ՕՁԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ
Հունիսի 3-ին Կոտայքի մարզի Արգել գյուղում ստացած ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը քաղաքացի Ասատուրյանի ամառանոցի հյուրասենյակից հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձ: Նույն օրը փրկարարների կողմից մոտ 150 սմ երկարությամբ շահմար տեսակի օձ է վնասազերծվել նաեւ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 21 տանը: Եւս մեկ դեպք է գրանցվել Արագածոտնի մարզում` Աշտարակի Աշտարակեցու 19 տան բակում, որտեղից վնասազերծվել է մոտ 120 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ:
ՖԻԿՑԻԱ Է
«Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ՀՀԿ-ից վարչապետ նշանակեր, այլ նշանակեր տեխնիկական կառավարություն, քանի որ Հայաստանի փրկությունը դրա մեջ է: Ընդհանրապես, կոալիցիան հիմա, առավել եւս առանց ԲՀԿ-ի, արդեն ֆիկցիա է: Սերժ Սարգսյանը ռեսուրսների լուրջ պակաս ունի: Կարծում եմ` ծրագրավորման մեջ լուրջ ֆորսմաժորային իրավիճակներ են լինելու»,-mardik.am-ին ասել է ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը:
ՄԵՐԺԵԼ Է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մերժել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի թղթակից Ադրինե Թորոսյանի: Համայնքապետը թղթակցին մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորելու մեջ:
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն 2 միլիոն դրամի տուգանք է վճարել պետությանը՝ Երեւանի վարչական տարածքից դուրս Երեւանի աշխարհագրական կոդով հեռախոսահամարներ տրամադրելու համար: Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «ԱրմենՏել»-ին տրամադրած արտոնագրով ընկերությունն իրավասու չէ Երեւանի համար նախատեսված կոդերն օգտագործել մայրաքաղաքի վարչական տարածքից դուրս հեռախոսային ծառայություններ մատուցելու նպատակով:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԲԱՐԵԿԱՄԻՆ
Մայիսի 30-ին՝ ժ. 15:30-ի սահմաններում, Վանաձորում կենցաղային եւ ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վ. Մարտիրոսյանը դանակի 6 հարված է հասցրել 25-ամյա Սեւակ Բադալյանին, որը նույն օրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Մայիսի 30-ին Վ. Մարտիրոսյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին եւ հանձնել հանցագործության գործիք դանակը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Դանակահարված Ս. Բադալյանը ծառայում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Լոռու կայազորի Վանաձորի բաժնի օպերատիվ բաժանմունքում եւ կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ նրա հայրը՝ Վազգեն Բադալյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ է, կոչումով գնդապետ: Նա երկար տարիներ եղել է Վիկ Դարչինյանի մարզիչը: Ի դեպ, դանակահարությունն իրականացնողի եւ վիրավորվածի միջեւ բարեկամական կապ կա: