով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե մի քանի հազար ուսանող մի մասնաշենքում դաս անի ջրի բացակայության պայմաններում, ապա կստեղծվի հակասանիտարական վիճակ ու անհնար կլինի այդպես դասեր անցկացնել: «Հո այդ հոտի պայմաններում դաս չե՞նք անի: Միայն Երեւանի պետական համալսարանը չէ՝ մի շարք բուհերում ջուր չկա: Բա եթե զուգարաններից ահավոր հոտ է գալիս, ուսանողներին այդ վիճակով հո դասի չե՞նք կանչի»,-նշել է Սիմոնյանը: Չնայած Արամ Սիմոնյանի համոզմանը, որ մյուս բուհերում նույնպես այդ վիճակն է, այդուհանդերձ՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am-ին հայտնել են, որ իրենց մոտ բացարձակապես խնդիրներ չկան, եւ դասերն ընթանում են իրենց բնականոն հունով: Իսկ «Երեւան Ջուր» ընկերությունից տեղեկացրեցին, որ Գառնի-Երեւան ջրատարում անսարքություններ կան, ինչն էլ պատճառ է դարձել Երեւանի Կենտրոն համայնքում ջրի խնդրի առկայությանը: Բայց հաճախ չի լինում, այլ տարին մի քանի անգամ: Գառնիի ջրատարն այս տարի մի քանի անգամ է վնասվել»,-հայտնել է «Երեւան Ջուր»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը: Նշենք նաեւ, որ վերջերս Կենտրոն վարչական շրջանի բնակիչները հաճախ են ահազանգում, որ պարբերաբար ջրի հետ կապված խնդիրներ են լինում: Նրանք նաեւ նշում են, որ շուտով «Ջրաշխարհ»-ը կսկսի իր աշխատանքները, եւ իրենք ընդհանրապես ջրի «երես» չեն տեսնելու:

 

«ԴԵՄ ԵՄ»-Ի ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին Մատենադարանի մոտ հավաք են անցկացնելու: «Մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաեւ Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ եւ հնարավոր ժամանակացույցով: Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաեւ մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների: Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաեւ Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ եւ հնարավոր ժամանակացույցով: Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ»,-ասված է հաղորդագրությունում:




Լրահոս