Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառանալով աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վարչական տույժեր կիրառել ոչ սահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ:
«Անկախ աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկից, ինչի արդյունքում, վստահ եմ, որ արդեն առաջիկայում կունենանք որակյալ սպասարկում, մաքուր մայրաքաղաք ունենալու հարցում առանձնակի կարևոր է նաև մեր բնակիչների վերաբերմունքը մայրաքաղաքի նկատմամբ: Եղեք հետևողական և օրենքով սահմանված կարգով վարչական տույժերի ենթարկեք բոլոր նրանց, ովքեր աղբը կթափեն ոչ սահմանված վայրերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների մասով էլ հանձնարարվել է շարունակել ծանուցման գործընթացն ու տնտեսվարողներին մեկ անգամ ևս զգուշացնել, որ ապահովեն Երևանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերը և կատարեն իրենց օբյեկտների հարակից տարածքները մաքրելու մասով ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է այս գործընթացին մասնակից դարձնել նաև մասնավոր տնտեսվարողներին: