Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պաշտոնապես հանձնեց 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների մանդատները: “Ժողովուրդ”-ն այդ ընթացքում զրուցեց այն պատգամավորների հետ, որոնք նոր են մուտք գործում օրենսդիր դաշտ: Փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ինչն է նրանց ստիպել գնալ ԱԺ:
ՄԻԱԿ անդամ, ՀՀ նախագահի օգնական, ԱԺ պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Ինչո՞ւ որոշեցիք թողնել նախագահականը եւ մուտք գործել խորհրդարան, հոգնե՞լ եք նախագահական նստավայրից:
-Ես բավականին վաղուց եմ աշխատում նախագահի աշխատակազմում ու ընդհանրապես նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատել եմ նաեւ նրա վարչապետ եղած ժամանակահատվածում ու որոշեցի, որ իմ գործունեությունը կարող եմ շարունակել նաեւ խորհրդարանում: Հիմա իմ կյանքում, իմ գործունեության մեջ հաջորդ քայլն է, չնայած նշեմ, որ մենք համաձայնության ենք եկել, նոր եմ ես առաջադրվել:
-Ո՞ւմ հետ եք համաձայնության եկել` Սերժ Սարգսյանի՞:
-Այն թիմի, որը ես ներկայացնում եմ՝ ՄԻԱԿ-ի, բայց ես առաջադրվել եմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, որովհետեւ մենք մշտապես սատարել ենք հանրապետության նախագահին ու հենց Հանրապետական կուսակցությանը:
-Խորհրդարանում գերիշխող դերում շարունակում են մնալ մականունավոր պատգամավորները, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նրանց հետ, ի վերջո, նրանք Ձեր աշխատանքային ընկերներն են:
-Շատ հանգիստ եմ պատկերացնում իմ աշխատանքը, ես իրավաբան եմ, օրենսդրական աշխատանքը շատ լավ պատկերացնում եմ, այնպես որ որեւէ խնդիր չեմ տեսնում: Նորմալ աշխատանք է լինելու:
-Ձեր կարիերայի առաջընթացում Ձեր եղբայր, հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ի՞նչ դերակատարում է ունեցել:
-Որեւէ գործ չի ունեցել:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ՀՀԿ-ն արդյոք այդքան վատն է, որ բացի ՕԵԿ-ից, ոչ ոք չի ցանկանում կոալիցիա կազմել:
-ՀՀԿ-ն շատ լավ է տրամադրված աշխատելու, մենք շատ լավ ենք տրամադրված, մարտական ենք եւ աշխատելու ենք:
ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Դուք՝ որպես ՀՀԿ-ի երիտասարդ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը խորհրդարանում:
-Մասնագիտությունս, իհարկե, իր դերն ունեցավ ընտրության հարցում, կարծում եմ, որ օրենսդիր մարմինն իշխանության այն մարմինների թվին է դասվում, որտեղ մասնագիտությամբ իրավաբանների կարիք կա, որոնք կարող են նպաստել որոշակի առումով պրոֆեսիոնալ խորհրդարանի ձեւավորմանը: Դա է եղել պատճառը, որ ես նման որոշում եմ կայացրել:
-Իսկ կուսակցության ընտրությունն ինչի՞ հետ էր կապված:
-Շուտով իմ գործունեության շուրջ 10 տարին կլրանա, այսինքն՝ նոր մարդ չեմ պետական համակարգում, բազմաթիվ տեղեր աշխատել եմ եւ միշտ էլ փորձել եմ, որքանով որ կարող եմ, Հանրապետական կուսակցության ծրագրերին եւ խնդիրներին իրավական տեսանկյունից աջակից լինել: Այս անգամ արդեն դե ֆակտո համակիրների դաշտից տեղափոխվեցի դե յուրե անդամության դաշտ:
-Ձեզ ինչպե՞ս եք զգում գործընկերների մի շրջանակում, որտեղ հիմնականում մականունավորներ են եւ օլիգարխներ:
-Ես չէի ցանկանա, որպեսզի նման որակումներ հնչեին, երկրորդ` դա ոչ մի կերպ չի նսեմացնում այն արժանիքները, որոնց համար ժողովուրդը նրանց վստահության քվե է տվել, իսկ մենք հարգում ենք ժողովրդի ձայնը:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
-Պարո՛ն Հովսեփյան, ի վերջո, ինչքա՞ն գումար ծախսեցիք ԱԺ մանդատ ստանալու համար:
-Չեմ հաշվել, էդ հաշվի համարը կա, կարանք ճշտենք, ասենք, բայց դեռ չեմ ճշտել:
-Չե՞ք հիշում, մե՞ծ գումար էր:
-Դե էդ մուծումներն էր, էլի:
-Իսկ արժե՞ր այդքան ծախս անել այդ մանդատի համար:
-Իսկ Ձեր կարծիքով չարժե՞ր, իմ համար՝ արժեր:
-Այդքան մեծ գումար եք ծախսել, բայց ամսական ընդամենը 250 հազար դրամ աշխատավարձ եք ստանալու:
-Իսկ դրանից ավել որտե՞ղ են մեծ աշխատավարձ տալիս: Ես աշխատավարձի համար չեմ արել: Նման հարցեր մի՛ տվեք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ