ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարելիք այցին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը խոշոր դիվերսիոն գործողություն իրականացրեց, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ունեցանք 3 զոհ եւ 6 վիրավոր: Բնականաբար, ժամկետը հատուկ էր ընտրված եւ իր մեջ որոշակի մեսիջ էր պարունակում` ուղղված թերեւս առաջին հերթին ամերիկյան կողմին: Ընդ որում, չի բացառվում, որ դիվերսիան հենց Քլինթոնի` տարածաշրջանային այցի ընթացքում իրագործելով՝ Բաքուն նպատակ ունի փորձարկել ամերիկյան կողմի արձագանքն ու հակազդեցության դրսեւորումները: Իսկ այդպիսիք, ինչպես տեսանք, սովորականի նման` չափազանց մեղմ էին, եթե չասենք` բացակայում էին: Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում տիկին Քլինթոնը բավարարվեց ընդամենը հերթական ոչինչ չասող հայտարարությամբ, որով դատապարտեց «ցավալի» միջադեպն ու «կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ուժի կիրառումից»: Նախ՝ ի՞նչ ասել է` ցավալի միջադեպ, ի՞նչ է` բնական աղե՞տ է տեղի ունեցել, թե՞ վթար: Տեղի է ունեցել հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում, որը միջազգային իրավաքաղաքական հստակ բնորոշում ունի՝ եւ այն «ցավալի» կոչելը պարզապես ծիծաղելի է: Էլ չասած, որ Քլինթոնը հերթական անգամ կոչ է անում «կողմերին» այն դեպքում, երբ գոնե այս դեպքում այդ կոչի միակ հասցեատերը Ադրբեջանն է: ԱՄՆ պետքարտուղարի «դիվանագիտություն խաղալն» այս դեպքում պարզապես զավեշտի է վերածվում. փաստորեն, քիչ է թե` խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը՝ ադրբեջանական կողմը հարձակվել է մեզ վրա, դեռ մի բան էլ տիկին Քլինթոնը մեզ է կոչ անում ուժ չկիրառել: Իհարկե` նաեւ հավելելով, որ նույն կոչով հանդես է գալու նաեւ Բաքվում: Ինչպիսի մեծահոգությո՜ւն:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` անվերջ օգտագործելով այդ չարչրկված «երկու կողմերը» եզրույթը: Նույն իրավիճակն էր նաեւ անցյալ տարի մարտին, երբ տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը կրկին «կողմերին» կոչ արեց դիպուկահարներին հեռացնել շփման գծից` այն դեպքում, երբ դրանից ոչ շատ առաջ եւ Սոչիում ընդունված հայտարարությունից ոչ շատ հետո ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից զոհվել էր հերթական հայ զինվորը: Ու նաեւ այն դեպքում, երբ հայկական կողմը մշտապես իր պատրաստակամությունն էր հայտնել դիպուկահարներին շփման գծից դուրս հանելու հարցում: Սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ երեկ, հայրենի իշխանություններն այդպես էլ որեւէ կերպ չհասկացրին «խիստ օբյեկտիվ» օտարերկրյա պաշտոնյաներին, որ չի կարելի հավասարության նշան դնել այնտեղ: Բնականաբար, նման խիզախություն ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ երեկ իրեն չէր կարող թույլ տալ Էդվարդ Նալբանդյանը: Առավելագույնը, որ նա եւ հայրենի «ռազմահայրենասեր» իշխանությունները կանեն, Քլինթոնի հեռանալուց հետո պոստֆակտում հաթաթաներ հնչեցնելն է:
ԲԵՐԱՆՆԵՐԸ ՋՈՒՐ ԱՌԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ