ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծին, ասաց, որ ընտրակեղծարարությունն է Հայաստանի թիվ մեկ թշնամին:
«Ընտրակեղծարարությունը Հայաստանի գլխավոր չարիքն է: Իրականում Հայաստանին կարող է փրկել միայն ընտրական համակարգի փոփոխությունը: Եթե Հայաստանում լինեն ազատ ու արդար ընտրություններ, ապա վերջ կդրվի ապօրինությանն ու «բեսպրեդելին» »,- ասաց պատգամավորը:
«Պետք չեն բազմաթիվ օրենքներ փոփոխել, Հայաստանում պետք է ունենալ ազատ և արդար ընտրություններ: Պետք է համակարգային փոփոխություններ կատարել: Ընտրական օրենսգիրքը փոխելով` մենք մեծ բանի չենք հասնի, եթե չլինի իշխանությունների կամքը: Հայաստանում առկա բնակչութունը նվազել է: Փորձագետները բավականին մեծ անկումներ են ներկայացնում: Հասկանալի պատճառով չեմ խոսում նաև զինակոչիկների քանակի նվազման մասին: Ճշգրիտ տվյալներ չեմ հրապարակում»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նշեց, նաև, որ իրենք ՀՀԿ-ից բազմիցս բացատրություն են պահանջել:
«Ընտրություններում կես միլիոն մարդու անհամաձայնություն կա: 500 000 մարդու ձայն կեղծվում է: Սրանից կարելի է ենթադրել, որ մեր բոլոր ընտրությունները դատապարտված են կեղծվելու և հենց այդպես էլ լինում է: ՀՀԿ-ին առաջարկում եմ կամ կամովին ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, կամ ժողովուրդը իր ուժով կհասնի արդար ընտրություններին»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը: Սրան ի պատասխան` Էդուարդ Շարմազանովն ասաց.«Արդար ընտրություններ պահանջելու փոխարեն, մասնակցե´ք ընտրություններին»: