Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին երեկ Կառավարության շենքի մոտ հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երեկ կեսօրից Ֆինանսների նախարարության մոտ հավաքված «Դեմ եմ» նախաձեռնության անդամները պահանջում էին ապրիլի 10-ի կառավարության նիստում որոշում կայացնել, փոխել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձեւը՝ չպարտադրելով գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պահել 5% պարտադիր վճարը, ինչպես նաեւ վերադարձնել մինչեւ հիմա քաղաքացիներից պահված գումարները:
«Դեմ եմ»-ի անդամները հայտարարեցին, որ եթե Ֆինանսների նախարարությունը կես ժամվա ընթացքում իրենց դրական պատասխան տա, կավարտեն ակցիան, հակառակ դեպքում երթով կգնան կառավարություն, ապա ՊԵԿ, ԿԲ եւ Կենտրոնական դեպոզիտարիա։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մի շարք՝ այդ թվում եւ պարտադիրին առնչվող դրույթներ: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար:
Ինչեւէ, երիտասարդների հորդորներին Ֆինանսների նախարարությունից ոչ ոք այդպես էլ չարձագանքեց, ինչին հակառակ «Դեմ եմ»-ի անդամները հենց Նալբանդյան փողոցում փակեցին ճանապարհը՝ նստացույց հայտարարելով:
Իրավիճակը փորձում էր հարթել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները մնացին անդրդվելի եւ պահանջում էին կատարել իրենց առաջարկը:
Երեւանի ոստիկանապետի ուղեկցությամբ հավաքվածներին մոտեցավ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը, ով էլ ներկաներին փոխանցեց, թե Դավիթ Սարգսյանը կընդունի նրանց՝ միայն իր աշխատասենյակում: Ակտիվիստները դրան էլ չհամաձայնեցին:
Ավելի քան 3 ժամ ակտիվիստները նստած մնացին Նալբանդյան փողոցում, մինչեւ նրանց մոտեցավ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ Տիգրան Սարգսյանը ու ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Տ. Սարգսյանը երիտասարդներին հրավիրեց Կառավարության շենք՝ ՍԴ որոշման մասով ստեղծված աշխատանքային խմբի հետ հանդիպելու եւ խնդիրը կարգավորելու համար, սակայն «Դեմ եմ» նախաձեռնության խմբի անդամները Տիգրան Սարգսյանից միայն պահանջում էին կառավարության նիստում անդրադառնալ խնդրին: «Հիմա դուք ինչ եք ուզում, միայն դեմ ե՞ք»,- ասաց Սարգսյանը եւ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հետ հեռացավ:
«Դեմ եմ»-ի ներկայացուցիչները Նալբանդյան փողոցը բացեցին երեկոյան՝ 16:00-ին մոտ՝ տեղեկացնելով, որ շաբաթ օրը Մատենադարանի մոտ մեծ հանրահավաք կանեն:
Հ.Գ «Դեմ եմ»-ի ակտիվիստներից Արսեն Դավթյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ժամը 16:10-ին նա ազատ էր արձակվել եւ նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը):
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
2 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՇՏԱՊ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վանաձորի ՔԿՀ-ից երկու դատապարտյալի շտապ տեղափոխել են հիվանդանոց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ դատապարտյալներից մեկին ուղարկել են Նուբարաշենի ՔԿՀ` համապատասխան բուժզննման, քանի որ այնտեղ համապատասխան պայմաններ կան դատապարտյալին ստուգման ենթարկելու համար, իսկ մյուս դատապարտյալին տեղափոխել են ՀՀ Ան դատապարտյալների հիվանդանոց: Թե ինչ խնդիրներ են առաջացել դատապարտյալների մոտ, որ նրանց շտապ տեղափոխել են հիվանդանոց, վարչությունից չմանրամասնեցին՝ նշելով, թե դա անձնական հարց է:
«ՔՎԱՆՏ»-Ի ՇՈՒՐՋ
2013 թվականի սեպտեմբեր ամսին «Քվանտ» վարժարանի Ֆիզկուլտուրայի դահլիճի համազգեստների սրահից գողացել էին 7-րդ դասարանի աշակերտների հեռախոսները: Շուրջ 5 ամիս տեւած որոնումներից հետո ապրիլի 7-ին «Մալաթիա» տոնավաճառի մոտ երկու երիտասարդների են բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` երիտասարդները տոնավաճառի աշխատողներ` 33 տարեկան Արթուրը եւ 27 տարեկան Պողոսն են եղել: Ավելի ուշ Արթուրը խոստովանել է, որ աշակերտների հեռախոսները գողացել է ինքը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը, կատարվում է նախաքննություն:
ԶԼՄ-ՆԵՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ
«Առաջին լրատվական»-ի դեմ «Հետաքննող լրագրողներ» -ի ներկայացրած հայցի քննության առաջին դատական նիստը երեկ չի կայացել, քանի որ պատասխանողը չի ներկայացել նիստին: Ըստ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քարտուղարի, պատասխանողը պատշաճ ծանուցված է եղել նշանակված նիստի մասին: Հիշեցնենք, որ հայցվորը՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը, կարծում է, որ խախտվել են իր հեղինակային իրավունքները, եւ պահանջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները եւ փոխհատուցում վճարել: Հաջորդը նիստը նշանակվել է հունիսի 9-ին:
ՀԱՇԻՎՆԵՐԸ ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ
Ակտիվիստ Վարդգես Գասպարին երեկ անակնկալ կերպով տեղեկացել է, որ իր բանկային հաշիվների վրա կալանք է դրված: Պարզաբանելու համար, թե ինչու` նա գրավոր դիմել է բանկի տնօրինությանը: Armlur.am-ին ակտիվիստը հայտնել է, որ բանկի պատասխանը պատրաստ կլինի տասնօրյա ժամկետում: Հարցին, թե որտեղից են ստացվում իր հիմնական եկամուտները, Գասպարին պատասխանել է` Val Automation ՍՊԸ-ի գործունեությունից: Այդ ընկերությունը զբաղվում է ավտոմատիկայի` ամենատարբեր բնագավառներում կիրառվող սարքավորումների ներմուծմամբ եւ վաճառքով:
ԲԼԹ
«Հովիկ Աբրահամյանի ստատուսը ճիշտ է, պակաս չէ, կարամ ասեմ՝ ավելի է նույնիսկ, բայց դե որ մտածում ես՝ Հովիկ Աբրահամյանը իսկապես լավագույնն է։ Իրոք, Աբրահամյանին բոլորն էլ սիրում են, ընդունելի է»։
Լեռնիկ Ալեքսանյան 168.am
ԱԺ նախագահի պաշտոնն, իհարկե, վարչապետի պաշտոնից բարձր է համարվում, սակայն՝ ոչ եկամտաբերությամբ։ Բոլորին էլ լավ հայտնի է, որ վարչապետի պաշտոնը շատ ավելի եկամտաբեր է, եւ ճոխությունների սիրահար Հովիկ Աբրահամյանը նման առաջարկ ստանալու դեպքում այն կընդունի մեծ ուրախությամբ։ ՀՀԿ-ականներն էլ, բոլորն էլ դա գիտակցում են, եւ արդեն իսկ սկսվել է Աբրահամյանին հերթով սիրաշահելու ու քծնելու գործընթացը: Դե իհարկե, լավագույնը կլինի, եթե վարչապետ է դառնալու, հատկապես եթե Սերժ Սարգսյանն է այդպես որոշելու: Կարծես թե այլ անուններ չկան:
«Ես հլը չգիտեմ՝ վարչապետն ով ա ըլնելու: Եթե Հովիկ Աբրահամյանը կլինի, իհարկե ընդունելի կըլնի։ Դուք իրա անունն եք տալիս, եթե Պողոսի անունը տված ըլնեիք, եթե ընդունելի չըլներ, կասեի՝ ընդունելի չի»:
Առաքել Մովսիսյան Yerkir.am
Օլիգարխի կյանքով ապրող Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ լինելը, բնականաբար, ընդունելի պետք է լինի օլիգարխների եւ քրեաօլիգարխների համար, որովհետեւ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ իրենց դեմ չի պայքարի, հակառակը՝ իրենց կսիրի, կփայփայի: ՀՀԿ-ական քրեաօլիգարխ պատգամավորի համար էլ Աբրահամյանը շատ ձեռնտու վարչապետ կլինի, քանի որ ինքն էլ օլիգարխի խնամի է եւ մականունավորներին քաղցր աչքով կնայի։ Նաեւ մեծ տեղ կտան ցածր ինտելեկտի տեր պաշտոնյաներին՝ «բեսեդկի» բառապաշարով: Այնպես որ, օլիգարխների համար էլ նշանակություն ունի, թե «ով ա ըլնելու» նոր վարչապետը:
«Անկախ փորձագետների հաշվարկները բերում են նրան, որ տրանսպորտի ուղեվարձը բարձրանալու է»։
Հենրիկ Նավասարդյան News.am
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ անկախ փորձագետների մասին է խոսում հանրահայտ գծատերը, ով համատեղության կարգով նաեւ Երեւանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչության պետ է աշխատում։ Ումի՞ց են անկախ այդ փորձագետ կոչվածները, ժողովրդի՞ց։ Եվ սա այն դեպքում, երբ բազմաթիվ հ/կ-ների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մայրաքաղաքում տրանսպորտը կարելի է շահագործել եւ եկամուտ ստանալ նույնիսկ 80 դրամով։ Էլ ի՞նչ բարձրացում, եթե խոսքը գերշահույթների մասին չէ։ Կամ ի՞նչ կապ ունեն բարձրացման հետ սպասարկման որակը, չսափրված, փնթի, ծխող ու հայհոյող վարորդները։
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ