Գրող, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի հրաժարականը կարող է պայմանավորված լինել, ասենք, նրա հոգնածությամբ, ինչպես նաեւ վերջին շրջանում իր դեմ ուղղված հարձակումներով։ «Դե, մարդ է, մեքենա չէ։ Կարող է նաեւ իսկապես կասկածել սեփական, ինչպես նաեւ իր շրջապատի ուժերին… Այդպիսի հազարումի բաներ կարող են լինել»։ Նա նաեւ չի բացառում, որ «իրենց մեջ մտածել են հաջորդ նախագահի թեկնածուին արդեն երեւան հանելու մասին»։ Մեր զրուցակիցը նաեւ կարծում է, որ չեն հրաժարվի Տիգրան Սարգսյանի ծառայություններից, որովհետեւ նա «պոտենցիալ ունեցող տնտեսագետ է»։
-Բայց մի՞թե առանց նախագահի փոփոխության, միայն վարչապետի հրաժարականով ինչ-որ բան հնարավոր է փոխել մեր երկրում։
-Վարչապետի փոփոխությամբ, անշուշտ, հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Հնարավոր է, որ նախագահի հայեցակետն է փոխվել վարչապետի եւ ամեն ինչի նկատմամբ, ու նրան վարչապետի փոփոխություն է պետք, որպեսզի այդ հայեցակետն իրականանա։ Դա էլ տարբերակ է։ Միգուցե վարչապետն այս վեց տարվա ընթացքում (դա քիչ ժամանակ չէ) այնքան էր սեւեռվել իր աշխատանքային համակարգի մեջ, որ նոր բան գուցե չկարողանար կամ չցանկանար անել, եւ այդ իսկ պատճառով նոր վարչապետ է պետք։ Այ, նման ամբողջ շարք վարկածներ։
-Ոմանք հրաժարականի հարցում ուզում են առանձնացնել ներքին գործոնը, այսինքն՝ որ չորս ընդդիմադիր ուժեր պատրաստվում էին եռօրյա հանրահավաք անել, պահանջել կառավարության հրաժարականը, եւ նախագահն այդ քայլով, այսպես ասած, օդ բաց թողեց, թուլացրեց լարվածությունը դա կանխելու հանար։ Դա հնարավոր համարո՞ւմ եք։
-Դա հնարավոր բան է։ Բայց եթե Տիգրան Սարգսյանն այն վարչապետը լիներ, ու հիմա էլ այն պահը լիներ, որ նա նախագահին շատ էր պետք, նախագահը չէր ընդունի նրա հրաժարականը։ Կարող է լինել երկուսը միաժամանակ. ե՛ւ ներքին գործոնը, ե՛ւ այն, որ իսկապես ինչ-որ նոր հայացքներ պետք է տեղավորվեն համակարգի մեջ, ուստի նոր մարդ է պետք։
-Նաեւ արտաքին քաղաքական գործոնն է նշվում. վարչապետն ընկալվում է ավելի շատ եվրոպամետ, եվրաինտեգրման կողմնակից՝ չնայած ամեն կերպ ցանկանում է նաեւ Մաքսային միության ջատագով երեւալ։ Գուցե Ռուսաստանի ճնշմա՞մբ է դա կատարվել, որ իրենց մարդը նշանակվի վարչապետ։
-Ռուսաստանի ճնշման առիթով խոսակցությունները շատ են, բայց Ռուսաստանը ճնշելու կարիք չունի։ Դա այն հզոր երկիրն է, որ մի լծակ դրել է եւ դրանից հետո ինքը ճնշելու համար որեւէ ջանք թափելու կարիք չունի. այստեղ իրենք պիտի անեն դա առանց իր ճնշման, անեն այնպես, ինչպես ինքը կարգը դրել է։ Եթե Մաքսային միություն ես մտնում, ուրեմն պիտի անես այնպես, ինչպես Մաքսային միությանն է համապատասխան եւ ցանկալի։ Բացի այդ, չեմ կարծում, որ վարչապետն այդքան եվրոպամետ էր՝ դատելով նրա մասնակցությունից Մաքսային միության ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ տարվող եւ այլ աշխատանքներից։ Շատ ոգեւորված, ակտիվ, վարժ ռուսերենով Մոսկվայում բանակցություններ էր վարում, հարցազրույցներ տալիս… Ի վերջո, դրանք այնպիսի նուրբ խաղեր են, որ չես իմանա, թե ինչի համար են արվում։ Գուցե դերեր են բաշխված. մեկը պիտի Եվրոպային հաճելի լինելու համար եվրոպամետ երեւա, մյուսը՝ ռուսամետ, եւ եթե այդպես է, ես նույնիսկ ողջունում եմ դա, որովհետեւ մեր երկրին ճկուն դիվանագիտությունը չի խանգարի։
-Ինչպիսի՞ փոփոխություններ եք ակնկալում նոր վարչապետի նշանակումից հետո:
-Ամեն դեպքում դա շարժում է, քայլ, որն ինչ-որ բան կփոխի, ինչ-որ թարմացում կբերի։ Չմոռանանք, որ երկար մնացող իշխանությունը միշտ էլ ճահճացում է բերում։ Ես չեմ ասում՝ հաջորդ վարչապետը կլինի ավելի լավը, քան այս վարչապետը, բայց այն, որ փոփոխություն է լինելու, դա արդեն քայլ առաջ է։ Այսինքն՝ դա արդեն փոփոխություն անելու ցանկություն է, եթե դիմում են այդ քայլին։ Պիտի սպասել. դատողությունները՝ դատողություն, բայց դժվար է իմանալ, թե քաղաքականության տակ ինչեր կան թաքնված։ Աշխարհի մեծերի կողմից մի փոքր լծակի, մի փոքր ստեղի սեղմում այստեղ կարող է փոթորիկ առաջացնել։ Իսկ այդ ամենից մենք տեղյակ չենք, չգիտենք՝ ով ինչ է սեղմել այս քանի օրվա մեջ։
«ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿ ԷԼ ԼԻՆԻ, ԿՄԵՐԺԵՄ»
Դեռեւս իր պաշտոնավարման առաջին ամիսներից՝ պարբերաբար խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ ուր որ է՝ ՀՀ մշակույթի կենսաբան նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնանկ կարվի: Սակայն նա զարմանալիորեն սահմանեց երկարակեցության ռեկորդ։
Վերջին օրերին՝ վարչապետի հրաժարականից հետո, կրկին ակտիվացել են Պողոսյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները: Ավելին՝ նշվում են նախարարի՝ հնարավոր թեկնածուների անուններ, որոնց թվում է նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Ոմանք ավելի հեռու են գնում՝ նշելով, որ երգչուհին նախարար դառնալու համար նույնիսկ ստորագրահավաք է սկսել։ Ի դեպ, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երգչուհու՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության վերաբերյալ հարցից Հասմիկ Պողոսյանը նյարդայնացել էր եւ, մասնավորապես, ասել. «Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետեւ ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը»։
Իրո՞ք Շուշան Պետրոսյանը նախարար դառնալու ցանկություն ունի։ Երբ այդ հարցն ուղղեցինք երգչուհուն, պարզվեց, որ նա այդ պահին գտնվում է ԼՂՀ-ում։ «Միթե մարդիկ չեն վիրավորվում նման ցածրորակ հրապարակումներց։ Ինքս բազմիցս հերքել եմ այդ բանը։ Երբ վերջերս ԱԺ-ում դիմեցի մշակույթի նախարարին, Օպերային թատրոնի տնօրենի ընտրության վերաբերյալ հարցը տվեցի եւ ստացա նրա պատասխանը, միանգամից հարցրեցին՝ արդյոք նախարարի՝ ինձ հետ այդ տոնով խոսելու տրամադրվածությունը կապված չէ՞ նրա հետ, որ ես ուզում եմ դառնալ նախարար։ Ես այն ժամանակ պատասխանել եւ հիմա էլ ասում եմ՝ ո՛չ ես եմ նման ցանկություն հայտնել, ո՛չ էլ ինձ է առաջարկ արվել»: Ըստ երգչուհու՝ դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնց հիման վրա ոմանք հոդված են գրում «հստակ» փաստարկներով։ «Ամոթ է վերջապես։ Ի՞նչ ստորագրահավաքի մասին է խոսքը, երբ ես Ղարաբաղում եմ, լուրջ գործով եմ զբաղված, երեկ էլ (ապրիլի 7-ին-Ռ.Թ.) արժանացել եմ Մարտակերտ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։ Եվ ես հիմա ասում եմ՝ եթե նույնիսկ նման առաջարկ լինի, միանշանակ կմերժեմ, որովհետեւ ես այդքան խելք եւ ինտելեկտ ունեմ, որպեսզի, պատրաստ չլինելով ոլորտը ղեկավարելուն, համաձայնությունս չտամ։ Կարծում եմ՝ դա նորմալ, համարձակ եւ ճիշտ քայլ է»,- շեշտեց ԱԺ պատգամավորը։ Նա այս պահին Մարտակերտում վերանորոգում է Մշակույթի տունը, ապա մեկնելու է Մարաղա: Թալիշի, Մատաղիսի դպրոցների, մշակույթի տների հետ կապված եւս ծրագրեր ունի։ «Այդ ամենի իրականացումից հետո մի հատ ուրիշ տեսլական ունեմ, որով գնում-գալիս, ապրում եմ»,-ավարտեց խոսքը Շ. Պետրոսյանը։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Երեկ Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում բացվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Աշխարհն արդեն ստեղծվել է Աստծո կողմից» խորագրով: Ցուցահանդեսում, որը կտեւի մինչեւ մայիսի 11-ը, ներկայացված են 90 աշխատանքներ՝ գեղանկար, պաստելով արված գործեր:
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Մայիսի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Palm springs» հանգստավայրի «Agua Galinete» խաղատան շքեղ սրահում առաջին անգամ կանցկացվի «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնությունը «Global Arts» ընկերությանն է: Մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Կալիֆոռնիա կմեկնեն Սիրուշոն, Արման Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սիբիլը, էրիկը, Թաթա Սիմոնյանը եւ այլք: Բացի երաժշտության ոլորտի ներկայացուցիչներից, մրցանակաբաշխությանը հրավիրված են նաեւ հայկական մեդիադաշտի եւ կինոաշխարհի սիրված դեմքերը՝ Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը, Հրաչ Մուրադյանը, Արփինե Գաբրիելյանը:
ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼԻ ՉՈՐՐՈՐԴ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ
Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» կրկնօրինակող հոլովակ՝ ուկրաինա-ռուսական կոնֆլիկտի մոտիվներով: Հանրահայտ սերիալի չորրորդ սեզոնի թրեյլերում հայտնվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի ներկա եւ նախկին վարչապետեր Արսենի Յացենյուկն ու Յուլիա Տիմոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ այլք: «Գահերի խաղ»-ն ամերիկյան հայտնի հեռուստասերիալ է, որի առաջին սեզոնի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2011 թվականի ապրիլին: Հեռուստանովելի չորրորդ սեզոնի պրեմիերան կայացել է օրերս՝ ապրիլի 6-ին, եւ ռեկորդային՝ 8.8 մլն հեռուստադիտող է ունեցել: Ի դեպ, սերիալը նաեւ հինգերորդ եւ վեցերորդ սեզոններ է ունենալու: