Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչ Ռ. Մ.-ն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման անչափահաս դստերը՝ Շուշանիկին, անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով. այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, և որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
Իսկ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 29-ին: Այսպես՝ Ռ. Մ.-ն, խախտելով «անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը, ինքնակամ տեղադրել է արագահոս ջրատաքացուցիչ, որի շահագործման հետևանքով կարբօքսիհեմոգլոբին սուր թունավորումից անզգուշությամբ առաջացրել է դստեր մահը:
Թե դատաքննության, թե նախաքննության ընթացքում հայրն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը. խնդրել է արագացված կարգով դատական քննություն: