ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԵՌ ՎԱՐՉԱՊԵՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանը կարծես թե ծանր է տանում իր հրաժարականն ու չի համակերպվում այդ մտքի հետ: Հրաժարականից մոտ մեկ շաբաթ անց դեռեւս Տ. Սարգսյանը գալիս է կառավարություն, իր աշխատասենյակ: Ավելին՝ երեկ Տիգրան Սարգսյանը նույնիսկ հանդիպել է կառավարության ու ՀՀ ֆինանսների նախարարության շենքերի մոտ բողոքի ակցիա կազմակերպած «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչներին ու պատրաստակամություն հայտնել նրանց հետ համատեղ քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Ընդ որում, Տ. Սարգսյանը ցուցարարներին է մոտեցել թիկնապահների ուղեկցությամբ՝ դուրս գալով կառավարության շենքից:

 

 

 

 

Սերժ Սարգսյանը դեռ 2012թ. Պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ խոսել էր գնումների ոլորտում հայտնաբերված տիրող իրավիճակի մասին՝ քննադատելով չարաշահումները: Պարզվում է, սակայն, որ Ս.Սարգսյանի խորհրդակցությունից հետո իրավիճակն ամենեւին էլ չի շտկվել: ՀՀ Վերահսկիչ պալատի` 2013թ. տարեկան հաշվետվության մեջ, ահա, հանդիպում ենք ուշագրավ փաստերի: ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող: Ասել է թե՝ գնումներն իրականացրել է 3-րդ անձից, արդյունքում` ՀՀ պետական բյուջեից ավելի վճարվել է 172 մլն 877 հազար դրամ (շուրջ 420 հազար ԱՄՆ դոլար): ՊՆ-ն այդպես երրորդ անձից գնել է նաեւ շաքարավազ, աղ` արդյունքում միայն այդ ապրանքների դիմաց վճարելով ավելի քան 10մլն դրամ ավելի գումար: Իսկ Սեյրան Օհանյանը դեռ հավակնում է ՀՀ վարչապետ դառնալ:

 

 

 

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքերով՝ ինքը որեւէ տեղեկություն չունի՝ նոր ձեւավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ դառնա, Երիցյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանի առումով էլ ասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել: Այսքանը: Ես բացարձակ որեւէ տեղեկություն չունեմ այդ մասով»: Նախարարի խոսքով՝ իրենց մոտ այս օրերին նորմալ աշխատանքային վիճակ է, խուճապ չկա:

 

 

 
«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ այս տարվա ընթացքում, անգամ պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանում կտրուկ նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն ուսումնասիրելիս բավականին ուշագրավ պատկեր է երեւում. բավականին կտրուկ նվազել է մշակող արդյունաբերությունը` 6.9 տոկոսով, այդ թվում նվազել է խմիչքների արտադրությունը` 9.2 տոկոսով, իսկ սննդամթերքի արտադրությունը` 14.4 տոկոսով: Փոխարենը 34 տոկոսով աճել է ծխախոտի արտադրությունը: Իր հերթին նվազել է նաեւ հանքահումքային արդյունաբերությունը` 4.4 տոկոսով: Հիշեցնենք, որ հանքահումքային արդյունաբերությունն այն ոլորտն էր, որի աճը, սովորաբար, գալիս էր փոխհատուցելու մյուս ոլորտներում առկա բացասական ցուցանիշները: Այնինչ հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է:

 

 

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի հրաժարականին, երեկ հանդես է եկել հերթական հարցազրույցով, որի հիմնական նպատակը, ակնհայտորեն, «հրաշալի քառյակ»-ի անդամների եւ Սերժ Սարգսյանի` հնարավոր համագործակցության կանխարգելումն է: Դրա համար Տեր-Պետրոսյանը նախ, այսպես ասած, «դուխ է տալիս» քառյակին` հայտարարելով, որ «անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում». «Ուստի` միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները»,-արձանագրում է ՀԱԿ առաջնորդն, ապա հավելում. «Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռեւս մինչեւ վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել: Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին եւ նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը»:
Այդպիսով` Տեր-Պետրոսյանը ոչ միայն ոգեւորում է ոչ իշխանական քառյակին, այլեւ զգուշացնում` «խաղեր չտալ Սերժ Սարգսյանի հետ», անգամ եթե առաջարկվի վարչապետի պաշտոնը, հակառակ դեպքում` «պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա»: Սա, ակնհայտորեն` առաջին հերթին ուղղված է «Բարգավաճ Հայաստան»-ին, որն ի հակառակ Տեր-Պետրոսյանի շարունակական ջանքերի, այդպես էլ չհայտարարեց ընդդիմություն դառնալու մասին:
Եվ հիմա, երբ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվել կրկին դեպի իշխանության գիրկը վերադառնալու համար, Տեր-Պետրոսյանը շտապում է համոզել, որ կառավարության մաս կազմելու դեպքում ԲՀԿ-ն շատ արագ կվարկաբեկվի, «որովհետեւ, թեեւ Սարգսյանն անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց գրեթե անպարտելի է վարագույրի հետեւում ընթացող ինտրիգների դաշտում: Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին… եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա»: Իհարկե, դժվար է չհամաձայնել այս կանխատեսման հետ, սակայն նույնքան դժվար է նաեւ չնկատել, որ եթե ԲՀԿ-ն, այդուամենայնիվ, որոշի համագործակցել Ս. Սարգսյանի հետ, մեծապես կվարկաբեկվի հենց ինքը` Տեր-Պետրոսյանը, քանզի ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի ոչ միայն քաղաքական ինտրիգների, այլեւ «քաղաքագիտական վերլուծությունների» բնագավառում:




Լրահոս