«Քաղաքական ակտիվության համար անհրաժեշտ է պարարտ հող, միջավայր, որը կնպաստի, որ ակտիվությունը տա արդյունքներ: Սակայն տեսանելի ապագայում դժվար է պատկերացնել քայլերի մի շարք, որը կարող է առաջացնել այնպիսի մի իրողություն, որը դրական կլինի մեր քաղաքական հողի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը:
Վերջինս, անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը, նկատեց. «Մեր իշխանությունները մշտապես դեմ են եղել դրան, և դա հասկանալի է, որովհետև իշխանությունը վերարտադրելու համար ունենալ մաժորիտար ընտրատարածքներ և պատգամավորներ՝ շատ ընդունելի է իշխանության համար: Նրանք ամեն կերպ կվիժեցնեն անցումը ամբողջական համամասնական համակարգին»,-եզրակացրեց Զուրաբյանը:
«Ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերը ինչ-որ չափով ընդունել են այս խաղի կանոնները, և իրողությունը սա է, որ պասիվացրել են իրենց գործողությունները», -հավելեց ՀՀՇ առաջնորդը: Նա անդրադարձավ նաև Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցին` դա որակելով որպես մեր ինքնիշխանությունը խարխլող ամենաակնհայտ արարքը: