ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց

Երեկ «ԴԵՄ ԵՄ»-ը բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ հանդիպում: Ակցիայի ընթացքում գետնին թափված էին թռուցիկներ, որոնց վրա պատկերված էր ՀՀԿ լոգոն՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկարներով:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե մարդն իր վիճակից ելնելով չի կարողանում ներկայանալ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, ապա ինչպե՞ս է իրականացվում նրա փորձաքննությունը: Ի՞նչ կարող է նա անել:

Աելիտա Բարսեղյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում՝ ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: Հիմք (ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վիճակագրական տվյալներով՝ 2014թ. հունվարի 1-ից 8500 հաշմանդամություն ունեցող անձ ապահովվել է պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզավորումով, տրամադրվել են սայլակներ, լսողական սարքեր եւ ներդիրներ: Բժշկասոցիալական եւ հոգեկան առողջության վերականգնման ծառայություններից օգտվել է հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով շուրջ 1000 անձ:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ովքեր կարող են համարվել արտոնագրային վճար վճարողներ, եւ արդյոք այդ վճարում կատարողը համարվում է հարկային գործակալ:

Սերոբ Մխոյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխոյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, որոնց համաձայն` արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ: Համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 18-րդ կետի` արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը: Տեղեկացնում ենք նաեւ, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով, որոնց համաձայն` արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ՝ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը: Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ից եւ այն կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները:

 

 

 

ՀԱՐՑ. Համատեղ ամուսնական կյանքում ձեռք է բերվել անշարժ գույք, սակայն ամուսիններից մեկի անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում ինչ-ինչ պատճառներով չի նշվել: Ուզում եմ իմանալ, թե ինչ անել, որպեսզի գրանցման վկայականում որպես համասեփականատեր երկուսի անուններն էլ նշվի:

Լիա Նիկողոսյան (38 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում դիմողներին:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, վերջին շրջանում ամուսինների միջեւ անհամեմատ աճել են գույքային խնդիրների եւ վեճերի դեպքերը: Նման իրավիճակներից զերծ մնալու համար, պարզապես անհրաժեշտ է ժամանակին եւ տեղում ստուգել փաստաթղթերն ու գրանցման վկայականը:




Լրահոս