2008թ. ապրիլի 9-ին սկսվեց Սերժ Սարգսյանի՝ մինչ օրս շարունակվող պաշտոնավարումը: Նրա երդմնակալության արարողությունը գտնվում էր ոչ միայն ներհայաստանյան, այլեւ միջազգային շրջանակների ուշադրության կենտրոնում: Այս կապակցությամբ ներկայացնենք «Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: ԱՄՆ Պետդեպին ուղարկած իր զեկուցագրում վերջինս ներկայացնում է 2008թ. ապրիլի 9-ի իրադարձությունները՝ ուշադրություն դարձնելով հատկապես Սերժ Սարգսյանի ելույթին եւ դրանում առկա մեսիջներին: Հատկանշական է, որ օտարերկրացու վրա բավականին մեծ ազդեցություն էր թողել Ազատության հրապարակը զինվորներով լցնելու իշխանությունների քայլը:
Փենինգտոնի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի՝ երդմնակալության կապակցությամբ հնչեցրած ելույթը լի էր նախագահական քարոզարշավի ու իր հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ծածուկ ակնարկներով: «Նրա ելույթի տոնը ընդհանրականորեն խաղաղարարական էր: Անդրադառնալով նախագահական ընտրարշավին՝ Սարգսյանն այն որակեց նշանակալից, բայց վնասներով լի, շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արժանապատվությամբ ճանաչեցին իրենց պարտությունը եւ ընդունեցին իր՝ համագործակցության մեկնած ձեռքը»: Դիվանագետը ուշադրություն է դարձնում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որում նա ասում է. «Մենք չենք կարող բաժանարար գծեր քաշել մեր ազգի միջեւ, ոչ էլ արհամարհել մեկս մյուսի մտահոգություններն ու ցավերը: Եթե մեր միջեւ չհասկացվածության պատ կար, ես կոչ եմ անում ձեզ միանալ մեզ՝ դա քանդելու համար: Մենք պիտի ստեղծենք Հայաստան, որտեղ պիտի գերիշխեն փոխադարձ հարգանքը, սերը եւ հանդուրժողականությունը»: Ամերիկացի դիվանագետի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ իր ուժերն ամողջովին ներդնելու է, որպեսզի հայ հասարակությունում ձեւավորվի փոխադարձ վստահության մթնոլորտ, եւ հաղթահարվեն բեւեռացվածությունն ու առճակատումը: Հավելենք, որ 6 տարի անց Սերժ Սարգսյանի խոստումներից գրեթե ոչ մեկը չի իրականացել: Ավելին՝ իշխանությունների գործողությունների արդյունքում ոչ միայն խորացավ սոցիալական անարդարությունը, այլեւ շարունակեց աճել անվստահությունը պետության նկատմամբ, մեծացավ իշխանության արհամարհանքը քաղաքացու հանդեպ, ընտրությունները կրկին կեղծվեցին, իսկ արտագաղթն ավելի սաստկացավ: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն այսօրինակ խոսքեր հնչեցրեց նաեւ իր երկրորդ երդմնակալության ժամանակ, բայց մինչ օրս չի կարողանում խոսքից գործի անցնել:
Փաստաթղթում դիվանագետը հավելում է, որ «Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ ազատության հիմնախնդրից, ինչը, սակայն, այնքան էլ հուսադրող չէր»: Փենինգտոնի ուշադրությունն է գրավել Սարգսյանի ելույթի հետեւյալ հատվածը. «Անվերահսկելի ազատությունը կարող է կոնֆլիկտ առաջացնել հասարակական շահերի եւ այլոց իրավունքների հանդեպ, ինչը կանխելու համար պետությունը պետք է հանդես գա որոշ հիմնարար իրավունքների սահմանափակմամբ, որոնք չեն կարող լինել բացարձակ»:
Ամերիկացի դիտորդի համար երդմնակալության օրը նշանակալից է դարձել նաեւ այն հանգամանքով, որ «նոր նախագահի ու իբր նրան ընտրած քաղաքացիների միջեւ որեւէ շփում չեղավ: Ոստիկանության կողմից իրականացված խիստ միջոցառումները՝ մաքրել քաղաքի կենտրոնը սովորական քաղաքացիներից, փաստեցին, որ ոչ մի հայի, բացի արարողությանը մասնակցած պատվիրակներից, չթույլատրվեց անգամ հպանցիկ հայացք գցել իր նոր նախագահի վրա: Ոչ մի ժպիտ, ոչ մի ձեռքսեղմում, ոչ մի հասարակական ողջույն: Այսօրինակ վիճակը կարող է մասամբ բացատրվել մշակութային առանձնահատկությամբ: Մեզ տեղեկացրին, որ փակ արարողությունը սպասելի էր եւ բարձր պաշտոնյաների համար բավականին բնութագրական: Մի կողմ թողնելով մշակութային տարբերությունները՝ մենք չենք կարող չնկատել, որ Սերժ Սարգսյանի համար սա իրականում դարձավ կորսված հնարավորություն: Երդմնակալության արարողության ամեն պարագան՝ Սերժ Սարգսյանի ֆիզիկական մեկուսացվածությունը, նրա քարացած ու չժպտացող կեցվածքը եւ որոշումը՝ զինվորական ուժերն օգտագործել այս արարողության մեջ, միայն ու միայն խորացնում են նրա սառը ընկալումը հասարակության մեջ»: Փենինգտոնի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հայ հանրության մոտ ընկալվում է որպես ժողովրդից հեռու եւ թույլ՝ գլխավորապես հենված անվտանգության մարմինների վրա:
Փենինգտոնը փաստաթղթի ավարտին նկատում է, որ Սերժ Սարգսյանն ազատության արժեքին վերաբերվում է ոչ թե որպես իդեալի, այլ որպես սպառնալիքի, որից պետք է զգուշանալ: Այս ընկալումը դիվանագետը բացասական է գնահատում, քանզի նրա համոզմամբ՝ այն հազիվ թե օգնի քաղաքական խաղաղության հաստատման ու Մարտի 1-ի վերքերը բուժելու գործում: «Աննախադեպ քայլը՝ զինվորներին Ազատության հրապարակ բերելը, կարող է, հավանաբար, դիտվել որպես ուղղակի ռեւանշ ու զգուշացում Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա աջակիցներին ու նաեւ հատկապես այն մարդկանց, ովքեր այս հրապարակը դիտարկում են որպես հակասովետականության ու Ղարաբաղյան շարժման խորհրդանիշ: Հայերը կարճ հիշողություն չունեն. զինվորների քայլքը հրապարակով եւ հանդուրժողականության մասին խոսքերն ուղիղ հակասության մեջ են միմյանց հետ եւ հազիվ թե հեշտությամբ մոռացվեն»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՂՎՈՐԻԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ
ՀՀ Շիրակի մարզի Աղվորիկ համայնքի դպրոցը նախորդ տարի առաջին դասարանի աշակերտ չի ունեցել, իսկ այս տարի ընդամենը երկուսն է լինելու: Համայնքի ղեկավար Նար Ղարիբջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ աշակերտների թվի նվազման պատճառը երիտասարդների քիչ լինելն է ու նրանց չամուսնանալը:
-Քանի՞ բնակիչ է ապրում Աղվորիկում:
-Հեչ, փաստացի ապրողների թիվը 142 է կազմում, որից 60-ը հեռացել է գյուղից:
-Ո՞ւր են գնում:
-Ռուսաստան: Նրանց գնալուց հետո գյուղում մնացել է ընդամենը 20 ընտանիք:
-Իսկ գյուղի դպրոցը քանի՞ աշակերտ ունի:
-Հինգն են: Երկու դասարան է՝ չորրոդ եւ երրորդ: Անցյալ տարի առաջին դասարանի աշակերտ չենք ունեցել, իսկ այս տարի երկուսն են լինելու:
-Ինչո՞ւ է աշակերտների թիվն այդքան քիչ:
-Երիտասարդները չեն ամուսնանում: Կարելի է ասել՝ երիտասարդ էլ չունենք գյուղում: Միայն ծեր ընտանիքներ են ապրում:
-Իսկ դպրոցը քանի՞ աշխատող ունի:
-Չորսն են՝ տնօրենը, պահակը, հավաքարարը եւ մի մանկավարժ: Գյուղում մի կուլտուրայի տուն ունենք, որտեղ ե՛ւ աշակերտներն են դաս անում, ե՛ւ համայնքապետարանի աշխատողներն են աշխատում։ Ամեն ինչ է մեզ համար: Այս տարի էլ Շիրակի մարզպետարանը 10 մլն դրամ է հատկացնելու, որ շենքի տանիքը վերանորոգենք:
-Վարչապետի փոփոխության մասին ի՞նչ կասեք:
-Տո ի՞նչ գիտեմ, փոքր մարդ ենք, մենք ինչ կարող ենք ասել: Ինչ կարծիք հայտնեմ: Ոչ մի բան չիդեմ, ոչ էլ ուզում եմ գործ ունենամ իրենց հետ:
-Ինչպիսի՞ն էին նրա պաշտոնավարման տարիները գյուղի համար: Ձեռքբերումներ ունեցա՞ք:
-Ընդհանրապես բան էլ չի եղել: Մեր գյուղն այնքան հեռացած ու կտրված է, որ բնակիչները ոչ մի բանի ոչ ականատես են լինում, ոչ էլ մասնակից: Իրենք են ու իրենց անասնապահությունը:
-Ինչի՞ց են շատ մտահոգվում ու դժգոհում:
-Նրանք ավելի շատ դժգոհում են ոչ սարքին ճանապարհներից: Հետո՝ վարկերի բարձր տոկոսադրույքներից:
-Բնակչության քանի՞ տոկոսն է վարկերից օգտվում:
-Համարյա 90 տոկոսը: Տարբեր բանկերից են վերցնում: Մի բանկից վերցնում են՝ էն մյուսի պարտքն են մարում, ու այսպես շարունակ:
-Ի վերջո, դրանք ի՞նչ միջոցներով են մարդիկ մարում:
-Կաթ են վաճառում կամ միս: Եթե չեն հասցնում, ապա մեկը մյուսից պարտք է վերցնում: Մի կերպ փակվում են, էլի:
-Պարոն Ղարիբջանյան, գյուղացիները ցանքսով չե՞ն զբաղվում:
-Այս տարածքում համապատասխան տեխնիկա չկա: Բացի այդ, մարդկանց աչքերը վախեցած են ինչ-որ բան ցանելու համար, որովհետեւ երբ կարկուտ է լինում, ապա պետությունը փոխհատուցում չի անում: Իսկ այստեղ եղանակներն այդքան էլ բարենպաստ չեն: Դրա համար էլ մարդիկ հիասթափվել են ու հողագործությամբ չեն զբաղվում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԹԱԼԱՆ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ
Իջեւանի կենտրոնում գտնվող 9 հարկանի հյուրանոցը խորհրդային տարիներին համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Այժմ այն դարձել է թալանի եւ ավերվածության խորհրդանիշ: Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի անվան տառերի մեծ մասն ընկել է: Վերջին շրջանում հյուրանոցից տարվել է այն ամենը, ինչ հնարավոր է: Հանվել են հյուրանոցի ալյումինե պատուհանները, քանդվել-հանվել են աստիճանների եւ պատերի մարմարե սալիկները եւ այլն: Հյուրանոցում նախկինում բնակվում էին Իջեւանի սահմանամերձ Բերքաբեր գյուղից սերված, ադրբեջանական ոտնձգություների հետեւանքով տնազուրկ դարձած մի ընտանիք, ինչպես նաեւ Ադրբեջանից փախստականների մի քանի ընտանիքներ: Նրանց բոլորին մի քանի տարի առաջ տարհանեցին սեփականաշնորհված հյուրանոցից: Ապրիլի 8-ին եղանք հյուրանոցի տարածքում, եւ այն, ինչ տեսանք, ուղղակի ցնցող էր: Հյուրանոցը հիշեցնում էր 1945թ. մայիսի Բեռլինը: Հյուրանոցի առաջ հսկայական աղբակույտ է: Շենքի առաջին հարկում ամենուրեք աղտոտություն է, այն հիշեցնում է բաց զուգարան: Փորձեցինք բարձրանալ վերեւ, սակայն 2-րդ հարկի մուտքի դռան վրա կողպեք է դրված: Շենքի կողքին գտնվող, հյուրանոցի հետ միասին սեփականաշնորհված երկհարկանի կլոր շինության մեջ գործում են վարսավիրանոց եւ էլեկտրական սարքավորումների նորոգման կետ: Զրուցեցինք 1977 թվականից մինչ օրս այդ տարածքում վարսավիրությամբ զբաղվող Ալբերտ(Նարիման) Փարսադանյանի հետ: Նա մեծ ցավով նշեց, որ երբեմնի գեղեցկափայլ հյուրանոցը թալանվել է:
«Ալյումինե շրջանակները պոկել են, կիլոգրամը 400 դրամով, որպես մետաղե ջարդոն, հանձնել: Հյուրանոցի պատերի մոզաիկա սալիկները պոկել, տարել են: Ես այս թալանի մասին երկու անգամ հանրապետության նախագահին նամակ եմ գրել, սակայն` անօգուտ»:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մտահոգ է 2000 թ. սեփականաշնորհված հյուրանոցի վիճակով: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չգիտի, թե ովքեր են հյուրանոցը սեփականաշնորհած «Իջեւանատուն» ՓԲԸ-ի տերերը: Այդ ընկերությունը հեռակա կարգով կատարում է գույքահարկի իր պարտավորությունները: Նշենք, որ «Իջեւանատուն» ՓԲԸ տնօրեն Գաբրիել Ջաֆալյանի ստորագրությամբ 3 անգամ նամակ է ուղարկվել Հայաստանի էլցանցերի Տավուշի մասնաճյուղի ղեկավարությանը` հյուրանոցին կից կլոր շինությունում բնակվող թոշակառու ոստիկան Արմեն Թունինյանի եւ այնտեղ վարսավիրությամբ զբաղվող Ալբերտ Փարսադանյանի զբաղեցրած տարածքի էլեկտրասնուցումը դադարեցնելու պահանջով: Ա. Թունինյանն արդեն ազատել է այդ տարածքը: Կարելի է մտածել, որ այդ ընկերությանը հյուրանոցի թալանի վկաներ պետք չեն:
Հետաքրքիր է՝ իրավապահներն արդյոք ստուգել են «Իջեւանատուն» ընկերության կողմից հյուրանոցի սեփականաշնորհման պայմանագիրը, եւ արդյոք կառավարությունը հյուրանոցի վաճառքը թույլատրելով` չի՞ սահմանել այնտեղ ներդրումների կատարման, օբյեկտի նպատակային նշանակությունը պահպանելու պարտավորություններ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ