ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԸ ՀՈՒՅՍՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե ինչպիսին էին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ձկնարտադրության ոլորտի համար, հայտնի է բոլորիս: Իսկ թե ինչ կլինի այժմ՝ նրա հրաժարականից հետո, անհայտ է: «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս վեց-յոթ տարիների ընթացքում ձկնաբուծարանների ավելի քան 30 տոկոսը փակվեց: Նրա պնդմամբ՝ պատճառը Արարատյան ջրավազանի ընդերքային պաշարների անարդյունավետ օգտագործումն էր:

Առաջիկայում ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի 1/3-ով: Բանն այն է, որ Արարատյան ավազանի ջրային պաշարների անարդյունավետ օգտագործման հետեւանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաեւ խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Չնայած 2007-ից սկսած այս խնդիրն առկա է, ՀՀ կառավարությունը նոր է սկսել միջոցներ ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ:
Նշենք, որ վերջերս կառավարությունը փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է վերահսկողությունը, ինչն էլ ոլորտի պատասխանատուների համոզմամբ, կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը եւ կիրառմանը: Փաստաթղթով արգելվել է Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն:
Իսկ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչեւ 1/3-ի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաեւ ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ:
Այդ պատճառով բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» եւ եւս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը՝ մասնավորապես կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ: Օրենքների նախագծերը սահմանված կարգով առաջիկայում ներկայացվելու են ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման համաձայն՝ առաջիկայում պետք է ստեղծվեր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է քննարկեր եւ գնահատեր մինչեւ 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը: Նշենք, որ հանձնաժողովը պետք է գործեր մինչեւ 2014թ. օգոստոսի 1-ը:
Սակայն «Ժողովուրդ»-ը «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանից տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը դեռ չի ստեղծվել: Իսկ թե երբ այն կստեղծվի, անհայտ է:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպիսին էին Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ձկնաբույծների համար, Բունիաթյանը կարճ պատասխանեց. «Միանշանակ վատ»: Նրա խոսքով՝ ջրի հետ կապված խնդիրները մեծ վնաս հասցրեցին ձկնաբույծներին: «Հիմնական կարեւորագույն հարցը դա էր: Այս վեց-յոթ տարիների ընթացքում ձկնաբուծարանների ավելի քան 30 տոկոսը փակվել է: Հիմա փորձում ենք այդ տնտեսություններին նոր շունչ տալ, օգնել, որպեսզի սկսեն նորից աճել, զարգանալ: Իսկ պարոն նախկին վարչապետը ոչնչով չէր ուզում աջակցել»,-վրդովված ասաց Բունիաթյանը: Ապա հույս հայտնեց, որ նոր վարչապետն ավելի լավ կվերաբերվի այս հարցերին եւ ճիշտ լուծումներ կտա. «Գոնե մեր կայացած ոլորտը զարգացնի, այլ ոչ թե՝ քայքայի»:
Մեկ այլ ձկնաբույծի՝ Կարեն Բարսեղյանի խոսքով, ում ձկնաբուծարանը գտնվում է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներից մեկում, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ծայրահեղ վատ են եղել ձկնաբույծների համար: «Քանի որ 2007 թվականից սկսած մինչեւ 2014-ն ավելի մեծ թվով ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել: Դրա համար էլ Արարատյան դաշտավայրն աստիճանաբար ջրազրկվեց: Եթե կառավարության գլխին լուրջ մարդ նստի, ով կկարողանա ճիշտ կառավարել, ապա դեպի լավը կգնանք: Եթե վարչապետի մտքին լինի, ապա մեկ վայրկյանում գյուղատնտեսությունը կզարգանա»,-լրացրեց ձկնաբույծը:
Հավելենք, որ նախօրեին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հանդիպել է մի շարք ձկնաբույծների հետ եւ քննարկել ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրները: Ջրօգտագործման ծավալը մինչեւ 1/3-ի հասցնելու համար ձկնաբուծարաններում պետք է ներդրվեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգեր: Սակայն ձկնաբույծների պնդմամբ՝ այդ համակարգերը մեր հանրապետությունում կիրառելի չեն: «Հիմա կառուցողական պետք է աշխատենք: Այլ միջոցներ էլ կան ջուրը խնայողաբար օգտագործելու: Իսկ Սերգո Կարապետյանը խոստացավ, որ ամեն կերպ մեզ կաջակցի եւ մեր կողքին կլինի: Մենք էլ համբերատար սպասում ենք»,-նշեց ձկնաբույծ Կարեն Բարսեղյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՐՍԵՆԻՆ ԷԼԻ ՌՈՒՍԸ ԽԱՆԳԱՐԵՑ

Ապրիլի 1-6-ը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնություններում ազատ ոճային Գրիգոր Գրիգորյանն արժանացավ արծաթե, Գարիկ Բարսեղյանը եւ Մուսա Մուրթազալիեւը՝ բրոնզե մեդալների։ Հունահռոմեական ոճի ըմբիշներից օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ իր բոլոր հինգ մրցակիցներին հաղթելով չոր հաշվով, որը հազվադեպ է պատահում նման բարձր կարգի մրցաշարում: Իսկ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթները գնահատելու համար դիմեցինք Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։ Բայց նախ ցանկացանք իմանալ, թե նա ինչու չէր մեկնել Ֆինլանդիա։
-Պայմանավորվել էինք, որ Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ եւ կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ, եւ իմ նպատակը, երազանքը, Աստծո կամոք, աշխարհի առաջնության եւ օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճելն է։
-Ձեզ մի ժամանակ լեգենդար Բենուր Փաշայանն էր օգնում։
-Այո։ Հիմա նա այստեղ չէ, բայց նրա մասնագիտական օգնությունը, միջամտությունը, թեթեւ քաշային կարգի գաղտնիքները բացահայտելն ինձ շատ օգտակար են եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եվ ոչ միայն նրան, այլ նաեւ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին։
-Ինչպե՞ս կգնահատեք մեր տղաների ելույթները։
-Տղաների, հատկապես Արթուր Ալեքսանյանի ելույթները գերազանց էին. նա մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտվեց, բոլորին չոր հաշվով, բացարձակ առավելությամբ հաղթեց։ Արսեն Ջուլֆալակյանն էլ շատ մոտ էր ոսկե պարգեւին։
-Եվ նորից ռուս մարզիկը խանգարեց։
-Այո, էլի ռուսը։ Արսենը կարող էր երկու անգամ գլորել, բայց, ցավոք, չկատարեց այդ հնարքը։
-Ոմանց կարծիքով՝ մրցակցին պասիվության համար կարելի էր երրորդ զգուշացումը տալ։
-Իհարկե, կարող էին։ Մեր հայ ըմբիշների նկատմամբ շատ կողմնակալ են, եւ ես էլ եմ դրանից տուժել։ Մեր 59 կգ քաշային երիտասարդ Կարեն Ասլանյանը շատ խոստումնալից ըմբիշ է, էներգիայով լեցուն, լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց մրցավարները պարզապես խայտառակ ձեւով դատեցին։
-Եթե մեր ֆեդերացիան բողոքարկի, ինչ-որ բանի կհասնի՞։
-Ինձ թվում է՝ մեր բողոքը չի անցնի. նրանց թիկունքին մեծ երկրներ են կանգնած, մեծ ուժեր։ Մարզիկներս տանջվում ենք, ցանկանում հասնել մեր երազանքին, ազգի համար մեդալ բերել, որին արժանի ենք եւ կարող ենք, բայց… Մեկ գլուխ ուժեղ ես մրցակցից, սակայն չես կարողանում հաղթել. մրցավարները թույլ չեն տալիս։ Հարկավոր է դրա դեմն առնել, չի կարելի մեր երկրի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Հրազդանի Երիտասարդական թաղամասը վաղուց կղզիացած է: Այստեղի բնակիչների հոգսը համայնքի ղեկավարությանը չի հուզում, իսկ խնդիրներն այնքան շատ են: Բնակիչները պատմում են, որ 90-ականներին, երբ ստացել են տնամերձերը, կոյուղատար խողովակներ կառուցված չեն եղել՝ տնամերձ են հատկացրել առանց կոյուղու ցանցի: Կոյուղաջրերը հոսում են տնից տուն՝ տհաճություն պատճառելով բնակիչներին: Եվ ցավալին այն է, որ ստեղծված իրավիճակի զոհ է դարձել 4 տարեկան երեխան: Ինչպես երեւում է, թաղամասում ոչ միայն անցյալի կուտակված լուրջ խնդիրներ են չլուծված մնացել, այլեւ դրանց ավելացել են նորօրյա խնդիրներ: Բնակիչները նշում են, որ բազմիցս դիմել են թաղապետին ու քաղաքապետին, սակայն էլի նույն ջուրն ու ջրաղացն է: Հիմա սպառնում են՝ եթե երկու շաբաթվա ընթացքում քաղաքային իշխանությունները որեւէ քայլեր չձեռնարկեն՝ իրենք ամբողջ թաղամասի բնակիչներով դուրս կգան ու կփակեն ոչ միայն Սեւան-Երեւան մայրուղին, այլեւ՝ թաղամասի ճանապարհը եւ թույլ չեն տա, որ ավտոբուսներն աշխատեն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ԿՐՃԱՏՎԵԼ Է
Այս տարվա առաջին երկու ամսվա արդյունքներով ՌԴ-ին՝ որպես ՀՀ ամենախոշոր առեւտրային գործընկեր երկրի, բաժին է ընկել մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության համախառն ծավալի 26.2%-ը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 214,8 մլն ԱՄՆ դոլար՝ պահպանելով նախորդ տարվա գրեթե նույն մակարդակը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Հարկ է նշել, որ ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում ՀՀ-ից ՌԴ արտահանումը կազմել է մոտ 40 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով շուրջ 3%-ով, իսկ ՌԴ-ից ՀՀ ներմուծումը կազմել է 174,6 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 2%-ով: Նշենք նաեւ, որ 2013 թվականին ՌԴ-ին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում ՌԴ-ից ՀՀ ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ-ից ՌԴ արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս