Էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ քննարկել այլ հանձնաժողովի որոշման համապատասխանությունը. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում պետք է քննարկվեր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ընդդեմ Արտակ Զաքարյանի հայցադիմումը:

Էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստում որոշվել է վարույթ չընդունել Զարուհի Փոստանջյանի դիմումը: Այս մասին նիստի ավարտին Armlur.am-ի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց վարույթ չընդունելու պատճառները:

«Մերժման հիմքը կանոնակարգ օրենքով սահմանված է: Էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ որոշել Ազգային ժողովի որևէ հանձնաժողովի որոշման համապատասխանությունը կանոնակարգին կամ օրենքին: Այս խնդրի կապակցությամբ ակնհայտ էր, որ առաջանալու է համապատասխանության խնդիր: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, այնտեղ մեկ հոգի որոշում չի կայացրել: Եվ կոլեգիալ մարմնի որոշման համապատասխանությունը էթիկային քննարկելու իրավասություն ևս չունի», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԼՂՀ-ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը և նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել է հարցի քննարկմանը: Իսկ այդ օրը նիստում քննարկվել է հենց Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը։




Լրահոս