Երբ հանցանքը կատարում են նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, դա կոչվում է քաղաքական որոշում. հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին:

Թե ինչու դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետևյալ կերպ. «Ողորմի՛ ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»: Մասնագիտությամբ մանկական օրթոպեդ-տրավմատոլոգը հայտարարել է, որ հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու է իրական պատճառները, դեպքը և հետևանքները, պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

Եվ ահա, Էդուարդ Գրիգորյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ.

«Ինչպես խոստացել էի, պետք է խոսեմ մեզ առաջադրված մեղադրանքին հոդված առ հոդված: Սակայն ձեր ուշադրությանը կներկայացնեմ միայն երկու հոդված, որոնք սկզբունքային են, և հենց այստեղ է, որ դատաիրավական համակարգը կատարեց հիմնական օրինախախտումները:

1961թ. ընդունված քր. օրենսգրքի 61 հոդվածի վերնագիրն է` «Տեռորիստական ակտ»: Կարճ բովանդակությունը հետևյալն է. «Պետական, հասարակական գործչի սպանությունը կոչվում է տեռորիստական ակտ և պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ կամ մահապատժով»: Տեռորիզմ կամ ահաբեկչություն հանցատեսակ այդ օրենսգրքում ընդհանրապես սահմանված չէր:

2003թ. ընդունված օրենսգրքում սրան համապատասխանում է 305-րդ հոդվածը: Վերնագիրն է` «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն»:

Բովանդակությունը նույնն է, միայն մահապատժի փոխարեն՝ նախատեսվում է ցմահ ազատազրկում: Ինչպես տեսնում եք, տեռորիզմի, ահաբեկչության մասին խոսք չկա, որովհետև սա ահաբեկչություն չի, սա պետական, քաղաքական գործչի ապանություն է:

Եվ այստեղ հայտնվում է հենց այդ մյուս` 217 հոդվածը, որի վերնագիրն է «Ահաբեկչություն»: Կրկնում եմ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ այդպիսի հանցատեսակ չի եղել: Իրավաբանականի ցանկացած ուսանող ձեզ կասի, որ նոր հանցատեսակ սահմանող որևէ օրենք չի կարող կիրառվել հետին թվով: Իսկ 305 հոդվածով չէր կարելի մեզ նշանակել ցմահ ազատազրկում, որովհետև նոր պատիժ սահմանող դրույթը նույնպես չի կարելի կիրառել հետին թվով: Սա այբուբեն է:
Այս անօրինականությունն ինչ-որ կերպ բացատրելու համար դատախազներն ու դատավորները հայտարարեցին. «… Եթե գործեր հին օրենսգիրքը, մենք ձեզ մահապատիժ էինք տալու: Իսկ քանի որ նոր օրենսգրքում մահապատիժ չկա, մենք տալիս ենք ավելի մեղմ պատիժ` ցմահ: Այսինքն՝ եթե ունենայինք մահապատժի դատավճիռ, ապա կարելի էր «մեղմացնել» և տալ ցմահ (սա նույնպես չի կարելի անել, բայց ենթադրենք): Մեր դեպքում սա էլ չի աշխատում, որովհետև մենք չունենք մահապատժի դատավճիռ: Ուրեմն՝ ինչ է ստացվում. կար 10-15 տարի և մահապատիժ, մահապատիժը հանվեց, մնաց 15 տարին: 15 տարին «մեղմացրին» և տվեցին ցմահ:

Նոր ի հայտ եկած 217 հոդվածը մեզ վրա դրվեց օդից, որպեսզի «ահաբեկչություն» սարսափազդու և մոդայիկ բառը հնչի դատավճռում ու դառնա ծամոն բերաններում: Հետո սա օգտագործվեց իրենց ապօրինությունները թաքցնելու և մեզ ձայնից զրկելու համար: Մի անգամ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ազատ խոսքի զինվոր Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ լրագրողների միջև լուռ համաձայնություն կա՝ տեռորիստներին ձայն չտալ: Հայերեն թարգմանությամբ սա հնչում է այսպես. ստացվել է հրաման, և ես՝ որպես մամուլի ակումբի նախագահ, հետևում եմ, որ այն կատարվի:

Ի դեպ, այդ 217 հոդվածով մեզ տվել են առավելագույնը` 10 տարի, որը վաղուց նստել ենք: Նստել ենք, բայց չենք պրծել դրանից:

Որպեսզի ես շատ չմեկնաբանեմ, և չթվա, թե սա միայն իմ անձնական կարծիքն է, հրապարակում եմ մի հարցազրույց, որը 2009թ. ամռանը տվել է Հայաստանում քրեական իրավունքի լավագույն մասնագետներից մեկը` Ռուբեն Սահակյանը: Կարդացե՛ք:

Այս ապօրինությունը հնարավոր դարձավ, որովհետև իշխանությունը` իր բոլոր թևերով որոշեց խախտել օրենքը: Երբ մեկը հաց է գողանում, որ իր երեխային կերակրի, նրան համարում են հանցագործ և բանտ են նետում: Երբ հանցանքը կատարում են նախագահը, կառավարությունը, ԱԺ-ն, ապա սա կոչվում է քաղաքական որոշում:

16396_1560287334191410_2465149632049308875_n

Արդարության համար պետք է նշեմ, որ մի քանի իրավաբան-գիտնականներ այնուամենայնիվ իրենց անհամաձայնությունը հայտնել էին թերթերից մեկում` գրելով, որ «Նաիրի Հունանյանին օրենքով 15 տարուց ավել տալ հնարավոր չէ»: Բայց մեր երկրում ավելի էֆեկտիվ է լինել տգետ, բութ ու հարուստ: Այդ պատճառով գիտնականներին չեն լսում` համարելով նրանց ավելորդ բերան և վճարում են համաձայն այդ համոզման: Հարցի լուծումը իրենց վրա վերցրին ուրիշ իրաբաբաններ:

Տպավորություն ունեմ, որ իրավաբանի դիպլոմը ինչ-որ սոցիալական փաթեթի մեջ է մտցված և այսօր ամեն մի տգետ դուրսպրծուկ այն ստացել է:
Վերադառնալով Վ. Դալլաքյանի տխուր կերպարին պետք է զեկուցեմ ձեզ, որ սա դահլիճում 2-3 ժամ շողոքորթում էր Նաիրիին` մտածելով, որ հեղաշրջում է տեղի ունենում և ուժերի նոր դասավորության մեջ ինքն իր համար փորձում էր տեղ ապահովել: Նաիրիի սիգարետը վառելու նրա համար ջուր բերելու պարտականությունն ինքն էր ստանձնել…
Ընդհանրապես դահլիճում տիրող իրավիճակը սա էր. տխուր էինք մենք, որովհետև հենց սկզբից ամեն ինչ սխալ էր ընթացել և տխուր էր Սմբատ Այվազյանը, որովհետև սպանվել էր իր ընկերը: Մնացածի ռեակցիան, մեղմ ասած, ադեքվատ չէր ստեղծված իրավիճակին:

Եվ եթե մենք ցուցմունքներում չենք «ծախել» նրանցից ոչ մեկին, դա չի նշանակում, որ մոռացել ենք: Ձեր փոխարեն ես ինձ ավելի համեստ կպահեի: Դատավարության ընթացքում, երբ մենք պահանջեցինք դահլիճի գաղտնալսումները, որպեսզի հերքենք «տուժողներ» սուտ ցուցմունքները, դատախազները կտրուկ հրաժարվեցին ներկայացնել` պատճառաբանելով, թե դրանք «անջատված մասի» մեջ են: (Այսպես կոչված «անջատված մասին» մանրամասն կանդրադառնամ «կազմակերպիչների» գլխում):

Հետաքրքիր է, որ սպանվածների հարազատներին էլ դա չհետաքրքրեց: Այդ կոմպրոմատը ԱԱԾ-ի և դատախազության տրամադրության տակ է և բոլոր այդ գավրոշները «կալպակ» տակ են… եռակի»:




Լրահոս