«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այսօր ԱԺ նիստում անդրադառնալով «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծին, նշեց. «Չեմ կարծում, որ պետք է ասել` այս համակարգն ավելի լավն է, քան մյուսը: Պետք չէ կատեգորիկ ձևակերպումներ անել: Բոլոր տեսակի փոփոխությունները, որոնք այլ երկրների փորձի հիման վրա են, պետք է տեղայնացնել, տեսնել` մեր երկրին որն է հարմար: Ստեղծված իրավիճակից պետք է հասկանալ, թե որն է ավելի ընդունելի: Մեր ընտրական մշակույթի առումով` համամասնական ընտրակարգին անցումը ավելի նախընտրելի է»:
Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նշեց, որ ինքը որոշ երևույթների մեջ բազմաթիվ անճշտություններ է տեսնում. «Ինչպե՞ս է լինում, որ Հայաստանի ընտրողների քանակն իրականում գնալով պակասում է, բայց ընտրություններից հետո պարզ է դառնում, որ ընտրողների քանակը մեծացել է: Արտագաղթողների քանակը ինչքան շատանում է, այնքան շատանում է նաև ընտրողների քանակը: Էդ ո՞նց է այդպես լինում: Երեսպաշտությունն էլ չի ընկալվում»,- նշեց պատգամավորը:
Վերջինիս դիտարկմամբ` մեր թերությունները միայն ընտրական համակարգով չեն պայմանավորված: «Պետության բոլոր խնդիրները միայն այս փոփոխություններով չեն պայմանավորված, սակայն այս փոփոխությունները կարող են բազմաթիվ հարցերի այլ լուծումներ տալ»,- եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: