Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կառավարության փոփոխության հետ կապված որեւէ խուճապ չկա: Նախարարի խոսքերով` իրենք աշխատում են այնպես, ինչպես նախկինում: Սակայն եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի, որ պետք է հրաժարական տա, ապա ինքը պատրաստ է դիմում գրել ու իր տեղը զիջել նրան, ով ավելի լավ կղեկավարի ԱԻ նախարարությունը:
-Պարոն Երիցյան, որպես ՀՀ կառավարության անդամ, Դուք տեղյա՞կ եք, թե ինչու Տ. Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Անգամ նշվեց, որ նա դեռեւս փետրվարին էր դիմում գրել: Դուք այդ մասին գիտեի՞ք:
-Անկեղծ ասած` ես որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել, վարչապետի հրաժարականն ինձ համար եւս անակնկալ է եղել: Նման որոշում է եղել, իսկ այլ բան ես չեմ կարող ասել: Կրկնում եմ` Տիգրան Սարգսյանի որոշումն ինձ համար անակնկալ է եղել:
-Ըստ Ձեզ` միայն վարչապետի փոփոխությամբ երկրում ի՞նչ է փոխվելու: Միթե Տիգրան Սարգսյանը գործադիր մարմնի լավ ղեկավար չէր:
-Ես կարող եմ ասել հետեւյալը. յուրաքանչյուր ղեկավար պետք է զբաղվի իր առջեւ դրված խնդիրներով: Ես ղեկավարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու կարող եմ խոսել իմ գերատեսչության մասին: Ու հստակ է, որ մենք այսօր աշխատում ենք, որպեսզի այն, ինչն առնչվում է մեզ, ինչը կապված է մեր նախարարության հետ, որեւէ խնդիր չլինի: Ես պատասխանատու եմ իմ գերատեսչության համար:
-Այժմ քննարկվում է, թե ո՞վ կարող է լինել հաջորդ վարչապետը: Տեղեկություններ կան, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւս վարչապետ դառնալու ցանկություն ունի: Որպես ՕԵԿ փոխնախագահ, ի՞նչ եք կարծում, նա կկարողանա՞ գործադիր մարմինը ղեկավարել, եւ, ըստ Ձեզ, որքանով է մեծ Բաղդասարյանին վարչապետ նշանակելու հավանականությունը:
-Դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ենթադրությունների ոլորտում են գտնվում, ես նման հարցերի, գուշակությունների չեմ կարող պատասխանել: Միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է որոշում կայացնել, թե ով կլինի ՀՀ վարչապետ: Այսօր շատ մարդկանց անուններ կարող են քննարկվել, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ, ով կփոխարինի Տիգրան Սարգսյանին, բայց դրանք ռեալ չեն: Այդ բամբասանքների մակարդակը սխալ է: Արթուր Բաղդասարյանի առումով էլ ասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել: Այսքանը: Ես բացարձակ որեւէ տեղեկություն չունեմ այդ առումով:
-Առայժմ անորոշ է նաեւ ՕԵԿ նախարարների ճակատագիրը: Տեղեկություններ կան, որ այս պահին ՕԵԿ առաջնորդը մտադրություն չունի նախարարներին փոխել: Քննարկե՞լ եք այդ հարցն Արթուր Բաղդասարյանի հետ, ՕԵԿ-ից ովքե՞ր են լինելու նոր ձեւավորվելիք կառավարության կազմում։
-Դեռեւս նման հարց չենք քննարկել ու ես որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել: Կրկնում եմ` գուշակություններ պետք չէ անել:
-Իսկ ի՞նչ եք կարծում` կվերանշանակվե՞ք, թե՞ հնարավոր է՝ Դուք եւս «հեռացողների» ցանկում լինեք: Տեղեկություններ կան, որ այժմ նախարարություններում խուճապ է, քանի որ դեռեւս ոչ ոք չգիտի, թե ով է մնալու իր աշխատանքին:
-Ես չեմ կարող համոզված ինչ-որ բան ասել, բայց դեռեւս երկուշաբթի օրը ԱԻՆ խորհրդակցության ժամանակ էլ հայտարարել եմ, որ եթե անգամ մեկ օր էլ ես աշխատեմ որպես նախարար, ապա այդ ընթացքում էլ պետք է կատարենք մեր առջեւ դրված խնդիրները: Ժողովուրդն այսօր մեզանից սպասում է օգնություն, փրկություն, ու այս ընթացքում մարդիկ չեն կարող տեսնել, որ մենք ինչ-որ խուճապի մեջ ենք: Ես ինչպես նախկինում եմ աշխատել, այնպես էլ այժմ նորմալ շարունակում եմ աշխատել: Կրկին մարզեր եմ գնում, մենք հանդիպումներ ենք ունենում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, այսինքն՝ մեր ամենօրյա աշխատանքը մենք անում ենք: Դուք ինչպես եք պատկերացնում, որ այսօրվա դրությամբ Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարությունը չաշխատի: Իմ գերատեսչությունում որեւէ խուճապ չկա, ես դա ձեզ վստահեցնում եմ: Դուք կարող եք գալ ու ձեր աչքերով տեսնել, որ մենք ինչպես աշատել ենք, այդպես էլ շարունակելու ենք աշխատել:
-Իսկ պատրա՞ստ եք հրաժարական ներկայացնել:
-Այն պահին, երբ կասեն, որ ես չպետք է աշխատեմ, ես կարող եմ դիմում գրել ու հեռանալ, եթե ինչ-որ մեկը կարող է ավելի լավ աշախտել: Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կասի, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ, ապա ես կանեմ դա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԳԵՐՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՀԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿՈՐՑՆԵԼ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ iLur.am կայքին տված հարցազրույցում խոսել է ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ:
-Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։
-Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից: Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում: Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում: Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ:
-Եթե գաղտնիք չէ, ապա կարո՞ղ եք ասել, թե այդ պարագայում ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկի ընդդիմադիր քառյակը:
-Անշուշտ տեղյակ եք, որ քառյակում այդ հարցերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել: Հետեւաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետեւյալին.
ա. ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին: Որովհետեւ, թեեւ Սարգսյանն անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց, ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի հետեւում ընթացող ինտրիգների դաշտում: Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա:
բ. հետեւաբար, ընդդիմությունը կամ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կամ էլ ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել:
գ. երկրում արմատական փոփոխությունների իրականացման եւ օրինական իշխանությունների ձեւավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլեւս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա:
ԼՈՒՐԵՐ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՊ ԶԱՆԳԸ
«Ժողովուրդ»-ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնի դարձան: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, իր հրաժարականի օրը առավոտյան, կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաեւ նախարարների կոմիտեի հերթական նիստին: Այդ ընթացքում ներս է մտել թիկնապահն ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանում են հեռախոսով խոսել վարչապետի հետ: Տիգրան Սարգսյանի հարցին՝ չե՞ն կարող մի քիչ սպասել, մինչեւ խորհրդակցությունն ավարտվի, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»: Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք` պատասխանելու հեռախոսազանգին: Նախագահականից ասել են, որ պետք է շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ: Տ. Սարգսյանն ասել է, որ ինքը նիստի է, միթե հնարավոր չէ մի քիչ սպասել, նախագահականից բացասական պատասխան են տվել. «Չէ, արի, որովհետեւ հրաժարական ես ներկայացնելու»:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր տեւական ժամանակ է, ինչ պահանջում են իրենց աշխատավարձերը, «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Բանն այն է, որ նրանք չգիտեն, թե այսուհետ ումից պահանջեն իրենց աշխատավարձերը: Ստիպված հուսահատ քաղաքացիներն անհամբեր սպասում են վարչապետի փոփոխությանը: «Սպասում ենք նոր վարչապետի նշանակմանը, որ կրկին նույն հարցով գրավոր դիմենք: Տեսնենք կընդառաջե՞ն, թե՞ ոչ»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց վրդովված ինժեներներից մեկը: Նշենք, որ «Արմավիա»-ի գրասենյակը տեւական ժամանակ է, ինչ փակված է, իսկ աշխատակիցները՝ հաշվապահները, գանձապահները եւ ֆինանսների գծով տնօրենն արդեն չեն աշխատում:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր այսօր պետք է հանդիպեին «Արցախբանկ»-ի ներկայացուցիչ Աշոտ Գոմցյանի հետ: Սակայն այն չի կայանալու: Բանն այն է, որ «Արցախբանկ»-ի այս հարցով պատասխանատուներից մեկն այս պահին Հայաստանում չէ, ինչի պատճառով էլ հետաձգվել է քաղաքացիների հետ նախապես նշանակված հանդիպումը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Տոնուս»-ից տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանից: Նշենք, որ այս հանդիպումը քաղաքացիների համար ճակատագրական է լինելու, քանի որ հանդիպմանը բնակիչները վերջնական պատասխան էին ստանալու: