ՆԵՂԱՆԱԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցությունը արտահերթ համագումար էր հրավիրել, որին չէր մասնակցում «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար կազմը: «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենց արտահերթ համագումարում ոչ մի քաղաքական ուժի հատուկ հրավեր չեն ուղարկել, այդ թվում նաեւ` ԱԺ ընտրություններից առաջ իրենց ցուցակում ընդգրկված ԱԴԿ անդամներին: Համագումարին ներկա են եղել ԱԴԿ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանը, Արթուր Ավթանդիլյանը, Մասիս Այվազյանը, Արմեն Առաքելյանը եւ երիտասարդ կուսակցականներ: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԴԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ՝ պարզելու, թե որն է եղել համագումարին ներկա չգտնվելու պատճառը:
-Պարո՛ն Արզումանյան, ԱԴԿ ղեկավար կազմը շաբաթ օրը չմասնակցեց «Ժառանգության» արտահերթ համագումարին: Ի՞նչն էր պատճառը:
-«Ժառանգության» արտահերթ համագումարին մեր կուսակցությունից մասնակցել է 14-հոգանոց պատվիրակություն, այդ թվում՝ վարչության 4 անդամներ, ո՞նց չենք մասնակցել:
-Նշեցի, որ կուսակցության ղեկավար կազմից ներկա չեն եղել:
-Մեր կուսակցության ղեկավարությունը մեր վարչությունն է, որից 4 ներկայացուցիչ գործադիր քարտուղարի գլխավորությամբ մասնակցել է համագումարին:
-Տարածված տեղեկությունների համաձայն՝ համագումարին ներկա չլինելու պատճառներից մեկն այն է, որ լարված են ԱԴԿ ղեկավարության եւ «Ժառանգության» փոխհարաբերությունները:
-Այդ լուրերը դուք ստեղծում եք, դուք տարածում եք եւ դուք էլ հերքում եք, դա կոչվում է մուտուլովկա՝ հայերեն:
-Այդ դեպքում ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները, Դո՛ւք ասեք իրականությունը՝ այդպիսով արգելելով լրագրողներին «լուր ստեղծել»:
-Ես Ձեզ նկատի չունեմ, դրանք տարածողներն ամբողջ լրատվամիջոցներն են: Ուղղակի ես մի բան կարող եմ ասել, որ Ձեր ասածը փաստ չէ, ընդամենը թյուրիմացություն է, նման բան գոյություն չունի: Կուսակցությունն առանձին անում է իր համագումարը, որեւէ մեկին չի հրավիրում: Մենք, լինելով սերտ համագործակցության մեջ, ուղարկել ենք 14-հոգանոց պատվիրակություն 150 հոգու մեջ: Դրանից ավել ի՞նչ ներկայություն պետք է լիներ, եթե դա իրենց համագումարն էր:
-Պարո՛ն Արզումանյան, Ձեր գործընկեր, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս չի կողմնորոշվել՝ գնա՞ խորհրդարան, թե՞ մանդատը վայր դնի, Ձեզ խաբված չե՞ք զգում:
-Նախ դրա մասին Րաֆֆի Հովհաննիսյանի՛ն հարցրեք, դա իր անձնական որոշումն է, ինչո՞ւ եք ինձ հարցնում: Մեր ֆրակցիայում յուրաքանչյուրը վառ անհատականություն է, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքները իր անձնական անելիքները: Ձեր ասածները տեղեկություն չեն, ընդամենը բամբասանքներ են:
-«Ազատ դեմոկրատներ»-ի պահվածքից երեւում է, որ նեղացած է իր գործընկերոջից՝ «Ժառանգություն» կուսակցությունից:
-Ես 16 տարեկան կույս չեմ, որ մեկնումեկից նեղանամ, նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: Ես ոչ մեկից չեմ նեղանում, ինքնաբավ քաղաքական գործիչ եմ՝ ամբողջ կյանքս քաղաքականության մեջ անցկացրած: Եթե ասելիք ունեմ, հրապարակային ասում եմ, բամբասանքների հետեւից չեմ ընկնում:
-Բայց ակնհայտ երեւում է, որ ԱԴԿ-ն ու «Ժառանգություն»-ը միասնական չեն աշխատում, ամեն մեկն իր տեսակետն է ասում, որը հաճախ հակասական է լինում:
-Դո՞ւք եք լուսաբանելու Ազգային Ժողովի աշխատանքները:
-Այո՛:
-Ուրեմն Ազգային Ժողովում ներկա կլինեք ու կտեսնեք մեր աշխատանքները: Երբ սկսվի, այդ ժամանակ Դուք տեսակետ կունենաք, եւ այդ ժամանակ Ձեր իրավունքն է գնահատական տալու մեր աշխատանքին:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ժառանգության» համագումարի ժամանակ պետք է որոշվեր՝ արդյոք ԺԿ պատգամավորները վերցնում են իրենց մանդատները, թե ոմանք ինքնաբացարկ են հայտնելու: Մասնավորապես խոսվում էր, որ ինքնաբացարկ է ներկայացնելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Եւ ահա «Ժառանգություն»-ը համագումարում որոշել է այդ հարցը լուծել հետո՝ կուսակցության վարչության նիստում: Այդ նիստն էլ, պարզվեց, տեղի կունենա ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանից առաջ: Սակայն սա դեռ ամենը չէ. «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը հայտարարել են, թե իրենց կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում պետք է ունենա իր թեկնածուն՝ մատնանշելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ Հովհաննիսյանն էլ հայտարարել է, թե առաջադրումն իր սրտով չէ, եւ ինքը չի ցանկանում գնալ այդ քայլին:
Ի դեպ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է իր ղեկավար կազմը. խմբակցությունը կղեկավարի Ռուբիկ Հակոբյանը, իսկ քարտուղարը կլինի Զարուհի Փոստանջյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս